«Արտավազդ» 2022 մրցանակաբաշխությունն ու հաղթողները

Մարտի 27-ը նշվում է որպես Թատրոնի միջազգային օր, որն ամեն տարի Հայաստանում անցկացվում է մեծ շուքով: Այս տարին ևս բացառություն չէր, ու հենց մասնագիտական տոնի օրը տեղի ունեցավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ ընտրվեցին 2021 թվականի թատերական աշխարհի լավագույնները: «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թվականին ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի կողմից: Այս տարի այն նվիրված էր մայր թատրոնի` Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին: 21-րդ թատերական մրցանակաբաշխության շրջանակում մրցանակներ հանձնվեցին 17 անվանակարգերում: Նշենք, որ հյուրերի ցանկում ներկա էր նաև Երևանի քաղաքապետը, որն  ընդգծեց, որ միշտ սատարելու են թատրոնի զարգացմանը և այդ ուղղությամբ արդեն քայլեր են իրականացրել: «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում թատրոնների վերազինման, տեխնիկական հագեցվածության ապահովմանը՝ հարմարավետ միջավայր ստեղծելու համար: 2021-2022-ին սկսվել են Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի հիմնանորոգման աշխատանքները, որին զուգահեռ նախատեսված է տեխնիկական հագեցվածության աշխատանքների իրականացում: Առաջիկայում ավարտին կհասցնենք Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնանորոգման աշխատանքները»,-տեղեկացրեց Սարգսյանը՝ նորանոր ձեռքբերումներ մաղթելով թատերական գործիչներին:

Այսպիսով՝  «Լավագուն դերասանուհի» եւ «Լավագույն դերասան» անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին՝ Մարիամ Ղազանչյանը («Երեք քույր» (Մաշա), Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թ.), Ելենա Վարդանյանը («Գարդենիա» (I կին), Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թ.), Արթուր Կարապեյանը (Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն) և Սենիկ Բարսեղյանը («Կեսարի խրախճանքը» (Ներոն) Կամերային թ.):

«Լավագույն ներկայացում» անվանակարգի հաղթող ճանաչվեց՝ «Համլետ»-ը, որի բեմադրիչն է Արա Երնջակյանը:

Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհին Էվա Խաչատրյանն է («Հինգ պատմություն սիրո մասին»): Լավագույն երիտասարդ դերասաններն են` Գոռ Համբարձումյանը («Սկապենի արարքները») և Հարություն Սարգսյանը («…և նորից գարուն»):

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհիները ևս երկուսն են` Արմինե Անդրեասյանը («…և նորից գարուն», Համազգային թ.) ու Հասմիկ Սուվարյանը («Մաուգլի», Վ. Աճեմյանի թ.):

Երկրորդ պլանի լավագույն դերասան ճանաչվեց Էդգար Քոչարյանը («Երկիր հայրենի», Վանաձորի Աբելյանի անվան թատրոն):

Խոսեցինք նաև տարվա լավագույն երիտասարդ դերասաններից մեկի` Հարություն Սարգսյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ մեծ հաճույք էր բարձր գնահատականի արժանանալն իր թատրոնի ու ժյուրիի կողմից։ Հաղթանակն իր համար և՛ սպասելի էր, և՛ ոչ։ Մրցանակը ստանալիս, նրա խոսքով, անասելի մեծ ուրախություն էր զգում, իսկ թատերական այլ նորությունների մասին հանրությունը նախապես կտեղեկացվի։

Մրցանակաբաշխության փորձագետների կազմում էին արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը, Առաջին ալիքի գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը, բեմադրիչ Գոռ Մարգարյանը, վաստակաշատ մենապարող Հրաչյա Բադալյանը։ Թատերական երեկոյի բեմադրիչը Արթուր Մանուկյանն էր:

Նատալի Մկրտչյան

  • Created on .
  • Hits: 1057

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: