Հայաստանում մեկնարկում է «Արմմոնո» 21-րդ հոբելյանական միջազգային թատերական փառատոնը

Հայաստանում մեկնարկում է «Արմմոնո» 21-րդ հոբելյանական միջազգային թատերական փառատոնը: Այս տարի փառատոնի մասնակից երկրներն են  Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Վրաստանը. կցուցադրվի 20 մոնոներկայացում, որից 7-ը՝ միջազգային ծրագրում։ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այս տարվա ծրագիրը բավական հագեցած է, թիրախում հայ երիտասարդ բեմադրիչներն են, դերասանները, դրամատուրգները, քանի որ փառատոնի համար դա առանցքային է:

«Խնդիր է դրված հանդիսատեսի համար ճանաչելի դարձնել դերասաններին, բեմադրիչներին: Մեր երկրի համար դժվար պահերին անհրաժեշտ է, որ հանդիսատեսն ավելի լավ ճանաչի ու գնահատի և ավելի ճիշտ հասկանա մեր հայկական ներկայացումները և պիեսները»,- ասաց Մարիաննա Մխիթարյանը:

Միջազգային ծրագրում հանդես կգան Անտոն Մոզգալյովը՝ «Դահիճը» (ՌԴ), Յուլիա Կուդրյաշովան՝ «Այն մեկին ո՞վ գիտի» (Ղազախստան), Նազգյուլ Կարաբալինան՝ «Մոնո» (Ղազախստան), Դմիտրի Նիկոլայենկոն՝ «Հեզը» (ՌԴ), Ալեքսեյ Կուլակովը՝ «Լուսնի քաղաքացին» (Բելառուս), Իրինա Մեղվինետուխուցեսին՝ «Ագնեսը. Ուիլլի կինը» (Վրաստան) մոնոներկայացումներով: Տեղական ծրագրում հանդես կգան Վարսենիկ Ավանյանը՝ «Սպասում», Լիլիա Մուկուչյանը՝ «Վարեչկա»,  Մարիամ Մանոն՝ «Ապրե´լ», Արմեն Քուշքյանը՝ «Համլետի երազները» մոնոներկայացումներով: Փառատոնի ընթացքում կներկայացվի «Համլետի երազները» մոնոներկայացումը, որը յուրատեսակ հարգանքի տուրք է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին, քանզի այն բեմադրիչի վերջին աշխատանքն է։

Փառատոնի հյուրն է «Կեսգիշերային նետը» դեբյուտային մոնոներկայացումների թատերական փառատոնի տնօրեն Մարեկ Կոլովսկին Լեհաստանից: Ինչպես Մ. Մխիթարյանն է փաստում, Լեհաստանը ողջ աշխարհում մոնոներկայացումների կենտրոններից մեկն է և թատերական աշխարհի առաջամարտիկներից։ Ահա համագործակցության նոր հնարավորություն է բացվում լեհ գործընկերների հետ: Իսկ Կոլովսկու վարպետության դասը հիանալի փորձառություն կդառնա երիտասարդ մասնագետների համար:

«Մեծ ուրախությամբ եմ մասնակցում «Արմմոնո» փառատոնին: Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել փառատոնին, քանի որ այն ինձ հայտնի է ավելի քան 20 տարի։  Լեհաստանում բազմաթիվ են մոնոդրամաներին, մոնոներկայացումներին նվիրված փառատոնները։ Իսկ մենք որոշեցինք ներկայացնել փառատոն, որտեղ երիտասարդների մասնակցությունը գերակշռելու է, քանզի երիտասարդների միջոցով ենք մենք ցանկանում ներկայացնելու մեր միտքն ու գործը։ Իմ ցանկությունն է, որ Լեհաստանի դեբյուտային երիտասարդ դերասանները կարողանան իրենց մասնակցություն ունենալ փառատոնին: Ամեն ջանք գործադրելու եմ, որ գան այստեղ բեմադրեն լեհական ներկայացումներ: Սա իմ առաջին համագործակցությունն է լինելու «Արմմոնո» փառատոնի հետ»,- ասաց Մարեկ Կոլովսկին:

Փառատոնի շրջանակներում ներկայացումների ցուցադրությունը չի սահմանափակվելու մայրաքաղաքով: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Հայաստանի մյուս քաղաքների թատերասերները մասնակցելու հնարավորություն կունենան: Ներկայացումներ ցուցադրվելու են նաև Գյումրիում և Աբովյանում: Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոօպերա, մոնոդրամա, մոնոդոկ: Մոնոներկայացումները կցուցադրվեն «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Օպերա», «Արմմոնո-Դեբյուտ» խորագրերի շրջանակում։ Փառատոնը նաև համագործակցում է tatron-drama.am կայքի հետ:

«Նախատեսում ենք անցկացնել նաև հատուկ նախագիծ՝ թատերական ընթերցումներ՝ «Բաժանություն հայկական ձևով» խորագրի ներքո, որտեղ կներկայացվեն հայ դրամատուրգների գործեր: Բեմադրիչը Տաթև Ղազարյանն է»,- ասաց Մարիաննա Մխիթարյանը:

Վերափոխվել են նաև փառատոնի ներկայացման հարթակները՝ կայքերը, որպեսզի էլ ավել ներկայանալի լինեն հանդիսատեսին և ներկայացնեն խաղացանկը։ Փառատոնն անցկացվելու է մինչև մայիսի 17-ը, որը Հայաստանում կհամախմբի դերասանների, թատերագետների, դրամատուրգների տարբեր երկրներից։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 469

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: