Երևանում կբացվի Գալյա Նովենցի անվան թատերական դպրոցը

Երևանում սեպտեմբերի 5-ին իր դռները կբացի «Գալյա Նովենց» թատերական դպրոցը: Չնայած դրան` դպրոցում ընդունելությունը կշարունակվի մինչև սեպտեմբերի 10–ը։

Դպրոց բացելու գաղափարը դերասանուհի Մարիամ Ղազանչյանինն է։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Ղազանչյանը նշեց, որ դպրոցը բացելու նախապատրաստական աշխատաքները տարվել են մեկ տարի: Վերջին երեք ամսվա ընթացքում ընդունելության փուլն է եղել երկու տարիքային խմբի համար՝ 7-13 տարեկաններ և 14-ից բարձր: Ընդունելությունը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 10–ը։

Դպրոցում դասավանդելու են պարուսույց  Արտյոմ Գևորգյանը, վոկալի դասախոս Աննա Մովսիսյանը, բեմական խոսքի դասախոս Զարուհի Հոհաննիսյանը։

«Մեր նպտակն է կրթել նոր սերնդին, երիտասադրներին, նրանց ավելի մոտեցնել մշակույթին, թատրոնին: Ունենք նաև դիմորդ-երիտասարդներ, որոնք, մեր դպրոցում սովորելով, ցանկանում են պատրաստվել թատերական ինստիտուտ ընդունվելուն: Ասեմ, որ բավական լավ մասնագետներ են հավաքված աշխատանքային խմբում»,-ասաց Մարիամ Ղազանչյանը:

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, որը նույնպես դասավնդելու է դպրոցում, նշեց, որ դպրոցի անունն արդեն պարտավորեցնող է, և հնարավորինս ամեն ինչ պետք է անել հաջողելու համար, մանավանդ, որ պրոֆեսիոնալներ են հավաքվել: Ըստ նրա՝ որքան շատ լինեն նման դպրոցներ, այդքան մեր հասարակության օգուտն է։

«Նման դպրոցի անհրաժեշտությունը կա: Այսօր թատերական ուսուցումը պատշաճ մակարդակով չի տարվում: Երեխաները կտրված են մշակույթից, ես չգիտեմ, թե այս «սմարթֆոնացավն» ուր է տանում մատաղ սերնդին: Շատ անհանգիստ եմ այդ կապակցությամբ: Թատրոնն արվեստի այն տեսակն է, որն իր մեջ ներառում է արվեստի բոլոր ճյուղերը՝ գրականություն, նկարչություն, երաժշտություն և այլն»,- ասաց Հակոբ Ղազանչյանը: 

Ռեժիսոր Արթուր Սարիբեկյանի խոսքով՝ դիմորդներին դպրոց ընդունելիս խիստ չափորոշիչներով չեն առաջնորդվել:

«Եթե մարդիկ ցանկանում են շփվել արվեստի, թատրոնի հետ, ապա դա պետք է ապահովենք: Մեզ համար կարևոր է, որ դպրոցի դռները բաց լինեն բոլոր դիմորդների համար: Մենք պետք է ամեն ինչ անենք մեր իմացածը նոր սերնդին փոխանցելու, նրանց կրթելու, մշակույթին մերձեցնելու համար»,- ասաց Արթուր Սարիբեկյանը:

Դասընթացը տևելու է մեկ տարի: Ավարտին աշակերտները հանդես են գալու ներկայացմամբ:

Ըստ բանախոսների՝ դպրոցի աշխատանքների հիմքում նաև թատերական ոլորտի տաղանդների բացահայտումն է, սակայն նույնիսկ եթե շատերը չգնան այդ ճանապարհով, միևնույն է, կլինեն ավելի կրթված, արվեստին ավելի մոտ:

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 803

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: