• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Այսօր քայլում ենք ականների վրայով. Արվեստաբան Վիգեն Գալստյանը՝ Կամո Նիգարյանի գործերի ցուցադրության մասին

Այսօր քայլում ենք ականների վրայով. Արվեստաբան Վիգեն Գալստյանը՝ Կամո Նիգարյանի գործերի ցուցադրության մասին

«Թղթե ականներ․ Կամո Նիգարյանի պայթուցիկ պաստառային արվեստը, 1970-2000ականներ» վերնագիրը կրող ցուցահանդեսը փետրվարի 4-ից մինչև մարտի 6-ը կլինի Ազգային պատկերասրահում: Սա հայ ժամանակակից արվեստի և դիզայնի ականավոր դեմքերից մեկի՝ Կամո Նիգարյանի (1950-2011) պաստառային արվեստի առաջին հետահայաց ցուցադրությունն է։ Ցուցահանդեսը կազմակերպել է «Թեք տեղ» թատրոնը՝ Երևանի Գյոթեի կենտրոնի հետ համագործակցությամբ։ Այն ընդգրկում է ավելի քան 70 տպագրված և անտիպ պաստառներ, ինչպես նաև նախապատրաստական էսքիզներ, որոնք ամբողջական պատկերացում են տալիս 1970-2000-աններին Նիգարյան գրաֆիկ-դիզայների մասնագիտական զարգացման մասին։

 Cultural-ը խոսել է ցուցահանդեսի համադրող, արվեստաբան Վիգեն Գալստյանի հետ, որի խոսքով` պաստառային արվեստը միտված է որոշակի պայթեցումներ անելուն մեր գիտակցության մեջ, հատկապես եթե խոսքը գնում է քաղաքական կամ սոցիալական պաստառների մասին:

«Կամո Նիգարյանն իր գործերում ունի նման մոտեցում, քանի որ  նա պաստառային արվեստը դիտարկում էր՝ որպես տեսողական լեզվի հզոր միջոց, որն անմիջապես կարող է հաղորդակցվել այն թաքնված և ներքին բնազդների հետ, որոնք կարծրացած են մեր գիտակցականում: Նիգերյանն ունի քննադատական մոտեցում, և նրա պաստառները ևս այդպիսին են: Մեր իրականությունում մի փոքր այլ կերպ է հնչում ցուցահանդեսի վերնագիրը, որովհետև ցուցահանդեսը ծրագրվել էր մինչ պատերազմը՝ 2019 թվականին: Այսօր կարծես այդ ականների վրայով ենք քայլում, կարևոր է կողքիդ ունենալ նման արվեստագետ, որը հասարակությանը ճիշտ ուղով կտանի»:

 Կամո Նիգարյանը այն արվեստագետներից է, որը սկսել է իր ստեղծագործական ուղին դեռ լճացման տարիներին, որի ժամանակ նրա բողոքը ուղղված էր այդ ժամանակվա գերիշխանությանը, գաղափարական լճացմանը, որը տեղի էր ունենում ԽՍՀՄ-ում, այդ թվում` Հայաստանում:

«Եթե արթուն արվեստագետ ես, այդ ժամանակվա իրավիճակը պետք է լիներ անհանդուրժելի, չգնայիր կոմպրոմիսների ու տեսնելով դա` պայքարեիր: Նիգերյանը արվեստի միջոցով փորձում էր ներազդել առօրյա կյանքի վրա: Նա ինձ համար հայաստանյան այն քիչ արվեստագետներից է, որը հարուստ ժառանգություն է թողել արվեստի տարբեր ձևաչափերում՝ դիզայն, լուսանկարչություն, գեղանկարչություն: Շատ լուրջ է մոտեցել յուրաքանչյուր բնագավառին, և դա էր պատճառը, որ կարիք եղավ առանձին ցուցահանդեսներով հանդես գալ: Առաջինը նրա վերացական արվեստին նվիրված ցուցադրությունն էր, 2015 թվականի Շիզո պոլիս ցուցահանդեսն էլ երկրորդն էր, որը փորձ էր ներկակայցնելու Կամո Նիգարյան արվեստագետի հավաքական կերպարը: Երրորդն էլ սա է: Առաջիկայում ևս ցուցադրություններ կլինեն»,- ասաց Վիգեն Գալստյանը:

Նատալի Մկրտչյան

  • Created on .
  • Hits: 2884

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: