• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Անհանգիստ սրտով, բայց այնուամենայնիվ փառատոնը կայանում է․ Հայաստանում անցկացվում է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոնը

Անհանգիստ սրտով, բայց այնուամենայնիվ փառատոնը կայանում է․ Հայաստանում անցկացվում է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ը Հայաստանում կանցկացվի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոն: Փառատոնի շրջանակում տեղի կունենա 12 համերգ Երևանում, Կապանում և Չարենցավանում:

Կհնչեն ինչպես դասական ստեղծագործություններ, այնպես էլ հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ և հայ հեղինակների երգեհոնային ստեղծագործություններ: Կկայանան ծրագրային, այդ թվում՝  Կոմիտասին և Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգներ:

Փառատոնի բացման համերգը կայացավ երեկ՝ ժամը 19։00–ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը մեզ հետ զրույցում նկատում է ՝ երգեհոնային երաժշտության փառատոնի կայացումը երկար ճանապարհ է անցել:

«2020 թ.-ին ծրագիրը հաստատվեց, սակայն քովիդի և հաջորդած պատերազմի պատճառով չեղարկվեց: Եվ ահա այսօր, կրկին անհանգիստ սրտով, բայց այնուամենայնիվ փառատոնը կայանում է: Փառատոնը կրում է հայկական երգեհոնային դպրոցի նահապետ՝ Վահագն Ստամբոլցյանի անունը, որը երաժշտական աշխարհում երկու կուռք ուներ՝ Կոմիտաս և Բախ: Եվ, իհարկե, փառատոնի բացման համերգը պետք է կայանար Կոմիտասի ծննդյան օրը: Փառատոնի բացմանը կհնչեն Կոմիտասյան ստեղծագործոթյունների երգեհոնային մշակումներ»,– ասում է Սուքիասյանը:

Փառատոնին կմասնակցեն արտերկրի հայտնի երգեհոնահարներ՝ Ֆաբիո Մաչեռան(Իտալիա), Եվգենի Ավրամենկոն(Ռուսաստան), Ժան-Պիեռ Սթայվերսը(Նիդեռլանդներ), Լադա Լաբզինան(Ռուսաստան), Էմմանուել Առաքելյանը(Ֆրանսիա): Երգեհոնահարները կանցկացնեն նաև վարպետության դասեր: 

Հայկական երգեհոնային դպրոցը կներկայացնեն Աննա Բակունցը, Կարինե Հովհաննիսյանը, Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Հովհաննես Մանուկյանը, Արմեն Աղաջանյանը,  Դավիթ Հովհաննիսյանը, Լուսին Սառաջյանը, Լուսինե Հարությունյանը, Վահագն Մարգարյանը, Մարինա Նահապետյանը, Արփինե Հարությունյանը:

Փառատոնի ծրագրում ներառված են Կոմիտասին և Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգներ:

 

Կից ներկայացնում ենք նաև փառատոնի համերգացանկը․

 26.09.2022 / 19:00 / փառատոնի բացման համերգ  նվիրված՝ Կոմիտասի 153-ամյակին - Արմեն Աղաջանյան, Թերեզա Ոսկանյան, Հարություն Թագվորյան, Լուսինե Հարությունյան, Էլմիրա Մարգարյան(սոպրանո) / Ծրագրում՝ Կոմիտասի ստեղծագործությունների երգեհոնային մշակումներ / Կոմիտասի անվ. Կամերային երաժշտության տուն /

28.09.2022 / 19:00 / Ֆաբիո Մաչերա(Իտալիա) / Ծրագրում՝ Վ. Լյուբեկ, Թ. Գրյունբերգեր, Յ.Կ. Կուչար, Յ. Բ. Վանհալ, Ա. Վալենտե, Բ. Պասկուինի, Ֆ. Ֆերո, Ջ. Մորանդի / Կոմիտասի անվ. Կամերային երաժշտության տուն /

04.10.2022 / 19:00 / Եվգենի Ավրամենկո(Ռուսաստան) / Ծրագրում՝ Յ.Ս. Բախ, Յ. Պախելբել, Ա. Վիվալդի, Ս. Ֆրանկ, Լ. Լեֆեբյուր-Վելի, Հ.Ա. Շտամ, Լ. Բոելման / Կոմիտասի անվ. Կամերային երաժշտության տուն /

05.10.2022 / 19:00 / Եվգենի Ավրամենկո(Ռուսաստան)  և Վահագն Մարգարյան / Ծրագրում՝ Յ.Ս. Բախ, Ս. Ֆրանկ, Լ. Բոելման, Ֆ. Լիստ /  Չարենցավանի Ա․ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց /                                     

07.10.2022 / 19:00 / Ժան-Պիեռ Սթայվերս(Նիդերլանդներ), Եվգենի Ավրամենկո(Ռուսաստան), Կարինե Հարությունյան, Հարություն Թագվորյան, Մարինա Նահապետյան  / Յ.Ս. Բախ, Ս. Ֆրանկ, Լ. Բոելման, Օ. Յանչենկո, Ֆ. Մենդելսոն-Բարտոլդի / Կապանի արվեստի պետական քոլեջ /                               

09.10.2022 / 19:00 / Ժան-Պիեռ Սթայվերս(Նիդերլանդներ) / Դ. Բուքստեհուդե, Յ.Ս.Բախ, Ն. դը Գրինյի, Գ. Մուֆատ, Ա. Վան դեն Կերկխովեն, Ա. Վամես / Կոմիտասի անվ. Կամերային երաժշտության տուն /

15.10.2022 / 19:00 / Հովհաննես Մանուկյան / Օ. Մեսիան, Դ. Բուքստեհուդե, Ցինցաձե, Հ. Մանուկյան / Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճ/

18.10.2022 / 19:00 / Աննա Բակունց, Լուսինե Հարությունյան, Հարություն Թագվորյան, Դավիթ Հարությունյան, Արփինե Հարությունյան / Կոմիտասի անվ. Կամերային երաժշտության տուն /

22.10.2022 / 19:00 / Լադա Լաբզինա (Ռուսաստան): Համերգ նվիրված Միքաել Թարիվերդիևին/ Կոմիտասի անվ. Կամերային երաժշտության տուն /

27.10.2022/ 19:00 / Կարինե Հովհաննիսյան, Լուսին Սառաջյան, Վադիմ Թալալյան(ֆլեյտա) / Կոմիտասի անվ. Կամերային երաժշտության տուն /

01.11.2022/ 19:00 / Թերեզա Ոսկանյան, Արմեն Աղաջանյան, <<Սաղմոսերգու>> երգչախումբ(գեղ. ղեկավար և խմբավար՝ Վահե Բեգոյան) / Կոմիտասի անվ. Կամերային երաժշտության տուն /

06.11.2022 / 19:00 / փառատոնի փակման համերգ – Էմանուել Առաքելյան(Ֆրանսիա) / Կոմիտասի անվ. Կամերային երաժշտության տուն /

 

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 746

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: