• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • «Դետեկտիվ Ալենը». Ներկայացում՝ նվիրված 44-օրյա պատերազմում անմահացած Ալեն Մարգարյանին և գրված նրա հեքիաթների հիման վրա

«Դետեկտիվ Ալենը». Ներկայացում՝ նվիրված 44-օրյա պատերազմում անմահացած Ալեն Մարգարյանին և գրված նրա հեքիաթների հիման վրա

Ալեն Մարգարյանն ընդամենը մեկուկես ամսվա ծառայող էր, երբ սկսվեց Արցախյան երրորդ պատերազմը։ Ալենը կապի վաշտի ծառայող էր և պարտականությունների բերումով պարտավոր էր գտնվել թաքստոցում, սակայն պատերազմի առաջին իսկ օրվանից Թալիշի և Մատաղիսի առաջնագծում էր։ Երբ հրամանատարական կազմը հրահանգել է զենք-զինամթերք, սնունդ հասցնել առաջնագիծ, Ալենը ստանձնել է այդ աշխատանքը։ Մարտական առաջադրանքը կատարելիս Ալեն Մարգարյանը զոհվել է 2020 թվականի սեպտեմբերի 30-ին Մատաղիսում։

«Հայ Ֆեստ» կատարողական արվեստի միջազգային փառատոնի շրջանակում կկայանա Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի կողմից բեմադրված «Դետեկտիվ Ալենը» ներկայացման առաջնախաղը (hոկտեմբերի 1, 2), որը նվիրված է 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր Ալեն Մարգարյանին և գրված է նրա հեղինակային հեքիաթների հիման վրա։

Լրագրողների հետ հանդիպմանը Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանն ասաց, որ իր որդին ստեղծագործել է հենց առաջին դասարանից՝ 7 տարեկանից։ Նա երազել է ու մշտապես իր մայրիկին ասել է՝ «իմ հեքիաթները, գործերը դառնալու են բեսթսելերներ», ցանկացել է աշխատել մանուկների հետ, ստեղծագործել նրանց համար։

«Նա ստեղծագործում էր, գրում էր հեքիաթներ, նկարահանում էր ֆիլմեր, գերազանց տիրապետում էր հինգ օտար լեզուների։ Երեխաներն Ալենի հոգում ու սրտում էին, դա չէր կարող իր տրամաբանական ավարտը չունենար հեքիաթների տեսքով»,- նշեց Ն. Տերտերյանը։

«Դետեկտիվ Ալենը» ներկայացումը ստեղծվել է Ալենի երեք հեքիաթների հիման վրա։

«Մի քանի ամիս է ողջ ստեղծագործական թիմն աշխատել է ներկայացման վրա, ուզում էինք լիներ իր տեսակի մեջ չկրկվող, Ալենի լույսը, մեսիջներն աշխարհով մեկ տարածող, իսկ Ալենի հիմնական մեսիջն էր՝ կրթության, գիտության, գրքի նկատմամբ սիրո, ընթերցանության միջոցով բացահայտել աշխարհը, փոխել աշխարհը դեպի գեղեցիկը, բարին, վեհն ու ազնիվը»,- ասաց տիկին Նազելին։

Hay fest

Cultural.am-ի հետ զրույցում Ն. Տերտերյանը նշեց, որ Ալենի հեքիաթները, առակները, բացի ստանդարտ, դասական հեքիաթներին բնորոշ վերջաբանից, երբ բարին հաղթում է չարին և այդպես էլ պետք է լինի, անպայման իրենց մեջ աշխարհին, երեխաներին ուղղված հաղորդագրություններ ունեն՝ լինել աշխատասեր, ազնիվ, մի հեքիաթում դատապարտում է ագահությունը, մյուսում՝ չարությունը, երրորդում՝ դաժանությունը։

«Յուրաքանչյուրն ունի հստակ՝ կրթադաստիարակչական ասելիք»,- իր անմահացած որդու գրած հեքիաթների մասին խոսելով՝ ասաց մայրը։

Ալեն Մարգարյանի հեքիաթները «Զանգակ» հրատարակչությունը հավաքում է մեկ գրքում։ Այժմ խմբագրվում են դրանք, ընթանում են նկարազարդման աշխատանքները։ Գրքում հիմնականում մանուկ հասակում գրված հեքիաթները կլինեն։

«Այն, ինչ կապված է  Ալենի անվան հետ, պետք է արվի գերազանց, կատարյալ։ Այս գունազարդ գիրքն իդեալական նվեր կլինի մեր երեխաներին։ Ինչպես նաև ներկայացումը։ Համոզված ենք՝ հավերժ մնալու են մեր մանուկների, նաև մեծերի սրտում»,- ասաց նա։

Ն.Տերտերյանը հայտնեց նաև, որ «Դետեկտիվ Ալենը» ներկայացումը` որպես նվեր արցախահայությանը, աշխարհի մանուկներին, շրջիկ թատրոնով շրջագայելու է Արցախում, մասնակցելու միջազգային փառատոների։

«Իմ որդին մեծ ոգևորությամբ պրոպագանդում էր կրթությունն ու գիտությունը, արվեստն ու մշակույթը,  դրա հետ մեկտեղ անվախ, քաջ ու խիզախ երիտասարդ էր, որը  թողեց Բոստոնի համալսարանում իր կրթությունը, ապագան ԱՄՆ-ում, եկավ հայրենիք՝ կյանքը տալու իր ժողովրդի, պետության համար»,- ասաց 44-օրյա պատերազմում անմահացած Ալեն Մարգարյանի մայրը։

Hay fest1

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպվող «Հայ Ֆեստ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը: Հոբելյանական 20-րդ «Հայ Ֆեստ»-ը կրում է «The next 20 years will be better!» («Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը») խորագիրը:

Այս տարի «Հայ Ֆեստ»-ը կհյուրընկալի 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակիցների և հյուրերի, այդ թվում` հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների` Ռումինիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից, Էստոնիայից, Իրանից և այլ երկրներից:

Ասուլիսում փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն ասաց, որ չնայած ոչ այնքան տոնական տրամադրությանը` փորձում են թատրոնի տոնի որակն ապահովել։

Նա հայտնեց, որ երևանյան 14 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 26 ներկայացում: Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:

Փառատոնի հեդլայները Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի բալետի ակադեմիական թատրոնի «Ռոդեն` նրա հավերժ կուռքը» ներկայացումն է, որը կցուցադրվի փառատոնի շրջանակում:

Երևանյան թատրոններից «Հայ Ֆեստ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Երևանի Կամերային, «Համազգային», Հ. Թումանյանի անվան տիկնիկային և «Միհր» թատրոնները:

Հիմնական ծրագրից բացի` փառատոնի ընթացքում կլինեն վարպետության դասեր այնպիսի անվանի թատերական գործիչների կողմից, ինչպիսիք են թատերագետ Անդրեյ Մոսկվինը (Լեհաստան), պրոդյուսեր Յուկկա Հիտտը (Ֆինլանդիա): Ա. Ղուկասյանն ասաց, որ վարպետության դասեր կլինեն դերասանի, շարժման թատրոնի, մշակութային քաղաքականության, արվեստի կառավարման թեմաներով,  մասնագետները կխոսեն ժամանակակից մարտահրավերների մասին, երբ քաղաքականությունը կարող է մխրճվել մշակութային կյանք։

Փառատոնի բացումը կկայանա հոկտեմբերի 1-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում։ «ԷՄ Ստուդիո»-ն (Ռումինիա) կներկայացնի «Վերելակ» պարային ներկայացումը:

Որպես առաջին ներկայացում ընտրվել է Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի կողմից բեմադրված «Դետեկտիվ Ալենը» ներկայացումը։
 Փառատոնի շրջանակում ներկայացումներ կցուցադրվեն նաև Գյումրիում և Վանաձորում:

«Հայ Ֆեստ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի հիմնադիր նախագահն է Արթուր Ղուկասյանը:

2019-2021թթ. Եվրոպական Փառատոների Ասոցիացիան թվով 715 Եվրոպական փառատոներից «Հայ Ֆեստ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:

Նաիրա Տիգրանյան

  • Created on .
  • Hits: 1401

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: