6 ներկայացում, փառատոներ, հյուրախաղեր. Ստանիսլավսկու թատրոնի ուղին այս տարի ևս հագեցած է

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի խոսքով՝  2022 թվականը բավական բուռն էր թե՛ ստեղծագործական, թե՛ մրցանակների, թե՛ փառատոներին մասնակցելու առումով:

Նախորդ տարվա գրանցած հաջողություններից կարևորը թատրոնի համար «Արտասահմանում լավագույն ռուսական թատրոն» տիտղոսին արժանանալն էր։

Իսկ թե ինչ առաջընթաց է մրցանակը թատրոնի համար, Cultural.am-ի հարցին պատասխանելով՝ թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշեց․ «Այս մրցանակը տրվում է շատ հազվադեպ, դա մեծ պատիվ է, մեծ երջանկություն է թատրոնի համար: Մենք նույնսիկ չէինք սպասում մրցանակին։ Միգուցե դա է, որ մենք շատ ոգևորվեցինք ու նոր ծրագրերով ու գաղափարներով ենք առաջ շարժվում: Այս տարին ևս հագեցած է լինելու պրեմիերաներով»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց նա։

Թատրոնի այս տարվա ծրագրերն ու ներկայացումները բազմաթիվ են։ Մխիթարյանի խոսքով՝ միայն այս գարնանը հանդիսատեսին են ներկայացնելու 6 նոր ներկայացում։ Գարնան սկիզբը թատրոնի համար նա բնութագրում է աննախադեպ։ Մարտի 24-ին, 25-ին, 26-ին բեմ կբարձրանա «Բալզամինովի հարսանիքը» ներկայացումը: Այն բեմադրվում է Աստրովսկու պիեսի հիման վրա: Այս տարի լրանում է Աստրովսկու 200-ամյակը, և թատրոնի համար թիրախային է նրա գործերից մեկը բեմադրելը: «Բալզամինովի հարսանիքը» ներկայացման բեմադրիչը Կարեն Ներսիսյանն է:

«Ապրիլի 2-ին հանդիսատեսի դատին կհանձնվի նոր կատակերգություն: «Երկնագույն կակաչների փունջը» ներկայացման բեմադրիչը Իրինա Հարությունյանն է: Մարիաննա Մխիթարյանը տեղեկացրեց, որ հանդիսատեսի համար անակնկալ է սպասվում: Ապրիլի վերջ սպասվում է ևս մեկ առաջնախաղ: Պիեսի բեմադրությունը սկսել էր երջանկահիշատակ Վահե Շահվերդյանը, ավաղ նա չկարողացավ ավարտին հասցնել աշխատանքը: Աշխատանքներն այժմ ավարտում է Սուրեն Շահվերդյանը: Մարիաննա Մխիթարյանը վստահեցնում է, որ բավական հետաքրքիր ներկայացում է սպասվում»,- ասաց նա։

Մայիսի սկզբին էլ թատրոնը նաև փոքրիկների համար նախատեսված ներկայացում ունի․ կլինի «Մկների ժողովը» մանկական ներկայացման պրեմիերան, որի բեմադրիչը Նունե Կիրակոսյանն է: Մայիսի վերջ ևս մեկ ներկայացում է սպասվում: Հանդիսատեսին կներկայացվի «Զառանցանք երկուսով» ներկայացումը: Այն բեմադրում է Ելենա Վարդանյանը:

Թատրոնի ուղին դեպի փառատոներ նույնպես հետաքրքիր ու հագեցած է այս տարի։

«Տարվա ընթացքում սպասվում է նաև միջազգային փառատոներին ակտիվ մասնակցություն: Ապրիլի 9-ին թատրոնը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք փառատոնին։ Թատրոնը տարիներ շարունակ նաև մասնակցել է Մոսկվայի Չեխովյան փառատոնին, որը աշխարհում լավագույններից է։ Այդ փառատոնին կներկայացնենք «Գարդենիա» ներկայացումը»,- ներկայացրեց թատրոնի տնօրենը։

Նշված փառատոներից բացի, քննարկվում է նաև 3 այլ փառատոներին թատրոնի մասնակցությունը։

«Սպասվող 6 ներկայացումներում ընդգրկված է թատրոնի ողջ անձնակազմը»,- ասուլիսի ընթացքում նշեց Մխիթարյանը։ Նրա խոսքով՝ դերասանական կազմը փորձում է ունենալ հետաքրքիր և նոր դերեր, որպեսզի հանդիսատեսը հնարավորություն ունենա թատրոնում տեսնելու բազմերանգ ներկայացումներ։

Հայաստանի տարբեր մարզերում թատրոնը նույնպես հանդես կգա հյուրախաղերով։ Անցած տարի արդեն եղել են Հրազդանում, Աբովյան քաղաքում, Վանաձորում, Ալավերդիում, Գյումրիում։ Վստահեցնում է՝ մարզային հանդիսատեսը նույնպես հնարվորություն ունի դիտելու թատրոնի տարբեր ներկայացումներ։

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 533

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: