Հայկական թվային արվեստի ցուցահանդեսը՝ Two Arcs-ում

Ամռան վերջին օրերը հիշարժան դարձան Two Arcs ցուցասրահի տեղացի այցելուների և զբոսաշրջիկների համար։ Բացվեց հայկական թվային արվեստի ցուցահանդեսը, որի ընթացքում ցուցադրվեցին թվային և NFT արվեստի աշխատանքներ` ստեղծված 23 հեղինակների կողմից։ Վիզուալ արտիստ Միշա Լիբերտեն և NFT Հայաստան համայնքի հիմնադիր Հայկ Ազարյանը միավորվել են մեկ գաղափարի շուրջ՝ ցուցահանդեսի միջոցով  հիմք դնել թվային արտիստների ավելի ուժեղ համայնքի ստեղծման համար և ցուցադրել նրանց ստեղծած աշխատանքների մի մասը:

Բացման օրվանից ի վեր ցուցասրահը համագործակցում  է շուրջ 12 նկարիչների հետ, իսկ այս անգամ ընդլայնում է համագործակցության շրջանակը։  Ցուցասրահի հիմնադիր, նկարչուհի Աննա Հարությունյանի շուրջ այս անգամ համախմբվել են նոր արտիստներ, որոնք ցանկանում են բացահայտել NFT-ների արագ զարգացող ու նորարական աշխարհը։ Մինչ այս ցուցահանդեսը 2021 թվականին Two Arcs արվեստի հարթակը կազմակերպել էր NFT-ների առաջին ցուցահանդեսը Երևանում։
Ցուցասրահը  բլոկչեյն տեխնոլոգիաների շուրջ էր միավորել բազմաթիվ հեղինակների, ծրագրավորողների, դիզայներների և այլ մասնագետների։ Gambling apes, Retirement Club, Angry Apes United և Astro Babies Solana ընկերությոունների ֆրիլանսերների համատեղ աշխատանքի շնորհիվ ներկայացվել էին հաջողված հավաքածուներից մի քանիսը, ներկայացվել թվային ոլորտում գործող հայ և օտարերկրյա բազմաթիվ հեղինակների կողմից ստեղծված մի շարք հավաքածուներ։

tvayin arvest2

«Մեր ցուցադրության նպատակն է միավորել բոլոր այն արտիստներին, որոնք հետաքրքրված են թվային արվեստով՝  NFT աշխատանքներով: Սա շատ կարևոր է, քանի որ այն կդառնա ինտեգրման լավագույն հարթակը արտիստների համար, որոնց աշխատանքներին շատերը ծանոթ չեն: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ռուսաստանաբնակ արտիստ, նկարիչ, դիզայներ Միշա Լիբերտեն ժամանակավոր տեղափոխվեց Հայաստան և առաջարկեց ստեղծել մի միջավայր, որտեղ կներկայացվեն մեր օրերում մեծ մասսայականություն վայելող nft  աշխատանքներ և կնպաստեն դրանց տարածմանը, արդյունքում կընդլայնվի նաև  համագործակցությունը: Մինչ ցուցադրությունը կազմակերպել ենք դասախոսություն  ՆՓԱԿ-ում և մեզ միացավ նաև Հայկ Ազարյանը, որը ևս արվեստի այս ճյուղի ջատագովներից է և համախմբել է մի շարք արտիստների: Այսօր ցուցահանդեսի համար նույն սկզբունքով ընտրվել են 27 արտիստներ, կան նաև մասնակիցներ ԱՄՆ-ից, Թուրքիայից»,-ասում է Աննա Հարությունյանը

Ցուցահանդեսի ոճային ուղղվածության ընտրությունը պատահական չի եղել, հաշվի են առնվել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ծնված բազմաթիվ նոր լուծումները: Վերջին տարիներին թվային արվեստը մեծ զարգացում է ապրել ողջ աշխարհում։ Շատ հեղինակներ դիմում են թվային գործիքների կիրառմանը իրենց ստեղծագործական գործընթացում, իսկ արվեստասերները ձգտում են ցուցահանդեսների, պատկերասրահների և աճուրդների միջոցով ստեղծել նոր ճանապարհներ այդ արվեստը գնահատելու և ձեռք բերելու համար։

 Ցուցադրված աշխատանքների թվում են նաև 3d արտիստ Սոնա Բաբայանի աշխատանքները։ Սոնան այժմ զբաղվում է  3d խաղերի մշակմամբ։ Պատանեկան տարիներից ուսումնասիրել է 3d լուծումները։ Իրեն համարում է աբստրակցիոնիզմի սիրահար և հենց այդ ժանրում էլ ստեղծագործում է, քանի որ այն ինքնաարտահայտման մեծ հնարավորություններ է ընձեռում։

tvayin arvest3

«3d-ն ինձ շատ  է օգնել, ես այդ կերպ արտահայտում եմ այն գույները, ձևերը, որոնք զգում եմ։ Դրա արդյունքում աշխատանքներիցս մեկն, օրինակ, պատկերում է ոսկե թելիկներ, քանի որ իմ ոգեշնչման աղբյուրը ոսկին է, ոսկենման, մի փոքր փայլ ունեցող  տարրերը: Ես պատկերում եմ մեզ շրջապատող ընկալելի և ոչ ընկալելի երևույթները: Ահա օրինակներից մեկում էլ պատկերել եմ ցավի տարբերվող դրսևորումներից որևէ մեկը: Այն արտահայտում է էմոցիաներ, գույների հստակ անցումներ: Դրանում ես ներկայացրել եմ ցավը, այն, թե ինչ է զգում մարդը ցավի ժամանակ: Թվային պատկերում ցույց եմ տվել ցավի բազմագույն և բազմաձև նյարդավորումները»,- ասում է Սոնա Բաբայանը:

NFT-ները (ոչ փոխարինելի նշանները) այսօր արվեստի աշխարհում հեղափոխություն են կատարում։ Թվային արվեստը երկար տարիներ թերագնահատված է եղել, իսկ այդ ոլորտի արվեստի գործիչները չեն կարողացել երաշխավորել իրենց աշխատանքների արժեքն ու հեղինակային իրավունքների պահպանումը։ NFT-ների շնորհիվ այս խնդիրների լուծումը հնարավոր է դարձել՝ ապահովելով թվային արվեստի յուրաքանչյուր աշխատանքի եզակիության կարևորագույն տարրը։ Վերջին մեկ տարվա ընթացքում համեմատաբար պարզ հավաքածուներից NFT-ները վերածվել են բացառիկ արժեքավոր ու ազդեցիկ երևույթի։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 942

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: