Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Ֆրանսիական երգի փառատոնը

Ապրիլի 15-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնն ու Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետը համատեղ կազմակերպեցին և իրականացրին «Ֆրանսիական երգի փառատոն»-ը:

Հնչեցին մեծն Շառլ Ազնավուրի և այլոց սիրված ֆրանսիական երգերը: Մշակութային գեղեցիկ ելույթներով հանդես եկան ԵՊՀ մշակույթի կենտրոնի մեներգիչները, երգչախումբը, աղջիկների պարային համույթը և «YSU band»-ը: Կենտրոնի սաներին էր միացել ճանաչված երգահան, գործիքավորող և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի լավ բարեկամ Արթուր Հակոբյանը: 

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր  Հովհաննես Հովհաննիսյանը,  պրոռեկտորներ, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, Ֆրանսիայի Լիլի, Նանթի, Էքսմարսելի, ինչպես նաև Պիտիգորսկի համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմը, որոնք եկել էին մասնակցելու Ֆրանկոֆոնիայի և Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 30-ամյակի շրջանակներում կազմակերպվող՝ «Խոսույթը գիտական համատեքստում՝շարադրանք, մեկնություն և սոցիալ-քաղաքական իրողություն» գիտաժողովին։

Frankofoia

Մեզ հետ զրույցում Լիլի համալսարանի կիրառական լեզուների ֆակուլտետի նախկին դեկան, դոկտոր, պրոֆեսոր Արման Հերոգելը կիսվեց իր տպավորություններով.

«Բարձր մակարդակի միջոցառում էր կազմակերպված, կային հրաշալի ելույթներ, որոնք մեզ շատ դուր եկան: Այն արտակարգ երգացանքը, որն ընտրել էին կազմակերպիչները և այսպես իրականացրել միջոցառումը՝ կերազեր անգամ Լիլի համալսարանը: Այս ամենը նույնիսկ կարող է մոդել հանդիսանալ մեր համալսարանի համար: Մենք շատ տպավորված ենք»:

Մայր բուհում այսօր կրկնակի տոն էր, քանի որ տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի անվանակոչության արարողությունը: Մեծ հայի հիշատակը հայ ուսանողության շրջանում վառ պահելու և նրան  հարգանքի տուրք մատուցելու  նպատակով Երևանի պետական համալսարանի ղեկավարությունը  որոշում կայացրեց  Մշակույթի կենտրոնն անվանակոչել Շառլ Ազնավուրի անունով:

Frankofonia1

Այն հարցին, թե ինչու են որոշել կենտրոնն անվանակոչել Շառլ Ազնավուրի անունով, կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը պատասխանեց.

«Մեր հանրապետությունն արդեն 13-րդ տարին է, ինչ դիտորդի կարգավիճակից անցել է ֆրանկոֆոն երկրների միջազգային կազմակերպության ասոցիացիայի անդամի կարգավիճակի, որն արդյունք է հայ-ֆրանսիական քաղաքական, դիվանագիտական և մշակութային դարավոր կապերի: Նման կարևոր իրադարձությանը անհաղորդ չի մնում Հայաստանի մայր Բուհը` Երևանի պետական համալասարանը, որն ունի ֆրանսերենի դասավանդման և ֆրանսիական  մշակույթի տարածման ավանդույթներ: Տարիներ շարունակ Մշակույթի կենտրոնն ու  ԵԼՀ ֆակուլտետի Ֆրանսիական բանասիրության ամբիոնը միասին կազմակերպել են «Ֆրանսիական երգի փառատոն» խորագրով միջոցառումը, բազմաթիվ այլ միջոցառումներ, ֆիլմերի դիտում-քննարկումներ և գինու տոն: Ամեն տարի մտածում ենք նոր ձևաչափեր՝ միջոցառումը լավագույնս իրականացնելու համար: Դրանով մենք ցույց էինք տալիս հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը: Ինչպես Ֆրանկոֆոնիայի, այնպես էլ հատուկ միջոցառումների շրջանակներում անդրադարձել ենք Շառլ Ազնավուրին և նրա երգերին: Առանձնահատուկ միջոցառումներ ենք կազմակերպել` նվիված նրան, նրա ծննդյան և հիշատակին նվիրված: Երբ գտնվում ես արտերկրում և խոսում նրա մասին, չկա մեկը, որ չճանաչի Շառլ Ազնավուրին, և դա յուրաքանչյուր հայի համար հպարտություն է: Ուզում եմ, որ ուսանողներն ամեն պահ հիշեն և փորձեն կրել այն տեսակը, որն ուներ Շառլ Ազնավուրը՝ որպես մարդ, որպես հայ, որպես հայրենասեր, որպես արվեստագետ: Այդ միտքն ինձ առիթ տվեց մտածելու և կենտրոնն անվանակոչելու նրա անունով: Կարծում եմ, որ սա շատ բան կփոխի մեր ուսանողության շրջանում և մեծ դեր կունենա կենտրոնի գործունեության և ինչու չէ նաև միջազգայնացման գործում, քանի որ Մշակույթի կենտրոնն իր 16 տարիների գոյության շրջանում մեծ արժեքներ է ստեղծել, և պետք է, որպեսզի այդ արժեքներն ու կատարած աշխատանքը ներկայացնենք աշխարհին»:

Frankofoia2

Շառլ Ազնավուր լեգենդը շարունակում է ապրել ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ  աշխարհի սրտում, որովհետև նա ձևավորել է  մարդկության համար մեծագույն արժեքներ իր արվեստով և շարունակում է  կրթել բազմաթիվ սերունդներ։  Համալսարանում պարբերաբար  կազմակերվել է Շառլ Ազնավուրին  նվիրված մշակութային միջոցառումներ, ինչպես նաև նրա ծննդյան և հիշատակին նվիրված օրեր ։   Նրա երգերը հնչել են համալսարանում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերին նվիրված ամենամյա միջոցառումների ժամանակ։

Վարսիկ Սահրադյան

  • Created on .
  • Hits: 1282

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: