Բախի յոթ մոտետները՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարմամբ

Մարտի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Հովեր» պետական   կամերային երգչախմբի համերգը։ Ծրագրում Յ․Ս․ Բախի  յոթ մոտետներն են, որոնք մեկ համերգի շրջանակում Հայաստանում հնչելու են առաջին անգամ։

Խմբավարներ Սոնա Հովհաննիսյանը և Նարինե Ոսկանյանը անդրադարձել են գալիք համերգին։

Սոնա Հովհաննիսյան

Ինչպես «Հովեր» պետական երգչախմբի գործունեության բոլոր շրջաններում, այսօր ևս, մեր ծրագրերը մշակվում են ըստ ներկայումս երգչախմբի կազմում ընդգրկված երգիչների ունակությունների, ձայների ոճական առանձնահատկությունների և հմտությունների, ինչպես նաև նրանց կողմից այս կամ այն ծրագրին անդրադառնալու առաջարկների։

Անցյալ տարեվերջին, Երևանում և Թիֆլիսում «Վրաստանի սիմֆոնիետտայի» հետ համատեղ, երգչախումբը հաջողությամբ հանդես եկավ նոր՝ բարոկկ ծրագրով, որի շարունակությունը կարելի է համարել Բախի յոթ մոտետները մեկ համերգային ծրագրում ներկայացնելու նախաձեռնությունը։ Ժամանակը կարճ է, և բոլորս հասկանում ենք, որ Գերմանիայում ձևավորված խմբերգային երաժշտության ավանդույթների հարուրամյակների ընթացքում հղկված ոճին ու մտածողությանն անդրադառնալը, նախ և առաջ, մարտահրավեր է։ Այդուհանդերձ, կարծում եմ՝ արժե անգամ ձախողվել, բայց միևնույն է, գնալ այս ճանապարհով։ «Իրական հաճույքը՝ բարդությունն է» (Սենեկա)։

Մեր երգչախմբի գործունեության տարբեր շրջաններում կատարել ենք Բախի բազմաթիվ կանտատներ, 2000-ականներին՝ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» և «Չարչարանքներ ըստ Մաթևոսի» օրատորիաները, (դիրիժոր՝ Զ. Վարդանյան): Ա. Թալալյանի ուսանողական նվագախմբի և գերմանացի մի քանի դիրիժորների հետ համատեղ աշխատանքը ևս իրավունք են վերապահում նախաձեռնել այս ծրագիրը (չնայած, որ երգչախմբի կազմը 90%-ով փոխված է)։

Այսօր մենք առանձնահատուկ օրեր ենք ապրում։ Կարդում ենք, լսում բազմաթիվ հրաշալի կատարումներ՝ անվերջ փորձելով յուրացնել այս պարտիտուրները, որոնք իրենց ողջ հարստությամբ ու հմայքով ներխուժել են մեր կյանք՝ դարձնելով այն ոգեղեն ու պրոֆեսիոնալ առումով՝ բացառիկ։ Բախի երաժշտությունը «հույս է և ամենաանկեղծորեն չհնացող նախասկիզբ», (ընկերներիցս մեկի խոսքով) քրիստոնեական մշակույթի կենդանի ներկայություն, պարզապես՝ մտերիմ ընկեր ու սփոփանք, համամարդկային երաժշտական միջավայրի մեջ յուրաքանչյուրիս մի կաթիլ կյանքի բերկրանքն ապրելու շնորհ։ Բախի մոտետները բազմաթիվ սերունդների երաժշտամտածողության կարևորագույն դպրոց են, հանձինս իր ստեղծողի՝ Բախ-ուսուցչի։

Օրերս Սվետլանա Նավասարդյանին ասացի, որ բոլորս շատ հուզված ենք և անհանգիստ առաջիկա համերգի կապակցությամբ։ Նույնիսկ խնդրեցի չգալ համերգին։ «Առաջին կատարումների մեջ, չնայած բոլոր անկատարությունների, կա մի անկրկնելի բան, որը հետագա՝ առավել հմուտ կատարումների ժամանակ երբևէ չի կրկնվում, իսպառ անհետանում է»․ ասաց նա։ «Ուրեմն՝ եկեք»․ խնդրեցի։

 Hover 2

Նարինե Ոսկանյան

Յ.Ս. Բախի յուրաքանչյուր ստեղծագործության անդրադարձը մեր երգչախմբի համար մշտապես լինում է մեծ սպասումով և սրտի թրթիռով: Բախն այն գագաթն է, որին հասնելով կարողանում ես ինքնամաքրվել, մոտենալ Աստծուն, խորհել հավիտենության մասին և զգալ կատարելության ուժը: Բախն իր ողջ կյանքն ապրեց ծառայելով Աստծուն, և անգամ մահվան և հուղարկավորության առիթներով գրված այս մոտետներում մենք կարող ենք տեսնել այն մեծ հավատն Աստծո հանդեպ, որը շարժիչ ուժ էր Բախի համար: Մահը դիտել ոչ թե կյանքի ավարտ, այլ հավիտենականության սկիզբ, ոչ թե սգալու, այլ մխիթարություն գտնելու և Աստծուն միանալու միջոց: Այստեղ մենք կտեսնենք ցնծություն, փառաբանություն, աղոթք և ապաշխարություն:

Բախի երաժշտությունը գոթական տաճար է, որտեղ արտաքուստ թվացող գերհագեցված պոլիֆոնիկ պատկերներն ու բոլոր զարդարանքներն իրենց ճիշտ դերաբաշխումների շնորհիվ ստանում են այնպիսի թեթևություն, ինչպիսին ստացել է գոթական տաճարն իր կամարների ճիշտ օգտագործման շնորհիվ: Նման այն զարդաքանդակներին, որոնց հարստության շնորհիվ տաճարն ստանում է ամբողջական պատկեր, Բախի երաժշտության մեջ ևս, անգամ ամենափոքր թվացող զարդանախշերի, ռիթմիկ ասիմետրիկ պատկերների կենդանութամբ վեր է խոյանում երաժշտությունն իր ողջ վեհությամբ:

Երբեմն թվում է, թե Բախը փորձել է կատարողի առջև դնել անհաղթահարելի թվացող խնդիրներ, բարդ զարդոլորուն դարձվածքներ, երկարաշունչ ֆրազներ, որոնց կատարումն անշուշտ երաժշտից պահանջում է բարձր պրոֆեսիոնալիզմ և ոճի իմացություն: Դրա հետ մեկտեղ Բախի երաժշտությունն այնպիսի ներդաշնակություն ունի, որ նման մի վարարող գետի, տանում է կատարողին իր անհուններով` անտեսելով բոլոր բարդությունները: Եվ հենց այդ ժամանակ էլ արթնանում է այն ոգին, որն ամենաէականն է հատկապես Բախի ստեղծագործությունների դեպքում:

Բախի երաժշտության մեջ այնքան պատկերայնություն կա, որ այն սկսում է նմանվել նաև գեղանկարին: Սա անշուշտ գալիս է բառի հանդեպ Բախի վերաբերմունքից, թե ինչպես է նա կարողանում յուրաքանչյուր բառի առոգանությունն արտահայտել երաժշտության մեջ: Յուրաքանչյուր երաժշտական միտք, տեխնիկական հնարք արտահայտվում է՝ ենթարկվելով տեքստի բովանդակությանը: Ահա այս բոլորն էլ գերում է մեզ՝ երաժիշտներիս, յուրաքանչյուր անգամ անհագ ծարավով անդրադառնալ Բախի ստեղծագործություններին, ևս մեկ անգամ հնարավորություն ունենալ խոսել Աստծո հետ երաժշտության միջոցով: Բախի երաժշտությունը կրոն է, որ մենք դավանում ենք:

Այս մասին տեղեկացնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից:

Լուսանկարները՝ Դավիթ Գալստյանի։

  • Created on .
  • Hits: 900

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: