«Մեր լեզուն մենք ենք, որ կանք». Շիրակացու ճեմարանում մեծ շուքով նշեցին Մայրենի լեզվի օրը

Հայոց լեզուն անաղարտ պահելու կոչով հերթական անգամ մայրենի լեզվի տոնը նշվեց հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Տոնը յուրօրինակ գրական ու երաժշտական շքերթի էր վերածվել «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում։ Մեծամասշտաբ միջոցառումը համախմբել էր կրտսեր և ավագ դպրոցի աշակերտներին, ուսուցիչներին, հյուրերին։ «Երգ ու տաղ» խորհրդանշական խորագրով միջոցառման հիմքում հայ մեծանուն գրողների ստեղծագործություններն էին, ինչպես նաև դրանք ուղեկցող երաժշտական կատարումները։ Պարույր Սևակի խոսքերի հիման վրա ստեղծված «Երևան դարձած իմ Էրեբունի»–ի հնչյունների ներքո տրվեց միջոցառման մեկնարկը։

Mayreni lezvi or 3

Mayreni lezvi or 4

Հանդիսատեսին իր կատարումներով ողջունեց միջոցառման պատվավոր հյուրը՝ երաժիշտ Վահագ Ռաշը։ Վ. Տերյան, Հ. Սահյան, Մ. Մեծարենց. հայ գրողների ստեղծագործությունների հիման վրա երաժիշտը հետաքրքիր երաժշտություն է հյուսել, որոնցից մի քանիսը ներկայացվեցին միջոցառման ընթացքում։ Գեղեցիկ կատարումներին միացավ նաև միջոցառման կազմակերպիչ, ճեմարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի ուսուցիչ Արփինե Խեչիկյանը։ Նա պատմում է, թե ինչպես են գրականության դասաժամերին աշակերտների հետ լսում նաև բանաստեղծական տեքստերով գրված երգերը։ Հենց այդպես էլ միջոցառմանը երաժիշտ Վահագ Ռաշին հրավիրելու միտքն էր ծագել ։ Վահագ Ռաշն ասում է.

«Ինձ համար մեծ պատիվ է ուսումնական հաստատություններում ելույթ ունենալ, հաճախ ենք կազմակերպում նմանատիպ մտերմիկ զրույցներ աշակերտների հետ, և միշտ այդ ամենից մեծ էներգիա և ոգևորություն եմ ստանում, քանի որ այստեղ լրիվ այլ մթնոլորտ է»։

Mayreni lezvi or 6

Mayreni lezvi or 7

Երգչի գրական ստեղծագործությունների հիման վրա ստեղծված կատարումներով ելույթ ունեցան ուսումնական հաստատության սաները։ Աշակերտները գեղեցիկ մատուցմամբ ներկայացրին Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Համո Սահյանի ստեղծագործությունները։ Արևմտահայերենի մելամաղձոտ հնչյուններով մատուցվեցին նաև Միսաք Մեծարենցի ստեղծագործությունները։

Միջոցառման հյուրերի կազմում էին Վանաձորի Րաֆֆու անվան N 19 դպրոցի տնօրեն Անուշ Եդոյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վարդուհի Գևորգյանը, բանաստեղծ, գրականագետ Արթուր Անդրանիկյանը։

Mayreni lezvi or 5

Mayreni lezvi or 8

Հարցին, թե որո՞նք են մայրենի լեզվի պահպանման ճանապարհին հայ ժողովրդի առջև կանգնած մարտահրավերները, բանաստեղծը պատասխանում է.
«Այսօր աշխարհում տեղի է ունենում համաշխարհայնացման գործընթաց, և այդ շարժումն օր օրի իր թափանիվն արագացնում է։ Մենք աշխարհաքաղաքական այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ մեզ համար մարտահրավերներն ավելի շատ են, և ավելի զգայուն պետք է լինենք։ Իսկ պայքարելու համար ազգերը պետք է զորեղացնեն իրենց մշակույթը, մշակութային գործոնով պետք է առանձնանանք աշխարհի տարբեր ժողովուրդներից։ Համաշխարհայնացումը ենթադրում է նաև ձուլում, ուծացում և մշակութային հզոր գործոնը միայն կօգնի, որ այդ ձուլումը կանխենք։ Իսկ դա հնարավոր է հենց լեզվի պահպանմամբ։ Այժմ համաշխարհայնացումն ազդում է նաև սփյուռքի վրա, քանի որ տեղի է ունենում սփյուռքից արտագաղթ, արդյունքում մեր արյունը չի սնվում։ Մեզ համար խնդիրը շատ կարևոր է, և այդ համատեքստում կրթությունն ու մշակույթը պետք է զորակից լինեն։ Տարիներ շարունակ հայ ժողովուրդը մշակույթ է պահել, եկեղեցիներում դեռ 7-րդ դարից Անանիա Շիրակացին իր սաների հետ տոմարագիտություն էր ուսումնասիրում։ Մեսրոպ Մաշտոցը, Կոմիտասը վարդապետներ էին։ Պետք է մեր լեզուն, մշակույթը ամուր պահել»,- ասաց գրականագետը։

Mayreni lezvi or 9

2020 թվականից ձևավորված ավանդույթի հիման վրա ճեմարանը համագործակցում է ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի հետ, որի սաներն իրենց կատարմամբ զարդարում են միջոցառումը։ ԵՊՀ Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը պատմեց մայրենի լեզվի տոնի հետ կապված այլ համագործակցություններից։ Միջոցառումները բազմաթիվ էին նաև Մայր բուհում։

«Օրեր առաջ Թբիլիսիում էինք, համագործակցության հուշագրեր ենք կնքել Վիրահայոց թեմի, Թումանյանի թանգարանի հետ, մեծ միջոցառումներ եղան մայրենիի օրվա առթիվ։ 2019 թվականից համագործակցում ենք նաև Շիրակացու ճեմարանի հետ, և այս տոնը դարձավ մեր երկուստեք համագործակցության լավագույն առիթը։ Վստահ եմ, որ այն շարունակական կդառնա, և վստահ եմ, որ ճեմարանի հետ ևս համագործակցության հուշագրեր կնքենք»,- ասաց Կարինե Դավթյանը։

Mayreni lezvi or 10

Ճեմարանում մայրենի լեզվի տոնին զուգահեռ գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել. պարգևատվում են ճեմարանականները, որոնք խոսում են ոսկեղենիկ հայերենով։ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ղեկավար Անի Մակինյանը հանձնեց պատվոգրերը, ուղերձ հղեց բոլորին։

«Ես ևս միանալով գեղեցիկ խոսքերին, շնորհավորում եմ բոլորիս մայրենի լեզվի տոնի առթիվ, խոսքերը բավական չեն` ներկայացնելու մեր լեզվի գեղեցկությունը։ Միայն մի բան եմ ուզում փաստել ու հիշեցնել, որ ուր էլ որ լինենք, մեր ինքնությունը, մեր լինելիությունը պահպանելու ենք մեր մշակույթով ու լեզվով։ Դրանով ենք ներկայացնելու մեր լեզուն, ուրեմն պետք է սիրենք մեր մայրենի լեզուն և որպես մարտիկներ` յուրաքանչյուր պահի պահպանենք մեր մայրենին»։

Mayreni lezvi or 11

Mayreni lezvi or 2

Միջոցառման մասնակիցների թվում էին նաև ճեմարանի այլազգի սաները, որոնք իրենց մայրենի լեզվով խոսք հղեցին հանդիսատեսին։ Ճեմարանի սաները շնորհավորեցին նաև Արցախի ճեմարանի սաներին և ուսուցիչներին, որոնք չնայած բարդագույն պայմաններին` շարունակում են իրենց կամքի ուժով ամուր պահել հայրենի հողը։

 

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 949

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: