Հայաստանում առաջին անգամ ելույթ ունեցավ ֆրանսիացի թավջութակահար Մարկ Քոփեյը

 

Ուրբաթ երեկոն ձնառատ էր և ֆրանսիացի Մարկ Քոփեյի թավջութակի հնչյուններով լի: Մարտի 18-ին Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվանի ֆրանսիացի թավջութակահար Մարկ Քոփեյի մասնակցությամբ հանդես եկավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգով:


Մարկ Քոփեյը աշխարհում մեր օրերի առաջատար թավջութակահարներից է, որին բարձր են գնահատել և իրենց հովանու ներքո առել Մստիսլավ Ռոստրոպովիչը և Լորդ Եհուդի Մենուհինը: Քոփեյը Լայպցիգի Բախի անվան հեղինակավոր մրցույթի առաջին և հատուկ մրցանակակիր է: Նա Հայաստանում է նվագախմբի հրավերով և առաջին անգամ նվագեց հայ հանդիսատեսի համար:


«Մարկ Քոփեյը համաշխարհային ճանաչում ունեցող թավջութակահար է: Մենք վաղուց գիտենք իրար, իսկ արդեն մեկ տարի առաջ պայմանավորվել էինք, որ այս օրը միասին ենք նվագելու»,- ասաց համերգի դիրիժոր, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

 

Marc Copey Armenian National Philharmonic Orchestra


Համերգը բացվեց ֆրանսիացի կոմպոզիտոր Պոլ Դյուկայի «Հրաշագործի աշակերտը» սիմֆոնիկ սկերցով` գրված Գյոթեի համանուն բալլադի հիման վրա: Թավջութակահարը ներկայացրեց նաև իր գործիքի համար գրված ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը՝ Էլգարի Թավջութակի կոնցերտը: Դիրիժորի խոսքով՝ այս ստեղծագործությունը համերգային ծրագրում ընդգրկելը Մարկ Քոփեյի որոշումն է եղել: Համերգին հնչեց նաև Չայկովսկու «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ պոեմը, որը գրված է Դանթեի «Աստվածային կատակերգության» հիման վրա:


Համերգի ազդեցիկ լինելու մասին վկայում էին ընդմիջումներին և ավարտին դահլիճի տարբեր անկյուններից լսվող «բրավորները» և բարձր ծափահարությունները:

 

Մերի Հովհաննիսյան

  • Created on .
  • Hits: 896

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: