Սերգեյ Խաչատրյանը հանդես եկավ Շումանի Ջութակի կոնցերտի կատարմամբ. Համերգը բարեգործական էր

Օրերս Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ աշխարհահռչակ հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգը, որը տեղի ունեցավ «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ։ Անվանի ջութակահարը հայ հանդիսատեսին ներկայացավ Շումանի Ջութակի կոնցերտի կատարմամբ։ Բեմում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան): Համերգը բարեգործական էր, և ամբողջ հասույթը փոխանցվելու է «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» հիմնադրամին՝ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և մինչև 25 տարեկան երիտասարդների բուժման ծախսերը հոգալու նպատակով։

Սա շատ սպասված համերգ էր երաժշտասերների համար: Հանդիսատեսը բուռն ծափահարություններով ողջունեց ու ընդունեց սիրված ջութակահարին: Հանդիսատեսից մի քանիսի խոսքով՝ մենք՝ հայերս, պետք է ուրախ լինենք, որ նման տաղանդավոր երաժիշտ ունենք, որը բարձր է պահում հայի անունը ողջ աշխարհում:

Համերգի հովանավորն էր «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը, աջակիցները՝ «Երևանի գարեջուրը», «Արալեզ բրենդին», գործընկերը` «Լեւոն Թրավել Երևան» տուրիստական գործակալությունը: Մեծ դեր է նաեւ կատարել Լյուքսեմբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոս, «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» հիմնադրամի Բարի կամքի դեսպան Տաթև Մանուկյան Էնգելինը:

Սերգեյ Խաչատրյանը ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի բոլոր խոշոր նվագախմբերի հետ, ներառյալ Բիրմինգհամյան սիմֆոնիկ, BBC ֆիլհարմոնիկ, և մշտական համագործակցությամբ՝ Ֆիլհարմոնիա նվագախմբերի հետ նաև Տոկիոյի NHK Symphony, Թագավորական Կոնցերտգեբաու, Ֆրանսիայի ազգային, Ֆրանկֆուրտի Ռադիո-սիմֆոնիկ, Բալտիմուրի սիմֆոնիկ, Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Բամբերգի սիմֆոնիկ, Մյունխենի ֆիլհարմոնիկ, Շվեդիայի ռադիո-սիմֆոնիկ, Մարիինյան թատրոնի նվագախմբերի, Բեռլինի ֆիլհարմոնիկ, Ամստերդամի սիմֆոնիետայի, Ռոտերդամի Ֆիլհարմոնիկ, Փարիզի սիմֆոնիկ, Սիատլի սիմֆոնիկ, Նյու Յորքի սիմֆոնիկ, Բոստոնի սիմֆոնիկ, Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ և այլ հեղինակավոր նվագախմբերի հետ։

Հավելենք նաև, որ նա հանդես է եկել դիրիժորներ Գուստավո Դուդամելի, Կուրտ Մազուրի, Ռուդոլֆ Բարշայի, Վալերի Գերգիևի, Մայքլ Թիլսոն Թոմասի, Ջուկա-Պեկկա Սարաստեի, Յուրի Տեմիրկանովի, Դանիել Հարդինգի, Հերբերտ Բլոմսթեդի, Ջոնաթան Նոթի, Ջեյմս Գաֆիգանի, Անդրիս Նելսոնսի, Սըր Չարլզ Մակկերասի, Քրիստոֆ ֆոն Դոհնանյի, Ռաֆայել Ֆրուհբեկ դե Բորգոյի, Յուրա Վալչուհայի, Տուգան Սոխիևի և այլոց հետ։

Սերգեյի ձայնասկավառակները ներառում են Ֆրանկի և Շոստակովիչի սոնատները ջութակի և դաշնամուրի համար, Սիբելիուսի և Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտները։

Նատալի Մկրտչյան

  • Created on .
  • Hits: 2639

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: