Դվորժակը չափազանց էմոցիոնալ ստեղծագործություն է, որը բարձր է գնահատվում հայ լսարանի կողմից. Դանիել Մյուլլեր Շոթ
Դվորժակը չափազանց էմոցիոնալ ստեղծագործություն է, որը բարձր է գնահատվում հայ լսարանի կողմից.
Դանիել Մյուլլեր Շոթ
Հունվարի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայֆիլհարմոնիայի հետ համատեղ կայացավ Դվորժակի 180-ամյակին նվիրված համերգը, որի պատվավոր հյուրն ու կատարողներից էր՝ գերմանացի թավջութակահար Դանիել Մյուլլեր Շոթը: 12 տարվա ընդմիջումից հետո երաժիշտը հայաստանյան հանդիստեսին ներկայացավ իր թավջութակի նուրբ ու յուրօրինակ երկացանկով: Հայ ունկնդրի հետ հանդիպումը Շոթի համար կարևոր իրադարձություն էր, քանի որ երկարամյա ընդմիջման ու համերգային ծանրաբեռնվածության ընթացքում միշտ փորձել է ժամանակ տրամադրել նաև մեզ:
Երաժշտի խոսքով՝ Դվորժակը չափազանց էմոցիոնալ ստեղծագործություն է, որը բարձր է գնահատվում հայ լսարանի կողմից, այն հոգևոր կապ է ստեղծում նաև կատարողների միջև: Սա նրա առաջին համերգն էր հայ ֆիլհարմոնիայի հետ, որը, միանշանակ, հաջողությամբ պսակվեց: Համերգի երկրորդ բաժնում էլ հնչեց Դվորժակի Սիմֆոնիա թիվ 8-ը:
Ներկաներից ոմանք մեզ հետ զրույցում նշեցին, որ համերգից սպասումներն արդարացված են: Հանդիսատեսներից Արևիկի համար առաջին բաժինն արդեն իսկ խոստումնալից և ոգեշնչող էր: Ըստ նրա՝ Դանիել Մյուլլեր Շոթը հիանալի թավջութակահար է, որն այս համերգին էլ գեղեցիկ ու բարձրաճաշակ կատարումներով հանդես եկավ: «Մեծ ոգևորությամբ էի սպասում այս օրվան: Ինքս երաժիշտ եմ ու երբ ազատ ժամանակ եմ գտնում, սիրով գալիս եմ ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգներին, սա ևս բացառություն չէր: Սկզբից մինչև վերջ համերգը հագեցած էր հիանալի կատարումներով, որևէ մաս առանձնացնել անհնար է»:
Էդուարդ Թոփչյանի խոսքով՝ Մյուլլերի հետ հեշտությամբ են լեզու գտել ու դրա արդյունքն ակնհայտ է: 2022 թվականին երաժշտական տարին բավականին հագեցած է լինելու, և ըստ նրա՝ շեշտը դրված է լինելու լավ մենակատարներ եւ դիրիժորներ ունենալու վրա: Այս տարվա ամեն մի համերգը երաժշտական մեծ իրադարձություն է լինելու: Առաջիկայում էլ՝ փետրվարի 25-ին, նվագախումբը հանդես կգա նոր համերգով՝ հռչակավոր Վասիլի Պետրենկոյի դիրիժորությամբ:
Նատալի Մկրտչյան
- Created on .
- Hits: 3622