«Դասարան+Դասական». երբ աշակերտները մայր թատրոնից դուրս են գալիս թատրոնով ու արվեստով վարակված

Երկշաբաթյա աշխատանք՝ դերասանի վարպետության դասեր, տեսական դասախոսություններ, հանդիպումներ հայտնի արվեստագետների հետ, պարապմունքներ, փորձեր և արդյունքը՝ նոր ներկայացումներ։ Իսկ դերասանները Հայաստանի տարբեր դպրոցների ավագ դասարանների աշակերտներն են։

«Մենք գալիս ենք դասարան-դասակա՞ն»։

Արդեն 4 տարի է` Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը։ Այն նախատեսված է հանրապետության ավագ դպրոցների աշակերտների համար, միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը։ Ծրագիրը, որը մշակել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, հնարավորություն է ընձեռում աշակերտներին ծանոթանալ ոլորտի լավագույն մասնագետների հետ, պատկերացնել թատրոն-համակարգի ամբողջական կառուցվածքը։ Երկու շաբաթ նրանք «ապրում են» մայր թատրոնում, ակտիվորեն աշխատում են, երեկոյան ներկայացումներ են նայում, պատրաստում իրենց բեմադրությունները։

Dasaran dasakan 1

Այս տարիների ընթացքում ծրագրի շրջանակում մասնակիցների հետ աշխատել են բարձրակարգ պրոֆեսիոնալներ՝ Նելլի Խերանյանը, Արթուր Կարապետյանը, Դավիթ Հակոբյանը, Հայկ Իսրայելյանը, Արիկ Ասատուրյանը, Լիլի Էլբակյանը, Արաքսյա Մելիքյանը, Վարդան Մկրտչյանը, Ռուզաննա Հախնազարյանը, Ծովինար Մարտիրոսյանը և ուրիշներ։

«Երբ պատանի հասակում մարդն անտարբեր չէ թատրոնի նկատմամբ, ուրեմն արդեն իր հոգեկան կազմը լիարժեք է»,- արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանն է խոսքերի հեղինակը։

«Եթե ուզում ենք ունենալ գրագետ հանդիսատես, բարձրաճաշակ և կողմնորոշված արվեստասեր հանրություն, ապա հենց այս տարիքից մենք պետք է ճիշտ ուղղորդենք աշակերտներին, ներկայացնենք թատերարվեստի ոլորտի արժանավոր մարդկանց, ապահովենք նրանց երկխոսությունը»,- սա էլ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի համոզմունք է։

Dasaran dasakan 2

2022 թվականին «Դասարան+Դասական» ծրագրին մասնակցության հայտ էին ներկայացրել ավելի քան 300 աշակերտներ Հայաստանի տարբեր դպրոցներից։ Նրանցից մրցութային կարգով ընտրվել էին 70-ը: Երկշաբաթյա ծրագրի ընթացքում մասնակիցներն աշխատել են խմբերով՝ իրենց մենթոր-ղեկավարների և դասախոսների ղեկավարությամբ։ Դրամատիկական խմբերին զուգահեռ՝ ծրագիրն ունեցել է նաև պարի և մնջախաղի խմբեր։ Ընդհանուր՝ 6 խումբ։

Ծրագրի մասնակիցները, կիսվելով իրենց տպավորություններով (https://www.facebook.com/dasaran.dasakan/videos/680317686898223/), ասում են. «Սպասելիքներս գերազանցվել են», «մեծ ծանրաբեռնվածություն է, բայց հաճելի»։

«Ցանկացել եմ գալ թատրոն, որպեսզի ավելի լավ ճանաչեմ թատրոնը, հասկանամ, թե բեմից այն կողմ ինչ է կատարվում»։

«Մեծ շանս է. ուսանելով պրոֆեսիոնալ ուսուցիչների մոտ՝ կկատարելագործվեմ, մեծ դաս կքաղեմ, որը կօգնի ինձ հետագա ճանապարհի ընթացքում»։

«Այստեղից ավելի ազատություն կարող եմ վերցնել, քան որևէ կրթական հաստատությունից»։

«Այս նախագիծն ինձ շատ հետաքրքրեց, ոգևորեց։ Ինձ համար լույս է, ծիլ է, որը հետագայում կտա լավ արմատ, կաճի»,- ասում է խմբերից մեկի ղեկավար, պարուսույց Արիկ Ասատուրյանը։

Dasaran dasakan 3

Cultural.am-ը զրուցել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ ծրագրի հիմնական նպատակի, ակնկալվող արդյունքների մասին։

Այս 4 տարիների ընթացքում քանի՞ աշակերտ է օգտվել ծրագրից։

Առաջին տարին՝ 2019 թվականին, ունեցանք 60 մասնակից ավելի քան 260 հոգուց, կորոնավիրուսի ժամանակաշրջանում մենք ծրագրի առցանց տարբերակն իրականացրինք, 2021-ին՝ 60 մասնակից, այս տարի՝ 70 մասնակից։ Մեկ խումբ ավելացրինք այս տարի, քանի որ պահանջարկը շատ մեծ էր։ Դիմորդների թիվն անցավ 300-ից։

Պարոն Մկրտչյան, ասացիք, որ տարեցտարի պահանջարկը մեծանում է, դա ինչի՞ մասին է խոսում։ Ծրագիրը հասնո՞ւմ է իր նպատակին։

Միանշանակ։ Մասնակիցների ակտիվությունը հենց դրա վկայությունն է, որ ծրագիրը կայացած է և պահանջված։

Ծրագիրն ունի մի քանի հիմնանպատակ։

Նախ՝ մենք իրականացնում ենք այս նախաձեռնությամբ հանդիսատեսի զարգացման ծրագիրը։ Հանդիսատեսը զուտ այն մարդը չէ, որ օրերից մի օր բախտի քմահաճույքով կամ գովազդի արդյունքում կարող է գալ, տոմս առնել, ներկայացում նայել ու գնալ։ Հանդիսատեսի զարգացումը շատ ավելի խորքային, երկարաժամկետ երևույթ է, և մենք փաստացի սկսեցինք խոսել, դիալոգի մեջ մտնել աշակերտների հետ, բացատրել նրանց՝ ինչ է թատրոնը, խոսել նրանց հետ թատրոնի մասին։ Ոչ թե ուղղակի պարտադրել թատրոն երևույթը, այլ բացատրել, կիսվել, նրանց ներառել դրա մեջ։ Սրանով իրենք դառնում են թատրոնի, թատերական համայնքի, թատրոն սիրող, թատերարվեստը հարգող, ընկալող մարդիկ, որոնք տարեցտարի իրենց գիտելիքներն այս ուղղությամբ հավելելով, զարգացնելով, դառնում են թատերական համայնք, որը տարիներ հետո ձևավորելու է իր պահանջմունքներին համապատասխան թատրոն։ Այսինքն` մենք ունենալու ենք կիրթ, թատրոնն իմացող, ավելի մեծ պահանջմունք ունեցող հանդիսատես։ Սա շատ երկարաժամկետ ծրագիր է։ Այստեղ մենք արդեն ունենք հաջողություն, քանի որ մեր բոլոր շրջանավարտներն անընդհատ գալիս են թատրոն, իրենց հետ բերում են մարդկանց, նրանց փոխանցում են իրենց գիտելիքները, ինչը շատ կարևոր և լուրջ քայլ է։

Dasaran dasakan 4

Հաջորդիվ. կարծում եմ՝ աշխարհում շատ քիչ են այն մարդիկ, որոնք իրենց կյանքի գոնե մի փուլում չեն երազում դերասան դառնալ։ Նաև մարդկանց պետք է հստակ բացատրել, թե դա ինչ աշխատանք է։ Մեր բարձր դասարանցիները մասնագիտական կողմնորոշում մասնագիտական լուրջ հարթության վրա չունեն։ Եթե որևէ աշակերտ գնում է ստուդիա, չի նշանակում, որ ինքը մասնագիտական առումով շատ կողմնորոշված է։ Այսինքն` ամբողջապես ապահովում ենք մասնագիտական կողմնորոշում։

Երրորդ հիմնանպատակը. այս նախագիծը կերտում է իրական քաղաքացու նկարագիր։ Եթե մարդն իր կյանքում չի կրում մշակույթ, ապա նա ինչի՞ համար է պայքարում, աշխատում, ի՞նչ է ստեղծում, միայն նյութականի՞, կուշտ լինելու համա՞ր։ Կարծում եմ՝ ոչ։ Առանց հոգևոր կյանքի, առանց հոգևոր հարստության, քաղաքացին, ըստ իս, լիարժեք չէ։

Հիմնական փիլիսոփայությունները սրանք են, նաև, իհարկե, ինքնարտահայտվելու, լուրջ հեղինակների հետ ծանոթանալու, շփվելու, թատրոն երևույթն ավելի լայն ձևով ընկալելու մի հնարավորություն է այս ծրագիրը։

Իր ձևաչափով շատ ինքնատիպ է։ Երբ ասում եմ դիալոգի մեջ մտնենք, խոսենք, բացատրենք, սա չի նշանակում, որ լեկցիաներ ենք կարդում այդ երեխաներին։ Նախ և առաջ իրենց մտցնում ենք պրակտիկ դաշտ։ Աշակերտն ինքը դառնում է մասնակից-կրողը, դառնում է բեմադրության մաս, հայտնվում է  բեմում, հանդիսատեսի առաջ։ Այս ամբողջ պրոցեսի զգացողությունն ինքն իր մաշկի վրա զգում է։

Եթե շատ անկեղծ լինեմ, ես շատ կերազեի այն տարիներին, երբ ես դպրոցական էի, այս տեսակ ծրագիր լիներ։

Dasaran dasakan 6

Կրթված, ավելի բանիմաց, իր պահանջմունքներով ավելի բարձր հանդիսատեսի պակաս մենք ունե՞նք։

Դա մի պրոցես է, որի ուղղությամբ անընդհատ պետք է աշխատել։ Հանդիսատեսի զարգացում ասվածն այնպես չէ, որ հինգ, տասը տարի աշխատենք, կհասնենք լուրջ արդյունքի։ Հարատև աշխատանք է պահանջում։ Մենք ունեցել են հանդիսատես, որոնց ընտանիքներում եղել է  թատրոն հաճախելու մշակույթ, տարվա մեջ մի քանի անգամ այցելել են թատրոն։ Այդ սերունդը գնալով էապես պակասել է, եթե չասեմ այլևս տոկոս չի կազմում։ Ցավոք սրտի, եղել է մի ժամանակաշրջան, երբ թատրոնով, թատրոնի կառավարումով զբաղվել են ոչ մասնագետները, շատ դեպքերում թատրոնների լոկոմոտիվ ուժ եղել են ոչ մասնագետները, թատրոնի ուղղությամբ ոչ կրթված, ոչ էլ պրակտիկ փորձառություն ունեցող մարդիկ։ Այդ ժամանակահատվածում շատ աղավաղվել է այդ պրոցեսը։ Օրինակ` երեխաներին ստիպողաբար թատրոն բերելը, խմբակային ուղղորդումները դեպի թատրոն. չեմ կարող ասել, որ սրանք օգնել են թատրոնին։ Դրանք լուրջ և ծանրակշիռ քայլեր չեն, հանդիսատեսին զարգացնող երևույթներ չեն, դրանք վայրկյանական, փրփուրի էֆեկտ ունեցող քայլեր են։ Այդ առումով չեմ կարող ասել, որ ունենք ձևավորված թատերական հարուստ համայնք։ Եթե ունենք էլ, ավելի շատ մասնագետներ են ընդգրկված, սովորական հանդիսատեսը քիչ տոկոս է կազմում։ Երազում եմ լինի մեծ համայնք։ Բացարձակ իմ նպատակը չէ, որ լինի միայն Սունդուկյան թատրոնի համայնքը։ Լինելով մշակութասեր համայնք՝ կայցելեն մյուս թատրոններ, համերգասրահներ, թանգարաններ։

Dasaran dasakan 7

Այս տարի ծրագիրը կիրականացվի՞։

Այո։ Ամեն տարի նորարարություն ենք մտցնում։ Օրինակ` 2022-ին ունեցանք նաև պարարվեստի, պանտանիմայի կուրս։ Այս տարի էլ, հնարավոր է` նոր խումբ լինի։ Մտածում ենք։

Ի՞նչ տպավորություններով են հեռանում ծրագրի մասնակիցները։

Մի բան գիտեմ՝ իրենք թատրոնով ու արվեստով վարակված են դուրս գալիս այստեղից։

Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմի՞ց։

Այս նախագիծը ֆինանսավորում է բացառապես կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, կառավարությունով է հաստատվում։ Քանի որ այս ծրագիրը շատ դրական արձագանք գտավ հասարակության շրջանում, մրցութային չէ, ուղիղ ֆինանսավորվող ոչ ֆորմալ կրթական ծրագիր է։

Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։

Նաիրա Տիգրանյան

  • Created on .
  • Hits: 175

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: