«Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ» ցուցահանդեսի կատալոգը բացահայտում է անծանոթ Սարյանին

Նկարիչ Մարտիրոս Սարյանը, թեև իր ողջ գործունեության ընթացքում շեշտել է, որ չի սիրում գրքարվեստով զբաղվել, քանի որ բավական աշխատատար է, իր տարերքը հաստոցային գեղանկարչությունն է, սակայն գրող Եղիշե Չարենցի ջանքերի շնորհիվ ներգրավվում է հայկական գրահրատարակչական ոլորտ, ծավալում է  բուռն գործունեություն, ինչի արդյունքում ունենք հարուստ ժառանգություն։ Սակայն այդ ժառանգությունը տարբեր թանգարանների ֆոնդերում ու նկարչի ընտանիքի հավաքածուում է պահվել ու մեծ մասամբ անծանոթ է եղել արվեստասերներին։

2022 թ. նոյեմբերից Հայաստանի Ազգային պատկերասրահում գործում է «Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ» լայնածավալ ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Միքայել Նալբանդյանի, Միխայիլ Լերմոնտովի, Վալերի Բրյուսովի և այլ հայտնի դասականների գրական երկերի պատկերազարդումները: Առանձին սրահներում ցուցադրվում են հայկական հեքիաթների նկարազարդումները, ինչպես նաև համաշխարհային պոեզիայի գլուխգործոց «Շահնամեից» «Ռոստամ և Սոհրաբ» պոեմի շքեղ նկարազարդումները, որտեղ Սարյանի վիրտուոզ վրձինն ու վառ երևակայությունը պարսկական մանրանկարների ոգով կենդանացրել են արևելյան պատումներն իրենց ամբողջ հմայքով ու խորությամբ:

Martiros Saryan katalog 2

Ցուցադրությունն ամբողջացնում են Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի, Գրականության և արվեստի թանգարանի, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի, Հովհաննես Թումանյանի թանգարանի և Հայաստանի ազգային գրադարանի ֆոնդերից գրաֆիկական թերթերն ու գրքերը:

Այսպիսով`  «Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ» էքսպոզիցիան ընդգրկում է 90-ից ավելի գրքային նկարազարդումներ (շապիկ ու  ֆորզաց, անվանաթերթ, ինքնուրույն պատկերազարդում, սկզբնանկար ու վերջանկար), անվանի գրողների պորտրետներ, տպագիր գրքեր, արխիվային լուսանկարներ, իսկ ծավալուն գիտական էքսպլիկացիան վեր է հանում գիտահետազոտական բացահայտումներ ու ճշգրտումներ։ Ցուցահանդեսի համադրողներն են Հայկուհի Սահակյանը, Սեդա Խանջյանը։

Հայաստանի Ազգային պատկերասրահը լույս է ընծայել նաև  «Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ» ցուցահանդեսի եռալեզու կատալոգը, որի շնորհանդեսը կայացավ հունվարի 25-ին։ Այն ամփոփում է շուրջ 90 գրքային բարձրարժեք նկարազարդումներ, անվանի գրողների գեղանկարչական և գրաֆիկական դիմանկարներ, որոնք ուղեկցվում են հետաքրքիր տեղեկություններով և բնագրային մեջբերումներով:

Martiros Saryan katalog 1

Գրքի շնորհանդեսին Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ասաց, որ «Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ» ցուցահանդեսը պարզապես ցուցահանդես չէ, այլ այն նախապատրաստելու ընթացքում հսկայական գիտահետազոտական աշխատանք է տարվել։ Նա նշեց, որ համադրողները մեծ աշխատանք են իրականացրել, բացահայտումներ, ճշգրտումներ արել, հետևաբար, սա որոշակիորեն կարող են կոչել հենց գիտական կատալոգ։

Մ. Հակոբյանի խոսքով, ցուցահանդեսում, կատալոգում լրիվ «ուրիշ Սարյան է», այն Սարյանը չէ, որին այցելուները սովոր են տեսել, որին մեծ մասը ճանաչում է՝ արևոտ լեռների, սարերի, ձորերի, Հայաստանի Սարյան։

«Բացարձակ այլ Սարյան է։ Մեր այցելուները, հատկապես արտասահմանից, ապշում են, որ Սարյանն այսպիսին կարող է լինել։ Իրական բացահայտում է»,- նշեց Մ. Հակոբյանը։

Martiros Saryan katalog 5

Սարյանն ասել է. «Եթե ցուցահանդեսը չի ունենում կատալոգ, ապա այն մոռացվում է և չի մնում պատմության մեջ»։  Կատալոգի շնորհանդեսին ներկա Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, հիշեցնելով Վարպետի այս խոսքերն, ասաց.  «Ուրեմն մենք ներկա ենք շատ կարևոր հանգամանքի, որ կա այս հրաշալի կատալոգը»։

«Իհարկե, գրատպության այն մակարդակը, որն ապահովեցին թե իր անհատականությամբ հրաշալի Եղիշե Չարենցը, թե նրան աջակցող, նրա խանդավառությամբ վարակված հրաշալի նկարիչները, որոնք գրքեր էին հրատարակում հենց այն շրջանում, երբ Չարենցը ղեկավարում էր Հայպետհրատի գեղարվեստական բաժինը, այլևս մենք չունեցանք։ Ունենք չարենցյան գիրք հասկացողություն, որը շատ կարևոր է։ Փաստորեն նաև այդ համագործակցության արգասիք են այս կատալոգը, ցուցահանդեսը»,- ասաց Ռ.Սարյանը։

Martiros Saryan katalog 8

1910–ական թթ. Ռուսաստանում Սարյանի առաջին փորձերը գրքային գրաֆիկայի ասպարեզում նոր շունչ ու բովանդակություն ստացան հայրենիքում, որտեղ Հայպետհրատի գեղարվեստական բաժնի վարիչ Եղիշե Չարենցի նախաձեռնությամբ գրահրատարակչության ոլորտում ներգրավվել էր արվեստագետների մի համաստեղություն՝ Մարտիրոս Սարյան, Հակոբ Կոջոյան, Միքայել Արուտչյան, Տաճատ Խաչվանքյան...

Սարյանը տալիս է գրքարվեստի հիմնական սկզբունքների իր բանաձևը. գիրքը պետք է կառույցի նման օժտված լինի համամասնությունների ներդաշնակ հարաբերություններով, ծավալի ու չափերի միասնությամբ, բաղադրյալ մասերի՝ սկզբնազարդերի, վերջազարդերի, տեքստի ու պատկերների տրամաբանական միահյուսմամբ, «շքամուտքի դեր կատարող սուպերշապիկն ու տիտղոսաթերթը պետք է հոգեբանորեն տրամադրեն գեղեցիկի աշխարհը մտնելուն»։

Martiros Saryan katalog 10

Ազգային պատկերասրահի  հայկական գեղանկարչության բաժնի վարիչ, ցուցահանդեսի համադրող Հայկուհի Սահակյանն ասաց, որ եթե ընդհանրական հայացք են գցում Սարյանի գործունեության վրա, նրա նկարազարդումներում գերակշռում են այն գրողների ստեղծագործությունները, որոնց հետ Սարյանը մտերիմ է եղել, շփվել է՝ Ավետիք Իսահակյան, Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Վահան Թոթովենց, Գուրգեն Մահարի, Մարիետա Շահինյան, ստեղծել է նրանց դիմանկարները, գրքային նկարազարդումներում էլ, կարծես, իր պրիզմայի միջով է անցկացրել՝ այնտեղ դնելով նաև իր անձնական վերաբերմունքը, հույզերը, ընկալումները։

«Կան մի քանի բացառություններ՝ Ֆիրդուսին, Միքայել Նալբանդյանը, որն իր համերկրացին էր. Նոր Նախիջանից էին։ Վարպետը շատ ընդհանրություններ ուներ Նալբանդյանի հետ թե իր ազատասիրական գաղափարներով, թե իր անսպառ ստեղծագործելու լիցքով»,- նշեց Հ. Սահակյանը։

Martiros Saryan katalog 9

Ինչպես հաստոցային գեղանկարչությունում, գրքային նկարազարդումներում էլ, ըստ Հ. Սահակյանի, զգացվում է Սարյանի՝ բնության հանդեպ սերը, հայրենիքի ընկալումը։

«Գրքի փոքր թերթի դաշտում նա փորձել է  խտացնել, ներկայացնել Հայաստանն ամբողջապես, ստեղծել Հայաստանի համայնապատկերը, ինչը տեսնում ենք նաև նրա կտավներում, պետական թատրոնի համար ստեղծված վարագույրում»,- ասաց «Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ» ցուցադրության համադրողը։

Մարինա Հակոբյանը իր խոսքում նաև նշեց, որ շատ կարևոր է  այսօր գրքարվեստի մշակույթը վերակենդանացնել, զարգացնել.  «Բացի  օտարալեզու գրականություն ստեղծելուց, բացի նրանից, որ պարտավոր ենք մեր մշակույթը հանրահռչակել ողջ աշխարհում, այսօր կարևոր խնդիր ունենք գրքարվեստի մշակույթի վերակենդանացման, զարգացման, առաջ տանելու գործում։ Այսօր մեզանում գրահրատարակչական գործունեությունը, հատկապես օտարալեզու՝ երկլեզու, եռալեզու, պետք է առավելագույնս խթանել»։

Martiros Saryan katalog 6

Ազգային պատկերասրահի տնօրենն ասաց, որ անցյալ տարվանից ակտիվացրել են գրահրատարակչական գործունեությունը, այս տարի բացի «Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ» ցուցահանդեսի եռալեզու կատալոգից, 4-5 կատալոգ նախապատրաստական փուլում են գտնվում։

«Մենք այս տարի առաջին անգամ լույս ենք ընծայելու մեր տարեգիրքը և, կարծում եմ,  հետայսու մեր բոլոր ցուցահանդեսները կուղեկցվեն կատալոգներով»,- նշեց Մարինա Հակոբյանը։

Նաիրա Տիգրանյան

  • Created on .
  • Hits: 118

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: