• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Այս փառատոնի հանդիսատեսը գիտի՝ ունկնդրելու է բոլորովին նոր երաժշտություն․ Երևանում անկացվեց ժամանակակից դասականների փառատոնը

Այս փառատոնի հանդիսատեսը գիտի՝ ունկնդրելու է բոլորովին նոր երաժշտություն․ Երևանում անկացվեց ժամանակակից դասականների փառատոնը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ հուլիսի 9-19-ը Երևանում անցկացվեց ժամանակակից դասականների փառատոնը: Այն այսուհետ կրելու է հայկական արմատներով լեհ ճանաչված կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու անունը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը մեզ հետ զրույցում ընդգծել է դասականների փառատոնի նշանակությունը։ Ասում է՝ այս փառատոնի հանդիսատեսը շատ լավ գիտի, որ գալով համերգասրահ՝ ունկնդրելու է բոլորովին նոր երաժշտություն, գուցե այնպիսի, որ սովոր չէ լսել։

Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը մեր երկրում անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Այն ժամանակ յուրաքանչյուր համերգ նվիրված է եղել մեկ կոմպոզիտորի։ Նախ խոսենք փառատոնի նշանակության մասին Հայաստանի մշակութային կյանքում, ի՞նչ նոր հնարավորություններ է այն ընձեռում մեր երիտասարդ ստեղծագործողների համար։

 «Ժամանակակից դասականներ» փառատոնը հիմնադրվել է 2019 թվականին, և այո, յուրաքանչյուր համերգ նվիրված էր մեր օրերում ապրող և ստեղծագործող կոմպոզիտորներից մեկին։ Այդ օրերին Երևան ժամանեցին մեծահամբավ կոմպոզիտորներ Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսանդր Չայկովսկին, Կառլ Ջենկինսը, մարդիկ, որոնք այսօր կերտում են դասական երաժշտության ապագան։ Ցավոք, Քշիշտոֆ Պենդերեցկին, որ 20-21-րդ դարերի ամենանշանավոր կոմպոզիտորներից է, այսօր մեզ հետ չէ, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը որոշեց ժամանակակից դասականների փառատոնը անվանակոչել իր լավագույն բարեկամներից մեկի՝ հայկական արմատներ ունեցող Քշիշտոֆ Պենդերեցկու անունով։ Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը նպատակ ունի հայ ունկնդիրներին ներկայացնելու մեր օրերում ստեղծագործող հեղինակներին, դասական երժշտության վերջին միտումները։ Այս փառատոնը նաև հնարավորություն է հայ երիտասարդ կոմպոզիտորների համար հանդիպելու մեծանուն կոմպոզիտորների հետ, մտքեր փոխանակելու, նրանցից սովորելու, ինչո՞ւ չէ, նաև ներկայացնելու իրենց ստեղծագործությունները։

Անդրադառնանք նաև փառատոնի այս տարվա ծրագրին։ Կայացե՞լ են նոր պրեմիերաներ։

 Փառատոնի շրջանակներում հիմնականում ներկայացվում են հենց պրեմիերաներ։ Այս տարի փառատոնը բաղկացած է երեք սիմֆոնիկ համերգներից, որոնց ընթացքում արդեն հնչել են էստոնացի կոմպոզիտոր Արվո Պյարտի, ֆինն հեղինակներ Կաիյա Սաարիահոյի և Սեբաստիան Ֆագերլունդի ստեղծագործությունները։ Հուլիսի 16-ի երեկոն նվիրված էր Քշիշտոֆ Պենդերեցկու հիշատակին. ներկայացվեցին նրա ստեղծագործությունները։ Իսկ հուլիսի 19-ի համերգային ծրագրում, որը կկրի «Աղոթքներ» խորագիրը, կհնչեն ուկրաինացի կոմպոզիտոր Վալենտին Սիլվեստրովի, անգլիացի լեգենդար կոմպոզիտոր Կառլ Ջենկինսի և ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։ Սիլվեստրովի և Ջենկինսի գործերը համաշխարհային պերմիերաներ են։ Ի դեպ, Կառլ Ջենկինսի երգչախմբային պասակալիան նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։

Այս տարի պատվավոր հյուրեր ունե՞նք փառատոնի շրջանակում։

Այս օրերին արդեն մեզ հետ է Վալենտին Սիլվեստրովը։ Նա ներկա կլինի իր ստեղծագործության համաշխարհային պրեմիերային, և հույս ունենք, որ հեղինակին դուր կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից նրա սիմֆոնիայի մեկնաբանումը։

Փառատոնը մեկնարկել է հուլիսի 9–ից։ Հանդիսատեսի արձագանքը ինչպի՞սին է։ Ո՞վքեր են հիմնական այցելուները։

Այս փառատոնի հանդիսատեսը շատ լավ գիտի, որ գալով համերգասրահ՝ ունկնդրելու է բոլորովին նոր երաժշտություն, գուցե այնպիսի, որ սովոր չէ լսել։ Շատերը ցանկանում են լսել նոր հնչողություն, նոր խոսք, և այս փառատոնը տալիս է այդ հնարավորությունը։ Ի դեպ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հաճախ է հանդես գալիս ժամանակակից գործերի ներկայացմամբ, և պետք է ասել, որ մարդիկ սպասում են դրանց։

Ո՞րքան եք կարևորում նման փառատոների անցկացումը մեր երկրում։

Միանշանակ, կարևոր են նման փառատոները։ Եվ շատ հատկանշական է, որ նման փառատոներ անցկացնելու գործում մեզ աջակցում է նաև ՀՀ ԿԳՄՍ-ն։ Փառատոները միայն համերգային գործունեությամբ չեն սահմանափակվում։ Դրանք ձայնագրվում, տեսագրվում են՝ հետագայում տարբեր հարթակներում ներկայացնելու համար։ Աշխարհը տեսնում է, որ Հայաստանը հետաքրքրված է ժամանակակից երաժշտությամբ, բացի այդ, նման փառատոներով նաև մենք ենք ներկայացնում մեր կոմպոզիտորական արվեստը։

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 133

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: