• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» կատակերգական օպերան հայաստանյան բեմում՝ երիտասարդ արտիստների մասնակցությամբ

Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» կատակերգական օպերան հայաստանյան բեմում՝ երիտասարդ արտիստների մասնակցությամբ

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 12-ին և 15-ին տեղի կունենա հռչակավոր կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» երկու գործողությամբ կատակերգական օպերայի առաջնախաղը: Ներկայացման երաժշտական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, բեմադրող ռեժիսորը և գեղարվեստական հայեցակարգի հեղինակը՝ Օլգա Գուսևան, բեմադրող նկարիչը՝ Ավետիս Բարսեղյանը, խորեոգրաֆը՝ Արա Ասատրյանը, դիրիժորը՝ Հարություն Արզումանյանը: Ներկայացմանը մասնակցելու են Թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի արտիստները:

Մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը «Սիրո ըմպելիք» ներկայացման երաժշտական ղեկավար, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն ասաց, որ հենց ինքն է ընտրել Դոնիցետիի ներկայացումը, և այս օպերան շատ կարևոր է թատրոնի համար։

«Մեր թատրոնն ունի երիտասարդական օպերային ծրագիր։ Մենք որոշեցինք այս պրոեկտն անել հենց երիտասարդների հետ։  Գաղափարն այն է, որ երիտասարդներին սկսենք պատրաստել, նախապատրաստել ապագայում մեր բեմահարթակ բարձրանալու համար և որոշեցինք սկսել Դոնիցետիից։ Իրենց հետ հաջորդ նախագիծը կլինի Մոցարտ։ Երիտասարդները  մեր ապագան են»,- նշեց Կարեն Դուրգարյանը։

Doniceti premiera 2

Նրա խոսքով, թատրոնն ունի շատ տաղանդավոր երիտասարդ ուժեր, որոնց հետ պետք է աշխատել, օգնել, որ նրանց ճանապարհն ավելի հարթ անցնի։

«Մեր երիտասարդները տարբեր թատրոնների հետ շփվելու հնարավորություն ունեն։ Կարծում եմ՝ տարիներ անց ավելի հպարտ կլինենք, որ հայ երիտասարդ ուժերը գրավել են տարբեր հարթակներ»,- ասաց օպերայի և բալետի թատրոնի տնօրենի պաշտոնակատարը։

Կ.Դուրգարյանի ներկայացմամբ, «Սիրո ըմպելիք» կատակերգական օպերան լի է դինամիկ, հումորային, հետաքրքիր իրավիճակներով։

«Մեր ավագ կոլեգաները փորձել են առավելագույնն անել երիտասարդների համար, որպեսզի բեմահարթակում իրենք իրենց զգան հանգիստ, կամաց-կամաց գան օպերային թատրոն՝ իբրև արտիստներ։ Արտիստի բարձրանալու ճանապարհը մենք որոշեցինք Դոնիցետիից սկսել»,- ասաց նա։

Doniceti premiera 3

Կ. Դուրգարյանի համար ուրախալի փաստ է, որ վախվորած երիտասարդները փորձերի ընթացքում բացվում են,  ինքնուրույն գործողություններ են կատարում։ Ըստ նրա, սա վկայում է, որ այսօրվա երիտասարդների մեջ կան ապագա լավ դերասաններ։

Բեմադրության ռեժիսոր Օլգա Գուսևան սովորում է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում, այս տարի կավարտի երաժշտական ռեժիսուրայի բաժինը, աշխատում է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

«Որոշում եղավ, որ հենց նա պետք է բեմադրի»,- ասաց Կարեն Դուրգարյանը։

Ասուլիսին ներկա ռեժիսորի օգնական, խորեոգրաֆ Արա Ասատուրյանն ընդգծեց, որ Օլգա Գուսևան կարևոր ձեռքբերում է մեր թատրոնի համար․ Մարինյան թատրոնի ոգին է բերել Հայաստանի օպերայի և բալետի թատրոն։

«Ներկայացման ընթացքում հանդիսատեսը ցանկացած  պահի բեմի տարբեր անկյուններում կտեսնի հետաքրքիր, ծիծաղելի իրավիճակներ, ինչ-որ չապլինյան ոգի ենք դրել դրա մեջ։  Օպերայի ընդհանուր լուծումը շատ դինամիկ է և պլաստիկ։ Կան նաև պարային հատվածներ»,- կատակերգական օպերայի կառուցվածքը հակիրճ ներկայացրեց Ա. Ասատուրյանը։

Doniceti premiera 4

Կարեն Դուրգարյանն ասաց, որ օպերային թատրոնը գնում է մի ճանապարհով, որը կոչվում է՝  օպերային թատրոնում ոչ միայն երգել, այլ նաև խաղալ։

Նա հայտնեց նաև, որ այս պահին թատրոնում մի քանի նոր ներկայացումների փորձեր են ընթանում, այդ թվում նաև մանկական օպերա, որը, հուսով է, հունիսի 1-ին կներկայացնեն երեխաներին։

«Հանդիսատեսի հետ պետք է աշխատել, այդ իսկ պատճառով  պետք է օպերային թատրոնը տարին մի քանի անգամ մանկական ներկայացումներ բեմադրի, որպեսզի ձևավորենք նոր սերունդ, թատրոն սիրող, ճաշակ ունեցող սերունդ։ Նկատի ունեմ ոչ միայն օպերային թատրոնը, բոլոր թատրոնները, քանի որ մենք այսօր պետք է աշխատենք պարկեշտ քաղաքացի ձևավորելու ուղղությամբ, իսկ ով սիրում է  գալ թատրոն, ինքն այսպես թե այնպես պարկեշտ է»,- ասաց ՀՀ վաստակավոր արտիստը։

Նա վստահ է, որ երեք ամիսը մեկ նոր ներկայացում ունենալը լուրջ շարժ կլինի, թատրոնը վերելք կապրի։

Կ.Դուրգարյանը նշեց, որ պրեմիերաների շարքում անպայման լինելու են նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

«Մենք կունենանք Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ նորովի։ Բայց դա չի նշանակում, որ այն ներկայացումը, որն ունենք,  խաղացանկից դուրս է գալու.  պատմությունը պետք է պահենք»,- ասաց Կարեն Դուրգարյանը։

Նաիրա Տիգրանյան

  • Created on .
  • Hits: 552

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: