Մեր երաժշտությանը հավասար չկար, և հաղթեց մերը․ Երևանի պետական կամերային երգչախմբի խմբավար

Օրերես Երևանի պետական կամերային երգչախումբը Լեհաստանում «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության փառատոնին արժանացել է առաջին մրցանակի պրոֆեսիոնալ երգչախմբեր անվանակարգում։
Փառատոնը անկացվում էր 41–րդ անգամ։ Երգչախումբը հրավերը ստացել է ամռանը և որոշել է, որ պետք է մասնակցել։
«Հին ու հայտնի փառատոն է։ Մենք իրենցից ստացանք հրավերը, ուսումնասիրեցինք, թե ինչ ենք անում, ծրագիրը ընտրեցինք և մեկնեցինք»,– մեզ հետ զրույցում ասում է երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանը։
Փառատոնին կամերային երգչախումբը մասնակցում էր առաջին անգամ։ Կատարել են Կոմիտասի, Դավիթ Հալաջյանի, Վահրամ Սարգսյանի երաժշտությունը։ Ոսկանյանի խոսքով՝ փառատոնի ժյուրիին և հանդիսատեսին գրավել էր հատկապես Կոմիտասյան երաժշտությունը։
«Մասնակցում էին առաջատար երկրների երգչախմբերը։ Մենք, երբ լսում էինք մնացյալ երգչախմբերի կատարումը, հասկանում էինք, որ մեր երաժշտության հետ համեմատած` հավասարը չկար, և մեր երաժշտությունը հաղթեց»,– նշում է երգչախմբի խմբավարը։
Ըստ նրա՝ փառատոն–մրցույթին մասնակցելիս ակնկալիք չի եղել, որ կարող է հաղթանակ ունենան, քանի որ մտածել են՝ առաջնահերթը տարբեր երկրների միջև եղած քաղաքականությունն է․ «Հաշվի առնելով ամբողջ աշխարհում տիրող այսօրվա իրավիճակը` չէինք սպասում, որ կարժանանայինք հաղթանակի։ Երգչախմբի տրամադրվածությունը շատ լավ էր, հեշտ կատարել ենք մեր աշխատանքը»։
Ոսկանյանը ասում է՝ երգչախմբի 22 կատարողներն էլ փառատոնին հիանալի ելույթ են ունեցել և գեղեցիկ ներկայացրել հայկական երաժշտությունը։
Փառատոնին մասնակցությունն իրականություն է դարձել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն աջակցությամբ։ Այն տեղի է ունեցել սեպտեմբերի 21-25-ը։
Մերի Խաչատրյան
- Created on .
- Hits: 2849