• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Տեղի ունեցավ Շողեր Պետրոսյանի «Լույսեր» վավերագրական ֆիլմի պրեմիերան․ ֆիլմ` երեխաների, սիրո և պատերազմի մասին

Տեղի ունեցավ Շողեր Պետրոսյանի «Լույսեր» վավերագրական ֆիլմի պրեմիերան․ ֆիլմ` երեխաների, սիրո և պատերազմի մասին

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տան փոքր դահլիճում տեղի ունեցավ ռեժիսոր Շողեր Պետրոսյանի «Լույսեր» վավերագրական ֆիլմի պրեմիերան։

Ֆիլմն ամենակարևոր մարդկանց՝ երեխաների մասին է, որոնց մի մասը 44–օրյա պատերազմի ժամանակ կամավորական աշխատանքներ էր կատարում, մյուս մասն էլ պատերազմի հետևանքով պարզապես կորցրել էր հարազատ բնակավայրը։

«Երբ պատերազմի այդ համընդհանուր լարված մթնոլորտում մենք՝ մեծերս, փորձում էինք մի բան անել, մի բանով օգտակար լինել մեր երկրին, դա դեռ հասկանալի էր, բայց երբ երեխաներն էին կանգնել մեծերի կողքին և նրանց հետ պատրաստակամորեն աշխատում էին, դա շատ զարմանալի և միևնույն ժամանակ շատ տպավորիչ երևույթ էր»,- ասում է Շողեր Պետրոսյանը։

Luyser premiera1

Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի նկարահանումները սկսվեցին հոկտեմբեր ամսին, իսկ առաջին ծանոթությունը արմավիրցի 6-ամյա Վահեի հետ էր, որը ընկույզ էր հավաքում և վաճառում զինվորների համար՝ ամեն երեկո հաշվելով և փոխանցելով վաստակած ամենավերջին լուման։ Փոքրիկին հաջողվել էր ողջ պատերազմի ընթացքում հավաքել և փոխանցել 4.600.000 դրամ։

«Հետո հանդիպեցինք մյուս երեխաներին՝ Նարեին և Արփիին, որոնք իրենց մայրիկի կարի փոքրիկ արհեստանոցում մասնակցում էին զինվորների համար քնապարկեր կարելու ողջ գործընթացին։ Իսկ մայրիկին օգնելուց հետո հասցնում էին գնալ նաև Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոց և մյուս աշակերտների հետ քողարկող ցանցեր գործել»։

Շողեր Պետրոսյանն ասում է՝ ֆիլմի նկարահանումների մյուս մասն էլ շարունակեցին արդեն պատերազմից հետո՝ պատմելով այն երեխաների մասին, որոնք պատերազմի հետևանքով հայրենազրկվել էին, կորցրել սեփական տունն ու հայրենիքը՝ ապրելով անվերջ կարոտի և սպասումի մեջ։

«Թեև ֆիլմի առաջին հատվածը նկարահանվեց հենց պատերազմի ընթացքում, բայց նկարահանման այդ ողջ գործընթացը տեղի ունեցավ առանց խոչընդոտների, առանց միջադեպերի և շատ թեթև։ Սա երևի թե խոսում է այդ բարդ շրջանում մեր ունեցած միասնականության և իրար օգնելու մեր պատրաստակամության մասին»,- նշում է հեղինակը։

Luyser premiera2

Ռեժիսորի խոսքով՝ առանձնահատուկ գնահատանքի է արժանի ֆիլմի ստեղծագործական կազմի յուրաքանչյուր անդամ, որ նկարահանումների սկզբից մինչև վերջ իրենից մի մասնիկ նվիրել է ֆիլմին։

«Լույսեր» վավերագրական ֆիլմի բեմադրող օպերատորը Վազգեն Մարտիրոսյանն է, որը նաև ֆիլմի պրոդյուսերն է։ Ֆիլմի ստեղծման հարցում առանցքային դերակատարում ունեն նաև մոնտաժի ռեժիսոր Տիգրան Բաղինյանը, կոմպոզիտոր Միքայել Սարգսյանը, ֆիլմում հնչող «Մնա» երգի հեղինակ-կատարող Անիկ Մարգարյանը և այլ անձինք։

«Ֆիլմի հետագա ցուցադրումների հետ կապված հստակեցումներ կարվեն առաջիկայում, բայց ցանկանում ենք ֆիլմն ուղարկել տարբեր փառատոների՝ ցույց տալու այն ամենն, ինչի միջով մենք անցել ենք, ցույց տալու, թե ինչպիսի լուսավոր և պայծառ ապագա սերունդ ունենք մենք, և, ի վերջո, թե ինչքան լույս կա մեր մեջ»,- ասում է Շողեր Պետրոսյանը։

Անի Մարտիրոսյան

  • Created on .
  • Hits: 1626

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: