Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա Հայկ Դավթյանի ղեկավարությամբ

Մարտի 4-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա համերգ, որի ընթացքում Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հանդես կգա դիրիժոր Հայկ Դավթյանի ղեկավարությամբ:

Համերգային ծրագրում Գրիգի, Բրիտենի, Շոստակովիչի, Սիբելիուսի, Միրզոյանի ստեղծագործություններն են։

Նշենք, որ Հայկ Դավթյանը հայ ջութակահարների լավագույն ավանդույթների կրողն է, բազմաթիվ մրցույթների դափնեկիր է: Հանդես է գալիս որպես դիրիժոր և ջութակահար։ Համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում՝ Ֆրանսիա, Կանադա, Իտալիա, Իսպանիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Քաթար, Իսրայել և այլն։ Պարբերաբար համագործակցել է Փարիզի օպերայի, Փարիզի ռադիոյի, Ֆրանսիայի ռադիոյի ֆիլհարմոնիկ և այլ նվագախբերի հետ:

1999-2011թթ. ստեղծել և ղեկավարել է Փարիզի Լիրիկական սինֆոնիկ ու այնուհետև Նաիրի լարային նվագախմբերը։ Համերգների ընթացքում մշտապես ներկայացրել է հայկական երաժշտության լավագույն կոթողները։ Դասավանդել է Ստրասբուրգի բարձրագույն ակադեմիայում (Academié Supérieur de Strasbourg), Փարիզի բարձրագույն կոնսերվատորիայում և այլուր։

Ներկայումս Հայկ Դավթյանը Փարիզի շրջանի Սերժի-Պոնտուազի տարածաշրջանային բարձրագույն կոնսերվատորիայում դասավանդում է ջութակ ու կամերային երաժշտություն: Պարբերաբար հրավերներ է ստանում հայաստանյան նվագախմբերի կողմից՝ հանդես գալու որպես մենակատար ջութակահար և դիրիժոր ու շարունակում է ներկայացնել Հայաստանում ֆրանսիական ու համաշխարային երաժշտության չբացահայտված էջերը:

  • Created on .
  • Hits: 2672

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: