«Հուլունքախաղ»՝ պերֆորմատիվ ընթերցում ձմեռային արևադարձին

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում դեկտեմբերի 22-ին «Հուլունքախաղ» էր՝ պերֆորմատիվ ընթերցում ձմեռային արևադարձին: Մտահղացման հեղինակներն էին երաժշտագետներ Լեոպոլդո Սիանոն և Շուշան Հյուսնունցը։

Ներշնչված Հերման Հեսսեի վեպով և ուղղորդվելով ազատ ասոցիացիաների դիցաբանական մեթոդով՝ theatrum phonosophicum-ը ստեղծեց տարազգացական պերֆորմատիվ իրադարձություն՝ հանդիսատեսի հետ միասին վերապրելով ձմեռային արևադարձը։

hulunqaxax 2

Հերման Հեսսեի վերջին վեպը պատմում է մի խորհրդավոր գործառության մասին, որը հիմնված է տիեզերա-բանաստեղծական անալոգիաների վրա, այն է՝ Հուլունքախաղը: Այս Խաղը՝ որպես «կախարդական թատրոն», ձգտում է լինել բոլոր արվեստների և գիտությունների սինթեզը: Սակայն խաղի կանոնները վեպում չեն նկարագրվում, այլ միայն ակնարկվում: Այս Խաղում երաժշտությունը կենտրոնական դեր ունի՝ միավորված մաթեմատիկայի, աստղագիտության և փիլիսոփայության հետ:

Theatrum Phonosophicum-ը ստեղծարարությամբ կիսվելու փորձարարական դաշտ է, որտեղ ավանդական գիտելիքները խաչաձևվում են էքսպերիմենտալ գործառույթների հետ: Տարբեր արվեստային արտահայտչաձևերի սինթեզի միջոցով հնարավոր է դառնում աշխատել սեփական անձի և կոլեկտիվ անգիտակցականի հետ:

hulunqaxax 4

Cultural.am-ի հետ զրույցում «Հուլունքախաղ»-ի մասնակիցներից նկարիչ, դիզայներ, գրող Լիա Պետրոսյանը պատմեց, որ արձագանքելով կազմակերպիչների բաց կանչին՝ մասնակցել է նախքան բուն միջոցառումը տեղի ունեցած հանդիպումներին.

«Ինձ շատ հետաքրքրեց տարազգացական պերֆորմանսը։ Նախապատրաստական հանդիպումների ընթացքում պարզեցինք, թե ինչ պետք է տեղի ունենա, ինչ սկզբունքով է, ինչից են հեղինակները, կազմակերպիչները ոգեշնչված։ Ոգեշնչվել են Հերման Հեսսեի «Հուլունքախաղ» վեպից, որտեղ խոսվում է ընտրյալ գիտությունների, մշակույթի, ինտելեկտուալ,  ընտրյալ զանգվածի մասին, որը հանդիպում, հավաքվում է  մի տեղում, որպեսզի զտվի իրականությունից։ Շատ հետաքրքրեց ինձ, և ցանկացա հանդես գալ որպես մասնակից»։

hulunqaxax 6

Միջոցառման ծրագրում ներառված էր դասախոսությունների շարք՝   նվիրված համաստեղության 12 նշաններին։ Այդ փոքրիկ ակնարկների ընթացքում «Հուլունքախաղ»-ի բուն մասնակիցները շարունակում էին իրենց «խաղերը», իսկ ունկնդիրները «Հուլունքախաղ»-ի այցելուներն էին։ Վերջիններս  կարող էին մոտենալ նաև պերֆորմանսի մասնակիցներին ու նրանց հետ «խաղալ»։

hulunqaxax 3

Լիայի «խաղը» գործելն էր. գործում էր արև՝ դեղին թել, ոսկեգույն հելյուն, նույնիսկ մատներն էր դեղին հարդարել.

«Այսօր այն օրն էր, երբ մենք ապրեցինք տարվա ամենաերկար գիշերը։ Դրանից հետո սպասվում է երկար արևային օր, այսինքն արևը սկսում է գերիշխել։ Լիահույս լինենք, որ արևը երկար լինի, որ մթից հետո լինելու է այդ լույսը։

Գործում եմ արև, որը պետք է ծագի, հաստատի իր ազդեցությունը, միշտ այդ մտքի թելը, որ անպայման արևը  բացվելու է, մեր մեջ պահենք, հավատանք ու հույսով լինենք, նույնիսկ մթին չպետք է հուսահատվենք, ընկճվենք»։

hulunqaxax 7

Լեոպոլդո Սիանոն երաժշտության փիլիսոփա և հնչյունային ակցիոնիստ է: Դասավանդել է Քյոլնի համալսարանում: Նրա երաժշտագիտական աշխատանքները հրատարակվել են տարբեր լեզուներով։

Շուշան Հյուսնունցը երաժշտագետ և հնչյունային ակցիոնիստ է: Երաժշտագիտական ուսումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ավարտելուց հետո 2012թ. մեկնել է Գերմանիա: 2016թ. ավարտել է Քյոլնի համալսարանի երաժշտագիտական ֆակուլտետի Master of Arts ծրագիրը: Դասավանդել է նույն համալսարանում:

Նաիրա Տիգրանյան

  • Created on .
  • Hits: 199

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: