Օտտո Դիքսի պատերազմող օֆորտները Հայաստանում են

«Իմ նկարներում միշտ ցույց եմ տալիս, թե ինչ կա իրականում». Օտտո Դիքս

Իրականության հետ առերեսվելու առիթ ստեղծվել է Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում։

Մայիսի 3-ից գործում է գերմանացի հանրաճանաչ գեղանկարիչ և փորագրանկարիչ Օտտո Դիքսի «Դատապարտող փորագրանկար» 1920-1924 լայնածավալ ցուցահանդեսը։

Այն կազմակերպվել է Գերմանիայի Արտաքին կապերի ինստիտուտի (ifa), Երևանում Գյոթե կենտրոնի և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հետ համատեղ։  Նախագծի ղեկավարը Սոնա Հարությունյանն է, իսկ համադրողը՝ Սոնա Հովհաննիսյանը։

Otto Dix 2

Մեծանուն նկարչի հայաստանյան ցուցահանդեսը խորհրդանշում է Գեղարվեստական տպագրության Չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023-ի մեկնարկը։

«Առաջարկը եղել է Գերմանիայի ազգային կապերի ինստիտուտից, որը ստացել էր Գյոթե կենտրոնը։

2022թ․ «Մշակութային երկխոսություն» կազմակերպությունը նշում էր իր 10-ամյա հոբելյանը։ Գյոթե կենտրոնն առաջարկեց,  որ մենք կազմակերպենք այս ցուցահանդեսը մեր հոբելյանի շրջանակում։ Բայց քանի որ դա Դիքսն էր, պետք էր հավուր պատշաճի ներկայացնել, մեզ հարկավոր էր ժամանակ։ Դրա համար խնդրեցինք մեկ տարի»,- ասում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախագահ, նախագծի ղեկավար Սոնա Հարությունյանը։

Otto Dix 3

Ցուցանադեսին ներկայացված է գեղարվեստական տպագրության 86 աշխատանք, որոնց մի մասը՝ վիմագրություններ են  (քարի վրա փորագրության տեսակ), մյուս մասը՝ օֆորտներ (մետաղի վրա փորագրության տեսակ)։

«Նա այն բացառիկ արվեստագետներից է, որը հավասարազոր տիրապետում էր և՛ փորագրանկարին, և՛ գեղանկարին։ Դիքսը բացառիկ զգացողությամբ հասկացել էր, որ պատերազմը չի կարող վրձնահարել, այլ պետք է անպայման ցինկի կամ քարի վրա փորագրել, և պատերազմական այդ շարքի ազդեցությունը, կարծում եմ, առաջին հերթին պայմանավորված է Դիքսի կողմից ընտրված տեխնիկայով։

Otto Dix 5

Նա նաև վավերագրող էր։ 20-րդ դարասկզբի արվեստագետներն ակամայից էին դառնում վավերագրող, որովհետև ապրում էին այդպիսի պատմական ժամանակաշրջանում։ Իսկ հատկապես  պատերազմին մասնակցած Դիքսը, և արվեստագետները, որոնք համախմբվել էին «Նոր իրեղենություն» (Neue Sachlichkeit) նկարչական խմբում, պատկերման «առարկա» էին ընտրել մարդուն, իրականությունը, առօրյան, կյանքը»,- նշում է նախագծի ղեկավարը։

Ցուցադրված գործերն արտացոլում են Առաջին համաշխարհային պատերազմի (1914 -1918թթ.) սարսափը։

Otto Dix 6

«Ես այնքան ռեալիստ եմ, որ պետք է ամեն ինչ իմ աչքերով տեսնեմ, որպեսզի հաստատեմ, որ դա այդպես է։ Ես պետք է ինքս վերապրեմ կյանքի բոլոր սարսափները, անհուն խորքերը. դրա համար ես մեկնեցի պատերազմ»,- ասել է Օտտո Դիքսը։

Վերցնելով Աստվածաշունչը և Նիցշեի հավաքածուն՝ նկարիչը մեկնում է պատերազմ, որի ընթացքում 500-ից ավելի գծանկարներ է ստեղծում։

Otto Dix 7

Հենց պատերազմի ընթացքում արված արձանագրումները, անձնական հուշերը, ապրումները հիմք են ծառայել 1920-1924 թթ. պատերազմի թեմայով «Der Krieg» (Պատերազմ) օֆորտների շարքի ստեղծման համար։ Այս փորագրանկարները պատկերում են պատերազմի տեսարաններ, դրվագներ, մղձավանջներ, հետպատերազմյան հասարակության ենթաշերտեր։

Սոնա Հարությունյանի խոսքով՝ նպատակային է ընտրված հենց այս շարքը։

«Մեր հասարակությունն այսօր այն վիճակում է, որում 20-րդ դարում միջազգային հասարակությունն էր. առաջին համաշխարհային պատերազմն էր։ Համաձայնեցինք ցուցադրել այս շարքը, որպեսզի մեր հասարակությունը հնարավորություն ունենա առերեսվել ինքն իր խնդիրների հետ։ Սովորաբար մարդիկ խուսափում են իրենք իրենց հետ մենակ մնալուց, իրենք իրենց հետ առերեսվելուց, հարցեր տալուց։ Մարդը հակված է ավելի շատ պահանջել դիմացինից։ Իմ անձնական կարծիքն է, որ այսօր Օտտ Դիքսի դատապարտող փորագրանկարը Երևանում հնարավորություն է տալիս հայ հասարակությանը կանգնել հայելու առջև։

Otto Dix 8

Կան մարդիկ, որոնք չեն կարողանում ցուցահանդեսը մինչև վերջ նայել. պետք է ունենալ իրականությունը գիտակցելու խիզախություն, ցավոտ զուգահեռները տեսնելու կարողություն, օրինակ՝ նույն ժամանակահատվածում զինվորները զոհվում են, իսկ հասարակաց տանը խրախճանք է։

Կարելի է ասել հեղինակը սպիտակ ձեռնոց է նետում հանդիսատեսին, արդյոք նա պատրա՞ստ է առերեվելու այն ամենի հետ, ինչն անում է,  բայց չի ուզում գիտակցել, որ դա իր քայլերի հետևանքն է։

Դիքսը չէր ստեղծի այս շարքը, եթե ինքը՝ որպես քաղաքացի, չլիներ պատասխանատու իր պետության առջև։ Ինքը՝ որպես քաղաքացի, գիտակցել է՝ ինչքանով է այս պատերազմը վտանգավոր և հետևանքներով լի և կամավորագրվել է պատերազմին։

Otto Dix 9

Մենք այսօր մեր հասարակության մեջ չունենք այդ քաղաքացու գիտակացությունը։ Պետք է հասկանալ, որ այս պատերազմը տեղի չի ունենում մեր հարևանի կյանքում, այն մեր հայրենիքում է։ Յուրաքանչյուրս, անկախ նրանից՝ ով է պետության ղեկավարը, պետք է կամավորագրվենք այս պատերազմին և՛ հոգեբանորեն, և՛ ֆզիկապես, որպեսզի կարողանանք մեր հայրենիքը պաշտպանել»,- ասում է Հարությունյանը։

Հեղինակի ստեղծած օֆորտներում շատ քիչ գործեր կան, որոնցում մարդը իրադարձությունների կենտրոնում չէ։ Դիքսը մեզ թույլ է տալիս հանդիպել այդ մարդուն՝ որպես ռազմաճակատի խեղճ զինվոր՝ տանջահար, վիրավոր, մահացող, խենթ, գազախեղդ։ Եվ նա բաց չի թողնում նաև տուժած քաղաքացիական ազգաբնակչությանը։ Օֆորտների այդ ամբողջ շարքը կարծես սահմռկեցուցիչ «Մահվան պար» լինի։

Otto Dix 10

Նախագծի ղեկավարը ուրախությամբ նշում է, որ ցուցահանդեսից ստացված արձագանքները ոգևորում են։

«Երբ պատրաստվում էինք բացմանը, շատերը բացում էին դուռը և հարցնում՝ իրո՞ք Օտտո Դիքս եք բերել, բնօրինակնե՞ր են։ Այնքան հաճելի է, երբ նույնիսկ ֆինանսական աջակցություն չի լինում, բայց այդ բարոյական աջակցությունը ոգևորում է առաջ գնալ և նոր ցուցահանդեսներ կազմակերպել։

Այս ընթացքում հանդիպում ենք մարդկանց, որոնք ժամանակ առ ժամանակ վերադառնում են։ Եվ մեզ համար՝ որպես «Մշակույթների երխոսություն» կազմակերպություն, շատ կարևոր է նաև կրթական բաղադրիչը, և շատ ուրախ ենք, որ ուսանողներ էլ են գալիս։ Ուսանողների համար շատ մեծ հետք կթողնի օֆորտի բնօրինակ աշխատանքները դիտելը, նամանավանդ արդեն դասական դարձած հեղինակի աշխատանքները, խորամուղ լինել յուրաքանչյուր շտրիխին, քերծվածքին, փորագրությանը։ Յուչաքանչյուր աշխատանք պարտադրում է, որ իր առջև մարդ երկար կանգնի, որովհետև այնքան խտացված է թե՛ էմոցիոնալ, թե՛ վարպետության, թե՛ ասելիքի առումով»,- ընգծում է նախագծի ղեկավարը։

Otto Dix 11

Դիքսն ասել է, որ երբեք խաբկանք չի ունեցել, թե իր նկարներով կարող է փոխել մարդկանց, նաև խոստովանել, որ ողջ կյանքի ընթացքում ունեցել է չորս մուսա՝ բնությունը, Նիցշեն, Գյոթեն և Աստվածաշունչը։

Հայ հանդիսատեսը հնարավորություն ունի դիտելու Օտտո Դիքսի «Դատապարտող փորագրանկար» 1920-1924 լայնածավալ ցուցահանդեսը մինչև մայիսի 28-ը։

Գայանե Պողոսյան

  • Created on .
  • Hits: 625

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: