«Բաղձալին» վերադառնում է` Պողիկտոսը կրկին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

«Երկար սպասված, բաղձալի, ցանկալի», հենց այդպես է թարգմանվում «Պողիկտոս» անունը հունարենից։ Ու չնայած հերոսի ողբերգական ճակատագրին` հայ հանդիսատեսի համար, հիրավի, երջանիկ զուգադիպություն է «ՊՈՂԻԿՏՈՍ»-ի սպասված, բաղձալի, ցանկալի  վերադարձը բեմահարթակ։ Ուշագրավ է, որ օպերայի պարտիտուրան Հայաստան է բերվել Վատիկանի գրադարանից Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի և Հռոմի պապի բանակցությունների շնորհիվ։

Իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի երեք գործողությամբ այս օպերայի սյուժեի հիմքում ընկած է 3-րդ դարում Մելիտենե` ներկայիս Մալաթիա, քաղաքում ապրած ազգությամբ հայ ազնվական Պողիկտոսի կյանքի ողբերգական պատմությունը՝ մինչև նրա մարտիրոսական մահը՝ քրիստոնեություն ընդունելու պատճառով: Թեմատիկորեն Հայաստանի պատմությանն առնչվող այս սյուժեն էլ ավելի է արժևորում Դոնիցետիի գլուխգործոցներից մեկը։

Սիրո և հավատքի բախումը հեթանոս աստվածների անհանդուրժողությանը, նոր կրոնի հետապնդումն ու պատիժը իշխանությունների կողմից և առաջին հայ քրիստոնյաների փառաբանությունը՝ «Փա՛ռք քեզ, տեր Աստված, փա՛ռք բարեպաշտ հայ ժողովրդին, փա՛ռք քեզ, երկիր Հայաստան»: Վերոնշյալին գումարվում է հայ օպերային երգարվեստի մի աստղաբույլ՝

ՊԱՈԼԻՆԱ՝ Անահիտ Մխիթարյան /ՀՀ վաստ.արտիստ/

ՊՈՂԻԿՏՈՍ՝ Պերճ Քարազյան /ՀՀ վաստ.արտիստ/

ՍԵՎԵՐՈ՝ Առնոլդ Քոչարյան /ՀՀ վաստ.արտիստ/

ԿԱԼԻՍՏԵՆ՝ Հայկ Տիգրանյան

ՆԵՐՍԵՍ /ՆԵԱՐԿՈ/՝ Տիգրան Օհանյան

ՖԵԼԻՉԵ՝ Արմեն Բադալյան

ՔՐԻՍՏՈՆՅԱ՝ Արմեն Գրիգորյան

Երաժշտական ղեկավար՝ Կարեն Դուրգարյան /ՀՀ վաստ.արտիստ/

Բեմադրող ռեժիսոր՝ Տիգրան Լևոնյան /ՀՀ ժող. արտիստ/

Պարերի բեմադրությունը` Վիլեն Գալստյանի /ՀՀ ժող. արտիստ/

Նկարիչ՝ Եվգենի Սաֆրոնով

Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան

Cultural.am-ը խոսել է կազմակերպիչներից Պերճ Քարազյանի հետ, ըստ նրա՝ սա այն օպերաներից է, որը մեծ ու ջերմ ընդունելության է արժանացել աշխարհով ու ձեռք բերել իր հանրաճանաչությունը: Այն վերականգնվել է 5 տարի առաջ, սակայն համավարակի և պատերազմի հետևանքով կրեց տևական դադար ու այսօր նորից վերադառնում է  բեմ, ցուցադրվում Հայաստանում նորովի: Քարազյանի խոսքով՝ այս օպերան խորհրդանշական է հայ ազգի համար, որովհետև իրադարձությունները կատարվում են հին Հայաստանում և հենց ինքը՝օպերան, հայերի մասին է:  Մեծ ուշադրություն է դարձված քրիտոնեության ընդունման ժամանակահատվածին և նրան, որ հայերն առաջինն են ընդունել քրիստոենությունը: Կազմակերպիչը նշեց, որ օպերայի զարդերից մեկը Անահիտ Մխիթարյանն է, որը բեմում հանդես կգա իր յուրօրինակ կատարմամբ: Այս գործը իսկական բարձր կատարողական արվեստ է, որի մատուցումը տոն կդառնա:

Ներկայացումը տեղի կունենա հուլիսի 14-ին՝ ժամը 19:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Նատալի Մկրտչյան

  • Created on .
  • Hits: 959

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: