Ջազային մայիսի 28 Էջմիածնում. կկայանա Գարի Քյոսայանի ջազ քառյակի համերգը

Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրն է: Այն մեր երկրում, թերևս, միշտ նշվում է մեծ ցնծությամբ և ուղեկցվող տոնակատարությամբ: Այս անգամ օրն էլ ավելի յուրօրինակ է լինելու Էջմիածնում: Գարի Քյոսայանն իր ջազ քառյակի հետ մայիսի 28-ին Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում հանդես կգա ջազային իր հերթական համերգով:

Համերգային ծրագրում հնչելու են ջազմենի հեղինակային ստեղծագործություններն ու համաշխարհային ջազային գեղեցիկ հիթերը: Հատկանշական է, որ «Լույս» երգն առաջին անգամ հնչելու է հենց այդ բեմից: Այն կատարելու է Արիա վոկալ երգչախումբը:

Gari Qyosayan hamerg 2

Քյոսայանի ջազ քառյակի և «Արիա» վոկալ երգչախումբն հետ համերգին մասնակցում է նաև երգչուհի, դերասանուհի Ալլա Սահակյանը: Կազմակերպիչները վստահեցնում են՝ գունեղ ու պայծառ համերգային ծրագիր է սպասվում:

Մեզ հետ զրույցում ջազմեն Գարի Քյոսայանն ասում է, որ իր ցանկությունը տոնին ընդառաջ մեկն է՝ հայ ժողովրդի զարթոնքը:

Gari Qyosayan hamerg 5

«Մենք պետք է հիշենք և երբեք չմոռանանք, թե ումից ենք սերել և ինչ պատմություն կերտել այս տարիների ընթացքում: Պետք է ընդգծեմ այն փաստը, որ համերգային ծրագրի ստեղծագործությունները ևս պատահակ չեն ընտրված, դրանց մեծ մասը մեր հայրենիքին նվիրված գործեր են: Դե իսկ, մեր հանդիսատեսին էլ այդ օրվա համար մաղթում եմ բարձր տրամադրություն ու դրական լիցքեր: Վստահ եմ՝ հիշվող համերգ է լինելու»,- ընդգծում է ջազմենը;

Gari Qyosayan hamerg 3

Դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանն էլ հորդորում է չմոռանալ սեփական ակունքների և հաղթանակների մասին և չնայած եղած դժվարություններին ու պարտություններին՝ նայել առաջ:

«Երբեք չպետք է մոռանանք մեր տեսակը: Մենք պայքարող ենք, չհանձնվող ու չընկճվող: Այսօր ապրելով մեր իրականությունում՝ մենք ավելի քան պարտավոր ենք հավաք մնալ ու գործել ի բարօրրություն մեր ժողովրդի: Ի վերջո, անելով լավագույնը մեր գործում՝ մենք ոչ միայն մեզ, այլև շրջապատողներին երջանկություն ու ուժ ենք տալիս»,- նկատում է նա:

 

Նատալի Մկրտչյան

  • Created on .
  • Hits: 737

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: