«Թանգարանային գիշերը» Երևանի թանգարանները հանդես կգան տարբեր միջոցառումներով

Ամեն տարի մայիսի 21-ը նշվում է որպես «Թանգարանային գիշեր», որի ընթացքում թանգարաններն ու մշակութային հաստատությունները բաց են մնում մինչև ուշ գիշեր և մարդկանց հնարավորություն են տալիս անվճար այցելելու և  մասնակցելու թանագարաններում կայանալիք ցուցադրություններին, տարբեր միջոցառումներին:

Ներկայացնում  ենք Երևանի մի քանի թանգարանների` մայիսի 21-ին կայանալիք նախաձեռնությունները:

Սերգեյ Փարաջանովի թանգարանը մայիսի 21-ին այցելուներին կդիմավորի ժամը 11:00-23:59-ը։ Թանգարանում կկայանա «Մշակութային դրսևորումները Ս. Փարաջանովի թանգարանում» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որի ընթացքում այցելուներն իրենք պետք է վերնագրեն լուսանկարները, իսկ 3 լավագույն վերնագրերի հեղինակները կարժանանան մրցանակների:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ժամը 15:00-ին կանցկացվի «Սարյանը և Ֆրանսիան» կոնֆերանսը: Զեկուցողը տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանն է: 16:00-ին «Հայաստանի նոր անուններ» շնորհալի պատանի երաժիշտ-կատարողները հանդես կգան համերգով: Կհնչեն ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, իսկ 18:00-ին նրանք կկատարեն եվրոպացի այլ կոմպոզիտորների գործեր, 21:00-ին և տեղի կունենա համերգ, որի շրջանակում սոպրանո Նելլի Գասպարյանը դաշնակահար Վասիլի Ռոլիչի նվագակցությամբ կկատարի Կոմիտասի աշխարհիկ հոգևոր երգերից:

ժամը 19:30-ին Հայաստանի պատմության թանգարանը կներկայացնի «Զենք. պայքար և մշակույթ» խորագրով ցուցահանդեսը։ Այն նվիրված է ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակին: Ցուցադրության ընթացքում այցելունները կդիտեն Հայաստանի պատմության թանգարանի զենքի հավաքածուից արժեքավոր հնագիտական նմուշներ, Հայաստանին և տարածաշրջանին բնորոշ սառը զենքի տեսակներ, հրազեն, զինագործի գործիքներ, ատրճանակի պատյաններ, փամփշտակալ, թրեր, ատրճանակներ և  այլ նմուշներ:

Մայիսի 21-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի բակում ժամը 16:00-ին նախատեսվում է «Հանդիպում կոմպոզիտորի պատշգամբում»  նախագիծը, որի հյուրերը կլինեն դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը և պրոդյուսեր, կարիերային ինքնորոշման փորձագետ Ալեքսանդր Պլատո Հակոբյանը: Հանդիպման մասնակիցները «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառու պատանի երաժիշտներն են:

18:00-ից մինչև կեսգիշեր կանցկացվի բացօթյա համերգ, որի մասնակիցներն են Երևանի Միքայել Միրզոյանի անվ. երաժշտական դպրոցի, Առնո Բաբաջանյանի անվ. պետական երաժշտամանկավարժական քոլեջի, Շառլ Ազնավուրի անվ. պետական արվեստի քոլեջի սաները և Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի ջազային ամբիոնի սաները՝ մեներգիչներն ու ժողովրդական անսամբլները: Կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Չխախտելով թանգարանային գիշերվա ավանդույթը՝ այցելուները կճաշակեն «Կակաո՝ Սպենդիարյանի բաղադրատոմսով»:

Ռուսական արվեստի թանգարանում ժամը 18:00-20:00-ն կանցկացվի «Զրույցներ ինքնաեռի շուրջ» հայկական և ռուսական թեյախմության երեկո, որի շրջանակում «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի» շահառուները կներկայացնեն հայկական և ռուսական թեյախմության առանձնահատկություններն ու գաղտնիքները, իսկ 20։30-21:30-ը թանգարանի այցելուները դաշնամուրային համերգ վայելելու հնարավորություն կունենան:

«Թանգարանային գիշեր» և «Թանագարանների միջազգային օրը» այս տարի կրում է «Թանգարանների ուժը» խորագիրը։

 

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 1426

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: