• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հոբելյանական 90-րդ թատերաշրջանի մեկնարկը՝ Վանաձորից

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հոբելյանական 90-րդ թատերաշրջանի մեկնարկը՝ Վանաձորից

2022-ը հոբելյանական տարի է Հայաստանի մշակութային խոշորագույն կենտրոններից մեկի` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար: Այս տարի հոբելյանական 90-րդ թատերաշրջանի մեկնարկը սեպտեմբերի 2-ին կտրվի Վանաձորից: Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելել Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան, իսկ սեպտեմբերի 3-ին  Վանաձորի Ազնավուրի անվան մշակույթի պալատում թատրոնի գեղարվեստական ղեկավար  Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ տեղի կունենա «3 Սոպրանո» խորագրով համերգը: 

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, վերհիշելով թատրոնի հսկայական մշակութային ավանդն ու ավանդույթները, շնորհավորում է թատրոնի աշխատակիցներին մշակութային կարևորագույն օջախի հոբելյանական 90-րդ տարեդարձի առթիվ:

«Յուրաքանչյուր երկրի համար օպերայի և բալետի թատրոնի գոյությունը համաեվրոպական մշակութային իրողություններին հարաբերակից լինելու և համաեվրոպական մեծ մշակույթի անդամ լինելու վկայությունն է: Թատերաշրջանի մեկնարկը Վանաձորից իրադարձային է, թատրոնի 150 աշխատակիցներ կլինեն Վանաձորում, և այն նաև պատմական է, քանի որ երբ մենք խոսում ենք մշակութային կյանքի ապակենտրոնացման մասին,  ապա կարող ենք նշել, որ նման կարևոր կառույցի հոբելյանին թատերաշրջանի մեկնարկը մարզից ապակենտրոնացման լավագույն դրսևորումներից մեկն է: Այն պետական քաղաքականության դրևորում է, ուղերձ հանրությանը, որ, այո՛, մշակութային իրադարձությունները պետք է կապել մարզերի հաստատությունների հետ:

օպերային թատրոն90

Փոխնախարարի խոսքով ախարհի մի շարք թատրոններ հենց մայրաքաղաքից դուրս են գործում և մեր խնդիրն է յուրացնել այդ մոտեցումը և այդ կերպ նպաստել նաև մարզերի սոցիալ-տնտեսական պայմանների զարգացմանը: Իսկ այս նախագիծը թատրոնի զարգացման ռազմավարության բաղադրիչներից մեկն է, ինչն արդեն այսօր իրականության է վերածվում:

Վանաձորում թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը նոր մոտեցմամբ կներկայացնի Ռ.Մավիսակալյանի և Ս. Շաքարյանի մշակումներով հայտնի ժողովրդական մեղեդիները: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը վստահ է, որ երիտասարդները, որոնց վստահված է նման պատասխանատու նախագիծը, պատվով կկատարեն իրենց առջև դրված խնդիրները:

«Վստահ եմ, որ Վանաձորի մեր հանդիսատեսը ուրախ կլինի լսել լոռեցու ստեղծագործությունը Լոռիում, սա նաև շատ խորհրդանշական երևույթ է: Բացի այդ ժողովրդական երաժշտությունն ընկած է ամեն ինչի հիմքում: 90-րդ թատերաշրջանը նաև համընկնում է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան տարեդարձի հետ և մենք աշխատանքներ ենք կատարում, որպեսզի թատրոնը հանդես գա նաև մեր երկրի սահմաններից դուրս: Թատրոնի հետ կհամագործակցեն հրավիրյալ ռեժիսորներ և բալետմաստերներ»,- ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Դուրգարյանը:

օպերային թատրոն90 1

Առաջիկա ծրագրերը ներկայացնելուց զատ խորհրդանշական էր նաև ասուլիսի ընտրության վայրը: Ինչպես մաեստրոն է ասում,  թատրոնը միայն ներկայացումները չեն, կարևոր է ողջ ստեղծագործական պրոցեսը: Այն միջավայրը և պայմանները, որտեղ երիտասարդ արտիստները ստեղծագործում են: Նկուղը, որտեղ կազմակերպվել էր ասուլիսը, տարվող շինարարական աշխատանքների արդյունքում շուտով վերածվելու է ստեղծագործական բեղուն օջախի:

«Օպերայի թատրոնը ցավոք չունի մեծ փորձասենյակներ և նկուղը կարող է դառնալ փորձասենյակ, որտեղ կինքնադրսևորվեն երիտասարդ ստեղծագործողները: Ավարտին է մոտենում նաև թատրոնի ներկայացումների անձնագրերի ձևավորման պրոցեսը, հաշվարկվում են դեկորները»,-հավելեց Դուրգարյանը:

Մշակութային այլընտրանքային հարթակներին անդրադարձավ նաև փոխնախարար Ա. Խզմալյանը` համոզմամբ, որ այս նկուղը  կվերածվի մշակութային փորձարարկան կենտրոնի, որին սիրով աջակցելու են:

«Հաճախ արվեստագետների մտահաղացումները և երևակայությունը կաշկանդվում են, քանի որ այն բոլոր հարթակները, որտեղ կարող են հանդես գալ, դասական ձևաչափեր են, որոնք թելադրում են իրենց գեղագիտությունը և մեր ստեղծագործողները վերջին շրջանում  ավելի շատ փնտրում են այլընտրանքային այնպիսի հարթակներ, որտեղ կարելի է փորձարարական այլ ձևեր ու մոտեցումներ ցուցադրել», - հավելեց բանախոսը:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 951

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: