Ստանիսլավսկու թատրոնում 75-րդ թատերաշրջանն է բացվում. 2022-ին թատրոնը լավ արդյունքներ ունեցավ

Անցյալ տարին հոբելյանական էր թատրոնի համար, իսկ այս տարի 75-րդ թատերաշրջանն է բացվում Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը: 
Այս մասին հունվարի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը։

Ըստ նրա՝ 2022 թվականը թատրոնի համար բավականին հաջող տարի էր։ Նոր բեմադրություններ, հյուրախաղեր, և, վերջապես, «Արտասահմանյան լավագույն ռուսական թատրոն» միջազգային թատերական մրցանակ:

Նա ներկայացրեց «Звезда театрала» թատերական մրցանակաբաշխությունը, որի ընթացքում, միջազգային հանդիսատեսի համակրանքի հիման վրա և քվեարկության արդյունքներով է որոշվում որևէ անվանակարգում հաղթողը։

««Звезда театрала»  մրցանակաբաշխությունն ունի նաև «Արտասահմանյան լավագույն ռուսական թատրոն» անվանակարգ։ Հետաքրքիրն այն է, որ մենք նույնիսկ չգիտեինք, որ  Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը ներկայացվել է այդ մրցանակին։ Մենք այդ մասին տեղեկացել ենք այն պահին, երբ զանգել ու հայտնել են, որ short list-ում ենք: Ի դեպ, այդ մրցույթին մասնակցում են աշխարհի լավագույն ռուսալեզու թատրոնները»,- նշեց Կարեն Ներսիսյանը։ 

Նրա խոսքով՝ ընտրության արդյունքում լավագույն եռյակում  են հայտնվել երեք թատրոն՝ իտալական թատրոնը, Ալմա Աթիի Վ․ Լերմոնտովի անվան  ռուսական թատրոնը և  Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը. «Ես մեկնեցի Մոսկվա։ Վախթանգովի անվան թատրոնում էր կայանում մրցանակների հանձնումը։ Դա շատ պատվավոր մրցանակաբաշխություն է։ Այնտեղ մրցանակներ հանձնվեցին նաև այնպիսի դերասանների, որոնց թվում են, օրինակ, Ալեքսանդր Կալյագինը, Իգոր Յասուլովիչը, կամ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար  մրցանակը հանձնվեց Եվգենի Պիսարևին, լավագույն ներկայացումը «Պատերազմ և խաղաղությունն» էր»։ 

Ներսիսյանը նաև մրցանակաբաշխության ժամանակ տեղի ունեցած պատահական դեպքի մասին պատմեց. «Չգիտեմ՝ արժի այս մասին պատմել, բայց դա ինձ բավականին զվարճացրել է: Այնտեղ մի փոքրիկ թյուրիմացություն, խառնաշփոթ եղավ։ Երբ հայտարարվում էր անվանակարգը, նշվեց, որ  որպես լավագույն արտասահմանյան ռուսալեզու  թատրոն ներկայացված է Իտալական դերասանների համագործակցությունը, մեկ էլ  Վախթանգովի թատրոնի դահլիճի ողջ էկրանով մեկ մեր թատրոնի ներկայացումից  նկար ցուցադրվեց,  ու դահլիճը պայթեց ծափահարություներից։ Ստացվում է՝ մեզ երկու անգամ բուռն ծափահարեցին. սկզբում իբրեւ իտալացիների, հետո՝ մեզ, երբ հայտարարվեց Հայաստանի անունը»,- ասաց նա։

Ներսիսյանի խոսքով՝ շատ հաճելի է թատրոնի համար նման լավ արդյունք ունենալը 2022-ին։

Նրա հավելմամբ՝ թատրոնի խաղացանկն ընդլայնվել է, ներկայացումներ են խաղում նաև փոքր բեմի վրա, որոնց թվում են «Խաղը»՝ Դոն Նիգրոյի «Գորգոնները» պիեսի մոտիվներով, «Նրան սպասելիս»-ը՝ ըստ Միխայիլ Խեյֆեցի, և Ռոբերտ Հակոբյանի «Հիշիր քո անունը» մոնոներկայացումը՝ նվիրված Կոմիտասին։ Նա մեծ բեմի համար արված  ներկայացումներից էլ խոսեց։ Հավելեց, որ անցյալ տարի ունեցել են պրեմիերաներ՝  Չեխովի «Բալի այգին», «Վիյը»՝ ըստ Գոգոլի  և  «Արքայադուստր գորտը»՝ ըստ ռուսական ժողովրդական հեքիաթի։

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 86

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: