• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • «Aerowaves-ի տնօրենը գլուխ խոնարհեց մեր առաջ»․ «Me, My non-Self and I» ներկայացումը 20 լավագույն ներկայացումների ցանկում

«Aerowaves-ի տնօրենը գլուխ խոնարհեց մեր առաջ»․ «Me, My non-Self and I» ներկայացումը 20 լավագույն ներկայացումների ցանկում

Հայաստանը առաջին անգամ ներկայացել է մոդեռն պարի փառատոնին։

Հունաստանում կայացած Aerowaves միջազգային խորեոգրաֆիկ կազմակերպության նախաձեռնած «SpringForward» ժամանակակից պարի փառատոնի ընթացքում «Me, My non-Self and I» ժամանակակից բալետային ներկայացումը  600 դիմորդներից ընդգրկվել է 20 լավագույն ներկայացումների ցանկում։

Ներկայացման հեղինակ, պարարվեստի զարգացման կրթամշակութային հիմնադրամի հիմնադիր տնօրեն, բեմադրող, խորեոգրաֆ Ռիմա Պիպոյան մեզ հետ զրույցում ընդգծեց, որ փառատոնը բացառիկ ձեռքբերում էր Հայաստանի համար և մեծ դռներ բացեց ներկայացման միջազգային ճանաչման համար։

me my nonself 3

«Փառատոնը արդեն 25 տարի է, ինչ գոյություն ունի և այդ տարիների ընթացքում երբևէ Հայաստանը մասնակցություն չէր ունեցել։ Սա առաջին անգամն էր։ Aerowaves  փառատոնը միջազգային խորեգրաֆների, այսպես ասած, ցանց է, որտեղ տարբեր երկրներից հավաքվում են լավագույն մասնագետները՝ բեմադրողներ, պարարվեստի ներկայացուցիչներ, և դու հնարավորություն ունես ներկայացնել նոր ժամանակակից մտածելակերպով բեմադրություններ պրոֆեսիոնալ հանդիսատեսի, այսինքն՝ ոլորտի մանսագետների առջև»,- ասում է Պիպոյանը։

Նրա խոսքով՝ միջազգային մասնագետների առջև ներկայանալը բոլորովին այլ զգացողություն էր․ «Մասնակցությունը փառատոնին շատ մեծ ձեռքբերում էր, որովհետև  ավելի մեծ ճանաչելիություն տվեց միջազգային հարթակում: Aerowaves-ի տնօրենը գլուխ խոնարհեց մեր առաջ՝ ասելով, որ տեսել են շատ խորը և ժամանակակից ներկայացում»։

«Me, My non-Self and I» ներկայացումը ստեղծվել է դեռևս 2021 թվականին, այն առաջին անգամ ցուցադրվել է Խորվաթիայում տեղի ունեցած փառատոնի ժամանակ։ 30 րոպեի ընթացքում փառատոնի ժյուրիի անդամները հնարավորություն ունեին դիտելու այն։ Ներկայացման առաջնախաղը կատարել են Կիեւի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի բալետի մենակատար Վլադիսլավ Բոնդարը և Ռիմա Պիպոյանը, սակայն ուկրաինական պատերազմի հետևանքով Բոնդարը այս անգամ ներկա գտնվել չի կարողացել։

«Փառատոնին ներկայացումը խաղում էի Ա․Ս․ անվան օպերայի և բալետիազգային ակադեմիական թատրոնի բալետի երիտասարդ արտիստ Գոռ Սարգսյանի հետ։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ մեր համագործակցությունը բավականին հաջող և լավ ստացվեց։ Որևիցե լարվածություն չկար։ Ներկայացումը խաղացինք ապրիլի 30-ին և մեծ հաջողություն ունեցանք։ Գնահատականը ոլորտի պրոֆեսոիանլների կողմից շատ կարևոր էր»,- նշում է խորեոգրաֆը։

me my nonself 2

Ներկայացման հիմնական թեման այն էր, թե ինչ կլիներ, եթե մարդ ինչ-որ մեկին սեփականաշնորհեր․ «Թեման շատ վաղուց էր առաջացել ինձ մոտ։ 10 տարի առաջ դիտել էի Պեդրո Ալմոդովարի «Մաշկը, որում ես ապրում եմ» ֆիլմը։ Թեման տպավորվել էր իմ մեջ։ Ֆիլմում տղամարդը սեռը փոխում է, դա արվում է բռնության միջոցով։ Իմ ներկայացման մեջ սեռը կապ չուներ․ ինձ մոտ կարևոր էր, որ դու ինչ-որ մեկին ուզում ես սեփականաշնորհել, դու արդյոք կարո՞ղ ես դա հաջողել։ Այսինքն՝ դու սեփականացնում ես մեկին` ամեն կերպ ստիպելով նրան անել այն, ինչ դու ես ուզում, բայց, ի վերջո, հայտանբերում ես, որ ինքդ ես կախման մեջ այդ անձից, որին ուզում էիր սեփականաշնորհել»,- ասում է Ռիման։

Ներկայացումը ցույց է տալիս, որ այն, ինչին մարդ վաղուց սովորել է և միանգամից ձեռք է բերում այն, ինչի համար  պայքարել է, որ ձեռք բերի, չի հասկանում, թե ինչպես վարվի դրա հետ։

«Me, My non-Self and I» ներկայացումը բաղկացած է երեք մասին։ Այն բարձր գնահատանքի է արժանացել և միանգամից հրավերներ է ստացել Գերմանիայից, Սերբիայից, Լեհաստանից, Հունաստանից և  դեռ շարունակում է հրավերներ ստանալ։

Aerowaves միջազգային խորեոգրաֆիկ կազմակերպության նախաձեռնած «SpringForward» ժամանակակից պարի փառատոնը կայացել է Ապրիլի 28-ից մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում Հունաստանի Էլեֆսինա քաղաքում։

 

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 1281

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: