«Լևիաֆանը» ոչ թե պաթետիկ անվանում է, այլ հստակ նպատակ. Անդրեյ Զվյագինցև

Կինոսերները ապրիլի 26-ից 30-ը հնարավորություն ունեցան դիտելու  ռուս կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի ֆիլմերը: Ռեժիսորի ֆիլմերի հետահայցը կազմակերպել էր «Կինոակումբ Երևանը»: Ֆիլմերի ցուցադրություններից զատ՝ հնարավորություն էր ընձեռնվել հանդիպել ռեժիսորի հետ և քննարկել ֆիլմերը: Ֆիլմերից մի քանիսի քննարկումներին ներկա էր նաև ռուս կինոքննադատ Անդրեյ Դոլինը:

Անդրեյ Զվյագինցևի  «Լևիաֆան» ֆիլմը, ինչպես նշում է կինոքննադատը, ռուսական, և ոչ միայն ռուսական, նոր կինոյում հանդիպող հազվագյուտ դեպք է: Այն դուրս գալու պահից դարձել է կերպար, արտահայտման ձև ու մեմ: «Մարդիկ իրենց խոսքում հաճախ օգտագործում են՝ ահա հերթական «Լևիաֆան»,  և մարդիկ միանգամից հասկանում են, թե ինչի մասին է խոսքը»:

Ֆիլմի գաղափարի մտահաղացումը եղել է այն ժամանակ, երբ ռեժիսորի օգնականներից մեկը պատմել է հետաքրքրական մի դեպք, որ տեղի է ունեցել ԱՄՆ-ում: Զոդող Մարվին Ջոն Հիմեյերը, Գրենբիում (Կոլորադո) ավտոարհեստանոցի տեր  է եղել։ Հողամասի հարցով, որի վրա էր գտնվում իր արհեստանոցը, Mountain Park ընկերության (ցեմենտի գործարան) հետ երկարատև ընդհարումից հետո սարքել է զրահապատ բուլդոզեր և դրանով քանդել ընկերությանը պատկանող 13 շենքեր, որից հետո ինքնասպան է եղել։ Ֆիլմի անվան պատմությունը ևս հետարքրքրական է, ռեժիսորը սկզբում մտածել է, որ «Լևիաֆան» անունը շատ պաթետիկ է: «Մենք գնացինք «Կինոտավր» արդեն հստակ որոշած, որ նկարելու ենք ֆիլմը, և հանկարծ ես համարձակվեցի առաջարկել, որ այդ ֆիլմը պետք է կոչվի «Լևիաֆան»: Հին Կտակարանում այն ​​հանդիպում է Հոբի գրքում՝ վերջին տեսարանում, երբ Տերն ինքը հայտնվում է փոթորիկից և խոսում նրա հետ՝ ի պատասխան Հոբի կրկնվող կանչի։ Այնտեղ է, որ նա հիշատակում է երկու արարածների՝ բեհեմոթին և լևիաթանին, որոնք ստեղծվել են իր կողմից ճիշտ այնպես, ինչպես ողջ տիեզերքը: Ես երկար ժամանակ մտածում էի, որ վերնագիրը շատ պաթետիկ էր, մինչև մի անգամ չհանդիպեցի ընկերուհուս: Երբ նրան ասացի, որ ֆիլմի անունը կոչվում է «Լևիաֆան», նա հիշատակեց Թոմաս Հոբսին: Հետո ես սկսեցի ուսումնասիրել, թե ով է նա և ինչ ստեղծագործություններ է գրել: Ես կարդացի իր «Լևիաթան» գրքից մի փոքր հատված և հասկացա՝ «Լևիաֆանը» ոչ թե ինչ-որ պաթետիկ անվանում է, այլ հստակ նպատակ»,- պատմում է ռեժիսորը: 

Լևիաֆանը ֆիլմ է, որտեղ չկան լավ ու վատ կերպարներ: Այն ֆիլմ է փողի, շահի, մարդկային արժեքների ոտնահարման մասին: Ֆիլմի սցենարը մի քանի անգամ է գրվել, իսկ Ռուսաստանում 2011-2013 թվականների ամբստամբությունները մեծ ազդեցություն են ունեցել սցենարի վրա: Քաղաքը, որտեղ նկարվել է ֆիլմը, այսօր դարձել է զբոսաշրջային տարածք և սկսել է ավելի բարգավաճել, բայց ռեժիսորը այն չի կապում ֆիլմի հետ:

Ֆիլմը չունի «happy end», ըստ ռեժիսորի՝ նրանք չեն ստեղծել ֆիլմում կերպար, որ նման կլիներ մնացած ֆիլմերին, երբ հանդիսատեսը գիտի՝ ինչ սպասել արդեն մի քանի րոպեից: «Լավ ավարտը որոշում չէ: Ես այսպես եմ կարծում, հեռուստադիտողն  իր պատգամն է կարծես ուղարկում կերպարին էկրանից այն կողմ, և հերոսը կարծես այդ ժեստն անում է հեռուստադիտողի համար: Այդ ժեստն արված է, այն կա, բայց ուրիշի՝ ֆիլմի հերոսի ձեռքով, և այն ավելի հզոր է: Եվ ընդհանրապես, անհրաժեշտ չէ ստեղծել կերպար, տալ հանդիսատեսին գոհունակության հաբը, որ ստանում է լավ ավարտի դեպքում: Ավելի լավ է վիրավորել, մաքրել վերքը: Հետո այն դառնում է քո անձնական պատասխանատվությունը, որով դու հետևում ես քո կյանքի իրադարձությունների ընթացքին»,- պատմում է Անդրեյ Զվյագինցևն ու հետո ավելացնում, որ դա այդքան էլ վատ ավարտ չէր: Չնայած կերպարի «գլխին թափվեց ամեն ինչ», բայց նրանք պահպանել են հոգին: «Մարդու գլխին թափվեց ամեն ինչ, Աստված հետ քայլ արեց և Սատանային խնդրեց՝ միայն հոգին պահպանի՛ր, և մենք հոգին պահպանեցինք: Մենք չենք մեջբերում Ատվածաշունչը ֆիլմում, չենք պատմում այնտեղ տեղ գտած պատմություններ: Սա ընդամենը անհավատալի դժբախտ մարդու մասին է, որ բաց է թողնված մարդկային անդունդում: Դա այն ճակատագիրն է, որից նա պրծում չուներ»:  

Կինոքննադատ Անդրեյ Դոլինն էլ ավելացնում է, որ ֆիլմը, չնայած մարդկային հուսալքության, դժբախտության մասին լինելուն, ուղեկցվում է գեղեցիկ բնության պատկերներով, որոնք նոր շունչ ու երանգ են հաղորդում ֆիլմին:

Մերի Հովհաննիսյան

  • Created on .
  • Hits: 662

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: