«Տետ-Ա-Տետ». երբ հանդիսատեսը բեմում է
![](/templates/yootheme/cache/tetatet1-4a5ac06e.jpeg)
Մայիսի 6-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա իր տեսակի մեջ միակ ու տարբերվող նախագիծը՝ «Տետ-Ա-Տետ»-ը, որի ժամանակ հանդիսատեսն ու կատարողները մեկ երեկոյի ընթացքում փոխվում են տեղերով: Նախագծի գաղափարը ծնվել է նախորդ տարի: Մտահղացման հեղինակը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆագոտահար Շմավոն Գրիգորյանինն է: Նախագիծն առաջին իսկ համերգից մեծ հաջողություն ունեցավ, մշակութային կյանքում այն շատ արագ իր տեղը գտավ՝ որպես առանձնահատուկ, տարբերվող ձևաչափ ունեցող նախագիծ:
«Հանդիսատեսի համար սա ոչ միայն նորություն էր, այլ նաև երաժշտությանը և երաժիշտներին ավելի մոտ գտնվելու և նրանց հետ շփվելու առանձնահատուկ հնարավորություն: Նախագիծը մեկնարկեց 2021թվականի մարտի 2-ին: Այժմ մենք պատրաստվում ենք թվով արդեն իսկ 5-րդ «Տետ-Ա-Տետ» նախագծի համերգին, որը տեղի կունենա մայիսի 6-ին: Ծրագրում ներկայացվելու են Վիվալդիի ստեղծագործությունները՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտների կատարմամբ (Նարեկ Ավագյան` ֆլեյտա, Շմավոն Գրիգորյան` ֆագոտ, ջութակահարներ` Արամ Ասատրյան, Աննա Խաչատրյան, Նարեկ Սահակյան, Արտաշես Մելիքյան, Իվանե Եսայան, Յանա Դարյան` ալտ, Գոռ Հովհաննիսյան` ալտ, Դավիթ Ոսկանյան` թավջութակ, Կարեն Խաչատրյան` կոնտրաբաս, Վարդուհի Մինասյան` կլավեսին): Նման այլընտրանքային համերգների առկայությունը նոր շունչ է հաղորդում մշակութային կյանքին և հնարավորություն տալիս ներգրավել հանդիսատեսի ավելի լայն շրջանակներ»,- ասում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգների և միջոցառումների կազմակերպման բաժնի ղեկավար Անահիտ Բարխուդարյանը:
«Այս նախագծի հիմնական հետաքրքրությունն այն է, որ ունկնդիրը մեզ շատ մոտ է նստում, այնտեղ, որտեղ սովորաբար երաժիշտներն են լինում: Մեծ դահլիճում նստելու են սահմանափակ թվով մարդիկ ու վայելելու են կամերային երաժշտությունը: Այս նախագծի շրջանակներում եղել են ևս 4-5 համերգներ, որոնց ժամանակ նվագել ենք Բախի և Վիվալդիի ստեղծագործությունները: Աշխատանքաների ընթացքում չկա դիրիժոր, ղեկավար, որը հետևում է փորձերին. դա նպաստում է ավելի ջերմ ու անմիջական աշխատանքային մթնոլորտի ձևավորմանը: Մենք բոլորս փորձում ենք միմյանց հարմարվել, լսել բոլոր երաժիշտների ցանկություններն ու կարծիքները: Ասեմ, որ երաժշտական իմպրովիզներ ունենք, որով փորձել ենք համերգն էլ ավելի գրավիչ ու հետաքրքիր դարձնել»,- ասաց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտահար Նարեկ Ավագյանը:
Նշենք, որ համերգի ավարտին հյուրերը կհրավիրվեն ճեմասրահ, որտեղ գինու հյուրասիրության ընթացքում հնարավորություն կունենան շփվել անմիջապես արտիստների հետ, կիսվել համերգի տպավորություններով:
Նատալի Մկրտչյան
- Created on .
- Hits: 3650