Ազգային պատկերասրահում բացվեց Հրանտ Թադևոսյանի հոբելյանական ցուցահանդեսը

Ապրիլի 20-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի (Թաթոսի) 85-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ցուցասրահները մարդաշատ էին, ցուցահանդեսի բացմանը ներկա էին նկարչի մտերիմները, ընկերները, արվեստասերներ, դերասաններ, երաժիշտներ:
Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը նշեց, որ ցուցահանդեսի կոնցեպտը պատահական չէ ընտրված. համադրող Զառա Դիլանյանի հետ բավական երկար են մտածել դրա շուրջ: Ըստ նրա՝ այսօր շատերը կարիք ունեն դրական լիցքերի, հոգևոր լույսի ու արևի, իսկ ցուցահանդեսին ներկայացված գործերը հենց այդպիսին են:
Ցուցադրությունն ընդգրկում է նկարչի տարբեր տարիներին վրձնած բնանկարներ, նատյուրմորտներ, կանանց դիմանկարներ, վերացական պատկերներ:
Վարպետի խոսքով՝ իր 6000 կտավից թանգարանում ներկայացված են 53-ը: Դրանք ընդգրկում են բոլոր ժամանակների ստեղծագործությունները՝ սկսած 1963 թվականից: Ասում է՝ իր ամբողջ արվեստը մարդու մասին ու մարդու համար է, դրանցով ուզում է մարդկանց կապել բնությանը, մարդասիրություն քարոզել:
«Վաղ մանկությունից սկսած, շրջելով Հայաստանի տարբեր անկյուններով, նա իր աչքը վարժեցրել է գեղեցկությանը: Ամեն տեղ, ամեն անկյուն տեսել է բնական գեղեցկությամբ, տեսել է մարդկային հարաբերությունների գեղեցկությունը, և եթե պատերազմ է մղել տգեղությունների և այլանդակությունների դեմ, դրանով հարստացրել է մեր կյանքն ու մեր իրականությունը».- նկատեց գրականագետ Սամվել Մուրադյանը:
Վարպետի վառ ու տաք գույներով աչքի ընկնող կտավներում ակնհայտ են բնության հետ կապը, երևակայությունը, լավատեսությունը, արտաքին աշխարհը յուրովի տեսնելու ու պատկերելու կարողությունը:
Դիմանկարներում գերակշռում են կանանց ֆիգուրները, որոնցում նկարիչը փոխանցում է նրանց զգայական աշխարհը՝ երբեմն մեղմ ու խաղաղ, երբեմն ՝ ալեկոծ ու խենթ:
Գեղանկարիչ Սերգեյ Խաչատրյանի (Սերխաչ) կարծիքով՝ նկարչությունն ու պոեզիան էությամբ նույնն են, և վարպետի բոլոր աշխատանքները կարծես պոեզիա լինեն: «Դրանք երգեր, բանաստեղծություններ են բնության ու սիրո մասին»:
Նշենք, որ Հրանտ Թադևոսյանը Հայաստանի նկարիչների միության, Արվեստի միջազգային ընկերության և Պրոֆեսիոնալ նկարիչների միության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ է:
Նրա աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում, Գերմանիայում, Շվեյցարիայում, ֆրանսիայում, Լոս Անջելեսում և այլուր:
Ցուցահանդեսը բաց կլինի 10 օր:
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 1767