«ԿարդաLove». Գրքասերների տոնը շարունակվում է

Գրքառատ փետրվարը շարունակում է հաղթարշավը։ Գիրքն իրենց լավագույն ընկերը համարող ընթերցասերները վայելում են ամենագրքառատ օրերը, իրենց և ուրիշներին նվիրում սիրելի գրքերը։ Գրքառատ միջոցառումները բազմաթիվ են, այս տարի արդեն դրանց կողքին իրենց կարևոր տեղն են զբաղեցրել նաև փառատոնները։ Գրական մի շարք միջոցառումներ, հանդիպում-քննարկումներ և, իհարկե, գրքասերների համար զեղչեր է պատրաստել «ԿարդաLove» գրքի փառատոնը։ «ԿարդաLove» հարթակի հիմնադիրը Լևոն Ստեփանյանն է։ Ասում է՝ մինչև փառատոնին հասնելը մի շարք գրքառատ միջոցառումներ են կազմակերպել։

Kardalove 1

«Երբ ստեղծեցինք «ԿարդաLove» հարթակը, կազմակերպում էինք մի շարք միջոցառումներ։ Հարթակը ստեղծելուց հետո գաղափար առաջացավ նման փառատոն կազմակերպել` միջոցառումները մեկ ծրագրում միավորելու համար։ Այս անգամ «ԿարդաLove»-ը մեր գրքասեր ընթերցողներին 2 գեղեցիկ գրքառատ օր է պարգևելու։ Շուրջ 20 գրական միջոցառումներ են սպասվում, որոնց շուրջ համախմբվել են գրողներ, գրականագետներ, տարբեր ոլորտների մասնագետներ։ Միջոցառումներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, բացի այդ ընթերցասերներին մեծ զեղչեր են սպաավում»,- ասում է Լևոն Ստեփանյանը։

Kardalove 3

Փառատոնին աջակցում է «Ապրելու» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մանե Թանդիլյանի համար ևս փառատոնը սպասված է։ Թե ո՞րն է սիրելի գիրքը, ասում է՝ չգիտի։ Ոչ թե նրա համար, որ չունի, այլ որ չունի չսիրված գրքեր, չկա այդպիսի գիրք, որ կարդաս մինչև վերջ և այն իր հետքը չթողնի քեզ վրա։ Հետևաբար պետք է արժևորել ընթերցանությունը, կապ չունի թե ինչ գիրք, քանզի յուրաքանչյուր գիրք իր տեղն է ունենալու։

«Գիրք կարդալու սովորույթը մենք պարտավոր ենք ներարկել մեր սերունդներին և երբևէ չմեղադրել նրանց, որ ահա այս սերունդը չի կարդում։ Նրանք շատ էլ լավ կարդում են, ուղղակի մենք պետք է օրինակ ծառայենք և ցույց տանք, թե ինչ դեր ունի այն մեր կյանքում։ Մեր գրադարանները պետք է վերածվեն երեխաների ամենասիրելի վայրերի, կարևոր է, որ դրանք արդիականանան, երեխաներն այնտեղ անցկացնեն օրվա մեծ մասը, և մենք կտեսնենք, որ այդ դեպքում է վերափոխվում մեր հասարակությունը և ինչպես են գրագիտությունը և ընթերցանությունը դառնում նորաձև։ Շատ կարևոր է կարդացած հասարակությունը, քանի որ խորապես համոզված եմ, որ մեր պետականության գոյության հիմնասյունը կարդացած հասարակությունն է։ Մեզ տրված է հնարավորություն մեր ազգի բնատուր խելքը վերածել պետականության ամրապնդման ուղղված միջոց»,- ասում է Մանե Թանդիլյանը։

Kardalove 4

«ԿարդաLove» գրքի փառատոնին մասնակցում է նաև ՄշակութաMET նախաձեռնությունը: «Մշակութամետ»-ի անդամները սահմանապահ համայնքներում դասավանդում են արվեստի բնագավառի մի շարք առարկաներ։ Դրանցից մեկի արդյունքում երեխաները սովորել են ստեղծել, նկարազարդել իրենց սեփական հեքիաթները, որոնք շուտով լույս են տեսնելու առանձին հրատարակությամբ, և յուրաքանչյուրը կունենա հնարավորություն ծանոթանալու սահմանապահ երեխաների լուսավոր երևակայությանը։ Փառատոնի ընթացքում ընթերցասերները հնարավորություն ունեին ձեռք բերել ապագա գրքի հերոսներով էջանիշներ և փոսդքարտեր, որոնց վրա տեղադրված QR կոդերի միջոցով ծանոթանալու ենք Տավուշի Չինարի և Այգեձոր գյուղերի աշակերտների հետ, որոնք պատմում են գաղնիքներ ապագա պատկերազարդ գրքից։

«Մշակութամետ» նախաձեռնության համահիմնադիր Սիմա Օհանյանն ասում է՝ «Մենք ունենք 10-ից ավել հեքիաթներ, որոնք ստեղծել են 7-10 տարեկան աշակերտները։ Դրանք մոտ ապագայում հրատարակվելու են։ Իսկ այսօր «ԿարդաLove»-ի ընթացքում հնարավորություն ունենք ցուցահանդես-վաճառքի ընթացքում ներկայացնելու բազմաթիվ օրինակներ»։

Kardalove 5

Գրքի փառատոնի շրջանակում մի շարք գրքերի շնորհանդեսներից զատ կազմակերպվել էին նաև գրքերի քննարկումներ։ Աշխարհը փոխած կանանց, նրանց յուրատեսակ կացության պայմաններին, մասնագիտական և անձնական մարտահրավերներին անդրադարձան «50 կանայք, որ փոխեցին աշխարհը» մատենաշարի ինտերակտիվ ներկայացում-քննարկման ընթացքում։
Խիստ արդիական ու պահանջարկ վայելող բիզնես կարիերայում դեր ունեցած գրքերն էլ քննարկվեցին «Քո Բիզնես Գիրքը»  պանելային քննարկման ընթացքում, որին միացել էին տարբեր ընկերությունների հիմնադիրներ, ղեկավարներ։ Դե իսկ առանց հայ մեծանունների էլ փառատոնն ուղղակի անկատար կթվար։ Թումանյանի, Շիրվանզադեի, Լեոյի, Սևակի, Չարենցի և Իսահակյանի գրական ու անձնական մի շարք նուրբ թաքնված էջերի մասին ընթերցողներին պատմեց գրականագետ Հովիկ Չարխչյանը։

Ալմաստ Մուրադյան

  

  • Created on .
  • Hits: 590

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: