Առաջին անգամ համերգային կատարում թատրոնի նկուղում. կհնչի Ա.Պիացցոլա
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդիսատեսի համար պատրաստել է նոր անակնկալներ և նախագծեր, որոնցից առաջինը վաղը կհանձնվի հանդիսատեսի դատին։
Նոր թատերաշրջանը առանձնանալու է իր «underground» նախագծերով, քանի որ դրանք ոչ միայն իրենց բնույթով են տարբերվելու, այլ նաև իրենց անցկացման վայրով։
Այսուհետ ստեղծագործելու և այդ աշխատանքները հանդիսատեսի դատին հանձնելու տարբերվող վայր է դառնալու նաև թատրոնի նկուղը, որը արդեն վերանորոգվել է և նոր շունչ ստացել։
Օպերայի և բալետի թատրոնի մարկետինգի և PR բաժնի ղեկավար Քրիստինե Գրիգորյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց՝ վաղը կայանալիք ծրագրի շրջանակներում հանդիսատեսը կվայելի արգենտինական երաժշտությունը։
«Այսպիսի նախագծեր իրենց ֆորմատով թատրոնում չեն եղել։ Սա առաջին անգամ է։ Ծրագրում կհնչի Ա.Պիացցոլա-Մարիա դե Բուենոս Այրես տանգո օպերային կատարումը՝ որպես համերգային կատարում։ Մենակատարներն են դերասանուհի/երգչուհի Անի Լուպեն և թատրոնի երգիչներից՝ Աշոտ Ղանթարջյանը։ Մասնակցելու են նաև թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմը»,– ասաց նա։
Նմանատիպ ներկայացում թատրոնում արդեն եղել է՝ թատրոնի բեմում բեմանակացված։ Որպես համերգային կատարում՝ նպատակ կա ներգրավելու արգետինական երաժշտության սիրահարներին։
Ըստ Գրիգորյանի՝ նկուղը վերանորոգվել է, բայց պահպանվել են որոշ հնություններ, որոնք թատրոնի շունչն են։ Նպատակ կա այսպիսի նախագծերը շարունակական դարձնելու հենց նկուղում։
«Միտքը շատ վաղուց է եղել, և տնօրինությունը ու կազմակերպչական թիմը որոշեցին իրականություն դարձնել այս գաղափարը։ Նման նախագծերը աննախադեպ են և շատ հետաքրքիր։ Հանդիսատեսը բացառիկ հնարավորություն ունի հայտնվելու թատրոնի նկուղում»-ասաց նա։
Վաղվա միջոցառման ժամանակ հանդիսատեսի մուտքը սահմանափակ է լինելու։ Կախված միջոցառման ձևաչափից՝ կարող է նաև մեծ թվով հանդիսատես տեղավորվել։
Մերի Խաչատրյան
- Created on .
- Hits: 1244