Հանուն ազգային արժեքների և մշակույթի. ՄշակութաMET-ը տոնեց երկուամյակը

Արդեն երկու տարի է, ինչ մշակութային կյանքը սահմանամերձ համայնքներում նոր գույնով է ներկվել։ Ավանդական երգ ու պարից մինչև ձեռագործ աշխատանքներ նոր ձեռագրով ու ոգեշնչմամբ են ստեղծվում։ Դրան միանում է նաև կրթական գործոնը, մշակութասեր կամավորները, որոնցից շատերը մասնագիտացված են իրենց ոլորտում, մեկնում են համայնքներ ու տարածում ազգային արժեքները։ Մշակների՝ Մշակութամետ նախաձեռնության անդամների մասին շատերն են լսել ու վարակվել ազգային արժեքների նկատմամբ մեծ սիրով։ Այս տարի էլ համայքը երկուամյակն է նշում։

ՄշակութաMET-ը գաղափարակից անհատների նախաձեռնություն է, որի կամավորները ամեն շաբաթ` հանգստյան օրերին, մեկնում են սահմանամերձ գյուղեր ու շուրջ 30 առարկա՝ երաժշտական գործիքներ, կիրառական արվեստ, տեսական դասընթացներ դասավանդում տեղի երեխաներին, որոնք զրկված են մշակութային կրթություն ստանալու հնարավորությունից։ Որպեսզի ամուր լինեն հայոց սահմանները, առաջնահերթությունը տրվում է հենց սահմանապահ համայնքներին։ Ազգային երգ ու պարի, արվեստի պատմության, ասեղնագործության խմբակները դարձել են բազմաթիվ երեխաների մշակութային կրթության, դաստիարակության և ոգեշնչման լավագույն հարթակները։

Mshakutamet 1

«2020 թվականի պատերազմից հետո մենք հասկացանք, որ շատ կարևոր է մշակութային, արժեհամակարգային բացը լրացնելը և մեր բոլոր քննարկումներում մենք հանգում էինք կրթական և արժեհամակարգային վերափոխմանը։ Մենք կարծում ենք, որ հասարակության սերուցքը կամավորներն են, մարդիկ, որոնք ոգեշնչված են աջակցել տարբեր նախագծերի։ Եվ մենք` մշակներս, առաքելություն որդեգրեցինք սահմանամերձ համայնքներում կամայական երկու գույների կողքին լինել երրորրդը՝ լուսավորը, որը կօգնի ոգեշնչվել, շարժվել առաջ։ Այժմ շուրջ 100-120 կամավոր է այցելում սահմանամերձ համայնքներ և 30 տարբեր առարկաներ դասավանդում։ Շաբաթվա ընթացքում երկու օր է հատկացվում, բայց մտածում էինք որքանով այն արդյունավետ կդառնա, և սկսեցինք նաև կազմակերպել ծեսեր համայնքներում և՛ համայնքային կյանքին ծանոթանալու, և՛կապեր ձեռք բերելու համար»,- ասում է Մշակութամետի համահիմնադիր Աննա Դանիելյանը։

Mshakutamet 2

Հիշարժան օրվա ընթացքում մշակութամետի խոսնակները կիսվում են գործունեության ընթացքում ունեցած ձեռքբերումներով, փորձությունների, իհարկե, այդ ճանապարհին հսկայական ոգեշնչման մասին։ Խոսնակների թվում էին գրաֆիկ դիզայներ և պատկերազարդող Լևոն Չքոլյանը, որը ներկայացրեց իր կողմից ներդրված «Գրքի պատկերազարդում» առարկայի արդյունքները, Այգեձորի մշակույթի տան համակարգող, այգեձորցի Անահիտ Մակյանը, Կայթ մշակութային հանգույցի հիմնադիր Կորյուն Դավթյանը։ Վերջինս անդրադարձավ մեր օրերում գուցե հաճախ մոռացված, բայց միաժամանակ արդիական՝ ազգային մշակույթում տեղ գտած տոնածիսական համակարգին։ Հենց նման ռազմավարության արդյունքում Մշակութամետի ջանքերով նախորդ տարի Տավուշում մեծ շուքով տոնել են Բարեկենդանի տոնը, որը սահմանամերձ համայնքի աշակերտների համար ազգային արժեքներին մոտենալու հիանալի առիթի է վերածվել։ Հետաքրքիր է, որ ինչպես իրենք են սիրում իրենց անվանել, մշակներն այսպես ցանկանում են ծիսական տարրերը բերել անգամ կենցաղ` ամենուր հիշեցնելով ազգային մշակույթի առանձնահատկությունների մասին։

Mshakutamet 3

Ինչպես Կայթ մշակութային հանգույցի հիմնադիր Կորյուն Դավթյանը նշեց, եթե կա մայրենի լեզու, ապա արդյոք չկա՞ մայրենի մշակույթ։ Հենց մայրենի մշակույթի պահպանումն է, որ դարձել է նախագծի հիմնաքարը։ Այս ճանապարհին միանում են նաև սահմանամերձ համայնքների մշակները։ Նման վառ օրինակ   է այգեձորցի Անահիտ Մակյանը, որը գնացել է երազանքի հետքերով և նույն խորհուրդն էլ տալիս է ազային մշակույթի սիրահարներին։

«Ինչպե՞ս գնալ երազանքի հետքերով. բարդ, բայց հետաքրքիր հարց է, որի ուղղությամբ պետք է քրտնաջան աշխատել։ Մենք ներկայացրել ենք, թե ինչ ազդեցություն է ունեցել Մշակութամետը գյուղում, ոչ միայն երեխաների, այլև նրանց ծնողների վրա։ Եվ իրոք, հսկայական է ազդեցությունը, քանի որ համայնքներում մի շարք խնդիրներ կան և ցանկացած աջակցություն ու ոգեշնչում նպաստում է համայնքներում աշակերտների զարգացմանը ու գուցե նաև հետագայում մասնագիտական ընտրությանը», - ասում է Անահիտ Մակյանը։

Mshakutamet 5

Կարևորելով կրթական գործոնը մշակութային արժեքների պահպանման և տարածման գործում՝ Մշակութամետն իրականացնում է նաև դասընթացների շարք, որում ներառված են ռազմաքաղաքական վերջին իրադարձությունների արդյունքում Երևանում կամ հարակից մարզերում ժամանակավոր բնակություն հաստատած երեխաները, որոնք հաճախել են արվեստի որևէ խմբակի և ստիպված են եղել դադարեցնել ուսումնական գործընթացը։

Մշակների տոնը լեցուն էր ազգային երգ ու պարով, երաժշտությամբ։ Իսկ ամփոփումն արդեն տրվեց սահմանամերձ համայնքների աշխատանքներից կազմված ցուցահանդեսով, որը ներկայացված է Հայաստանի նկարիչների միությունում։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 1667

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: