• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • «Ոսկե ծիրան»-ը շարունակում է համագործակցությունը արտասահմանյան դեսպանությունների հետ․հայ հանդիսատեսը կվայելի ֆրանսիական կինոյի իսկական հրավառություն

«Ոսկե ծիրան»-ը շարունակում է համագործակցությունը արտասահմանյան դեսպանությունների հետ․հայ հանդիսատեսը կվայելի ֆրանսիական կինոյի իսկական հրավառություն

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը շարունակում է սերտ համագործակցությունը ՀՀ-ում արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ։

Փառատոնի հիմնադիր Սուսաննա Հարությունյանը մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ փառատոնի հիմնական գործընկերներ միջազգային կազմակեպություններն են Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի դեսպանատները, ինչպես նաև «Գյոթե» ինստիտուտը և այլ նոր գործընկերներ։

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ հայ հանդիսատեսը կվայելի ֆրանսիական կինոյի իսկական հրավառություն։ «Նոր ֆրանսիական կինո» ծրագրում կներկայացվեն Կլեր Դընիի «Կեսօրյա աստղերը», Ժան-Պիեռ Դարդեն/Լյուկ Դարդենի «Թորին և Լոքիտան», իսկ կարճամետրաժ մրցույթում է հայ-ֆրանսիական համարտադրությունը` Առնո Խայաջանյանի «Մենավոր գիշերը»։

«Ֆրասնիայի դեսպանատան համար շատ կարևոր է աջակցել փառատոնին և այդ աջակցությունը շարունակական կլինի»,– ասուլիսի ընթացքում ընդգծեց ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային համագործակցության հարցերով բաժնի ղեկավար Գիյոմ Նարժոլեն։

Փառատոնի ընթացքում հարգանքի տուրք կմատուցվի նաև ֆրանսիական կինոյի դասական Ալեն Ռենեին, կցուցադրվեն նրա «Հիրոսիմա, իմ սեր», «Պատերազմն ավարտված է», «Անցյալ տարի Մարիենբադում» ֆիլմերը։ Հարգանքի տուրք ծրագրում նաև կցուցադրվեն համաշխարհային կինոյի կենդանի դասական Կոստա-Գավրասի ֆիլմերը։ Կներկայացվի նաև ACid Cannes Spéciale ծրագիրը։

Երևանում «Գյոթե կենտրոնի» հետ համագործակցությամբ կներկայացվեն Գերմանիայում արտադրված մի շարք ֆիլմեր, ինչպիսիք են Ֆլորիան Հոֆմանի «Պատերազմի շորշոփները», Անդրեաս Դրեզենի «Ռաբիյե Քուրնազն ընդդեմ Ջորջ Բուշի», Ուլրիխ Զայդլի «Ռիմինի», Շաուքաթ Ամին Քորքի «Քննությունը», Դիանա Էլ Ժիրուդի «Լռության հանրապետությունը»։

ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությամբ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կներկայացվի Սանդենս կինոփառատոնի ֆիլմերի ծրագիրը։ Այն կբացվի Սառա Դոսայի «Սիրո կրակ» կինոնկարով։ Մրցութային ծրագրում է Սիմոն Լերենգ Վիլմոնթի «Բեկորներից հավաքած տունը», կցուցադրվի նաև Կառլոտա Պերեդայի «Խոզուկը»։

Իսկ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը կաջակցի փառատոնային օրաթերթի լույսընծայմանը։

Միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում Հայաստան կժամանեն նաև հայտնի կինոգործիչներ։

Փառատոնի GAIFF Pro արտադրական հարթակը կանցկացվի ՀԲԸՄ-ի և Creative Armenia-ի աջակցությամբ։ 2022թ. GAIFF Pro-ի Համարտադրական շուկայում կներկայացվեն 12 նախագծեր ու 4 աշխատանքային փուլում գտնվող ֆիլմեր:  Շուկան նախատեսված է Արևմտյան Ասիայի տարածաշրջանի ռեժիսորների համար, որոնք աշխատում են իրենց առաջին կամ երկրորդ լիամետրաժ ֆիլմերի վրա: Փառատոնային ակտիվ շաբաթվա ընթացքում նախագծերի ներկայացուցիչները կհանդիպեն ու կաշխատեն տարբեր ֆիլմ-պրոֆեսիոնալների հետ, որոնք Հայաստան են ժամանել աշխարհի տարբեր երկրներից:

Շուկայում ընդգրկված նախագծերն են` «Սեյադա անունով կինը», ռեժ.` Անաս Սալահեդին (Եգիպտոս, Գերմանիա), «Այշան չի կարող այլևս թռչել», ռեժ.` Մորադ Մոստաֆա (Եգիպտոս), «Թռչող կովեր», ռեժ.` Վահագն Խաչատրյան, Արեն Մալաքյան (Հայաստան), «Թույլ տուր անկեղծորեն լաց լինեմ քեզ հետ», ռեժ.` Հարութ Մաքյան (Հայաստան), «Կաթ ու մեղր», ռեժ.` Թոռնիկե Գոգրիչիանի (Վրաստան), «Տեղահանված», ռեժ.` Մոհամեդ Ալ-Մաժդալավի (Պաղեստին, Շվեդիա), «Կյանքի համը», ռեժ.` Անժելա Ֆրանգյան (Հայաստան, Ֆրանսիա), «Քարը», ռեժ.` Մարիամ Խաթչվանի (Վրաստան), «Դեպի Ալենը», ռեժ.` Էվելինա Բարսեղյան (Հայաստան), «Թմրաստան», ռեժ.` Սաիդ Զաղա (Հորդանան), «Սիրով ու թշվառությամբ», ռեժ.` Սոգոլ Ռեզվանի (Իրան), «Զաքո», ռեժ.` Տիգրան Առաքելյան (Հայաստան, Ֆրանսիա): Լինելու են հայկական նախագծերի և կինոքննադատների աշխատարաններ։

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 136

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: