Եվս մեկ մալերյան տոն Արամ Խաչատրյան համերգասրահում

Օրերս Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ հանրության կողմից սպասված հերթական համերգներից մեկը, որն իսկական մալերյան տոն էր: Բեմում էին՝ աշխարհի լավագույն բեմերը գրաված, սոպրանո Ռուզան Մանթաշյանը, «Կիթառի արքա» (Universe Guitare, France), «Արտասովոր երաժիշտ» (La Provence — Dimanche, France) Արտյոմ Դերվոյեդը և այս ամենը, իհարկե, Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ: Համերգին հնչում էր Մալերի չորրորդ սիմֆոնիան:

Դերվոյեդը մշտապես հանդես է գալիս աշխարհի ամենահեղինակավոր բեմերում` Բեռլին ֆիլհարմոնիկ, Քյոլնի ֆիլհարմոնիկ, Տոնհալե Դյուսելդորֆ, Քանեգի համերգասրահ, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճ, ու այս անգամ Հայաստանում էր: Նրա կիթառային գեղեցիկ կատարումներն ու դրան հաջորդող Ռուզան Մանթաշյանի գեղեցիկ ձայնը մեծ տպավորություն էին գործել հանդիսաստեսի վրա: Համերգի վերջում ներկաներն իրենց անկեղծ հիացմունքով էին կիսվում` նշելով, որ սա այն համերգներից էր, որը դեռ երկար կհիշվի: Հանդիսաստեսի մեջ կային նաև բազում օտարերկրացիներ, որոնցից շատերը անձամբ էին մոտենում ու շնորհակալություն հայտնում կատարողներին համերգի համար:

«Երկու տարվա մեջ երրորդ մալերյան կատարումը ֆիլհարմոնիկի կատարմամբ, որը հերթական անգամ հիացրեց ինձ: Այն հավասար է եվրոպական ու համաշխարհային կատարողական բոլոր ստանդարտներին: Առաջիկայում ևս մեծ սպասելիքներ ունեմ ու հպարտ եմ, որ ունկնդրել եմ կուրսեցուս՝ Ռուզան Մանթաշյանի կատարումը: Աշխարհի այսօրվա ծանր օրերին երաժշտությունը կարող է լինել բոլորին միավորող ու բոլորի հոգիներին հանգստություն բերող ուժը, հատկապես` Մալերի պես հանճարեղ երաժշտությունը, որը հնչում է ողջ աշխարհում: Սա մեծ առիթ էր հերթական անգամ վայելելու Մալեր»,- ասում է օպերային մեներգիչ Աշոտ Ղանթարջյանը:

Ռուզան Մանթաշյանը նշեց, որ ուրախ է, որ տարվա մեջ պարբերաբար հրավեր է ստանում` իր հարազատ նվագախմբի հետ ելույթ ունենալու, ինչն իրեն հնարավորություն է տալիս նաև պահել իր կապը հայ ունկնդրի հետ:

Դե իսկ համերգի վերջում հոտնկայս ու բուռն ծափահարությունները հերթական անգամ անպակաս էին:

Նատալի Մկրտչյան

  • Created on .
  • Hits: 2556

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: