Երևանի Շեքսպիրյան միջազգային փառատոնը՝ կարևոր առաքելությամբ ու ասելիքով

«Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործություններն արդիական են, դրանցում ներկայացված են խնդիրներ, որոնք ակտուալ են բոլոր ժամանակներում»,-հոկտեմբերի 17-ին կայացած ասուլիսում նման համոզմունք հայտնեց Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի տնօրեն Կարո Բալյանը։ Ասուլիսը նվիրված էր Երևանի Շեքսպիրյան միջազգային 16-րդ թատերական փառատոնի բացմանը։ Այն կշարունակվի մինչև հոկտեմբերի 22-ը։  Փառատոնի բացումը տրվում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբ (բեմադրող բալետմայստեր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Վինոգրադով)։

Այս տարի փառատոնը կհյուրընկալի 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակցի և հյուրի։ Նրանց թվում են հեղինակավոր արվեստագետներ, միջազգային փառատոների տնօրեններ Իտալիայից, Հունգարիայից,  Ռումինիայից, Ղազախստանից, Իրանից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Ֆրանսիայից։ Երևանյան 11 բեմահարթակում վեց օրվա ընթացքում կցուցադրվի ավելի քան 19 ներկայացում 18 թատերախմբի մասնակցությամբ։ Ներկայացում կցուցադրվի նաև Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում. Նովոռոսիյսկի դրամատիկական թատրոնը (Ռուսաստան) կներկայացնի «Լիր արքան»։ Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև հատուկ ծրագիր «FestOFF» խորագրով, որը նախատեսված է ուսանողների և անկախ թատերախմբերի համար։ Փառատոնի օրերին կանցկացվեն վարպետաց դասեր։ Երևանի Շեքսպիրյան փառատոնը ձեռք է բերել բացառիկ համաձայնություն․ փառատոնի օրերին վարպետաց դասեր կվարի հայտնի թատերական ռեժիսոր, մանկավարժ, մի շարք թատերական մրցանակների դափնեկիր Յուրի Բուտուսովը (ՌԴ)։ Սա աննախադեպ հնարավորություն է  հռչակավոր ռեժիսորի հետ  շփվելու համար։

Sheqspiryan Paraton 1

Ասուլիսում Կարո Բալյանը հայտարարեց, որ Երևանի Շեքսպիրյան միջազգային 16-րդ թատերական փառատոնն այս տարի միտված է կոնկրետ քաղաքականության. «Բացի մշակութային հրավառությունից՝ փառատոնի օրերին 19 ներկայացում կցուցադրվի 18 թատերախմբի մասնակցությամբ, կլինի նաև ակցիա-փառատոն։ Մեր նպատակն է, որ մեր ձայնը հասանելի լինի միջազգային հանրությանը` կապված  Ադրբեջանի սեպտեմբերին իրականացրած ագրեսիայի հետ։ Դրա համար մենք հանդես ենք գալիս #SaveCulture, #StopAggression թեմայով։ Կարևոր առաքելություն է, կարևոր խողովակ է միջազգային մշակութային հարթակներում մեր ձայնը լսելի դարձնելու համար»։

 Նա նշեց, որ չի եղել այնպիսի հյուր, որը ընտրված թեմայի պատճառով հրաժարվի  մասնակցել փառատոնին։

«Սա մշակութային իրադարձություն է, մշակույթով պետք է ճիշտը ներկայացնել»,- ասաց Կ.Բալյանը։

Նա հայտնեց, որ տոմսերից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործությանը՝ հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական թերապիային։

«Ահա այս երեք շատ նշանակալի իրադարձություններն ենք պատրաստել բոլորի համար»,- ասաց փառատոնի տնօրենը։

Sheqspiryan Paraton 3

Շեքսպիրյան փառատոնն անցկացվում է «Մենք» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ  և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Ասուլիսում «Մենք» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Հայկ Գրիգորյանն ասաց, որ մինչև սեպտեմբերի 13-ը՝ ադրբեջանական զինված ուժերի հարձակումը Հայաստանի վրա, լրիվ այլ կերպ էին նախապատրաստվում փառատոնին։

«Սեպտեմբերի 13-ից հետո երկար մտածում էինք՝ այս պահին նման փառատոն անցկացնելու անհրաժեշտություն կա՞, թե՞ չկա։ Քննարկումների, մեր մտորումների արդյունքում եկանք եզրակացության, որ պետք է անենք և օգտագործենք փառատոնը որպես հարթակ, փառատոնի միջազգային մասն օգտագործել այն առումով, որ մասնակիցներին, թատերախմբերին ներգրավել ու իրենց օգնությամբ բարձրաձայնել, ավելի լսելի դարձնել այն խնդիրները, որոնց առաջ հիմա կանգնած է հայ մարդը։ Ինչ վերաբերում է փառատոնին, ընդհանրապես մշակութային միջոցառումը  պետք է ունենա ասելիք, խոսք։ Այս տարի մեր փառատոնի ասելիքն է՝ #SaveCulture, #StopAggression. դա հենց այն է, ինչի կարիքը մենք բոլորս ունենք այս պահին և այս պարագայում փառատոնը դառնում է հարթակ»,- ասաց Հ. Գրիգորյանը։

Գերմանիայից «PPS Pressoffice» լրատվական գործակալության ղեկավար Դիեթեր Թոփը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ուրախ է գտնվել Հայաստանում, մասնակցել Շեքսպիրյան փառատոնին, քանի որ շատ կարևոր է շեքսպիրյան գաղափարները, միջազգային փառատոնի գաղափարները Երևանից տեղափոխել Եվրոպա ու դրանց հաղորդակից դարձնել նաև եվրոպացիներին։ Նա նշեց, որ փառատոնի թեման շատ ճիշտ է ընտրված՝ #SaveCulture, #StopAggression։

Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնի հեդլայներ կդառնան Սանկտ-Պետերբուրգի պատանի հանդիսատեսի թատրոնի «Ձմեռային հեքիաթ» (Ռուսաստան) և IM Perfect թատերախմբի «Ռոմեո և Ջուլիետ» (Իտալիա) ներկայացումները։

Ասուլիսին ներկա Սանկտ Պետերբուրգի Ա. Ա. Բրյանցևի անվան Պատանի Հանդիսատեսի թատրոնի տնօրեն, «Ռադուգա» միջազգային թատերական փառատոնի ղեկավար Սվետլանա Լավրեցովայի խոսքով, «Ձմեռային հեքիաթ»-ի մասին Շեքսպիրը գրել է, որ այստեղ ամեն ինչ կգտնեք՝ Օթելլո, Լիր արքա, Ռոմեո և Ջուլիետ։

Sheqspiryan Paraton 2

Ներկայացման ռեժիսորն է Ուլանբեկ Բայալիևը։ Բեմադրության սյուժեի հիմքում ընկած է դրամատիկական լուրջ կոնֆլիկտ` երկու վաղեմի ընկերների և սիրեցյալ կնոջ միջև։ Բուռն դեպքերն ու մոլեգին էմոցիոնալ դրվագները զուգորդված են հումորային-զվարճալի խաղերով․ այդ իսկ պատճառով համարվում է, որ ստեղծագործությունը պատկանում է «տրագիկոմեդիայի» ժանրին։ Մասնագետների կարծիքով՝ «Ձմեռային Հեքիաթ»-ում Շեքսպիրը փորձել է «հաշտեցնել» իր բոլոր հերոսներին:

«Շեքսպիրն իրականում ժամանակակից է։ Նա գրել է մարդու ամբողջ էության մասին՝ սիրո, մահվան, դաժանության…»,- ասաց  Սվետլանա Լավրեցովան։

Ասուլիսի վերջում Կարո Բալյանը հպարտությամբ ընդգծեց, որ ԱՊՀ-ում Հայաստանը միակ երկիրն է, որտեղ անցկացվում է  Շեքսպիրյան փառատոն։ 

Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոների ցանցի անդամ է: 2016թ․-ից փառատոնի տնօրենը Կարո Բալյանն է։ Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Նաիրա Տիգրանյան

  • Created on .
  • Hits: 1978

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: