Մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթը

Հունիսի 6-ին` մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Երևանում մեկնարկեց Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթը. քսաներկու դաշնակահարներ յոթ երկրներից կմասնակցեն դասական երաժշտության նշանակալի այս միջոցառմանը։ 

 

Մրցույթը կազմակերպվում է 2003 թվականի հունիսի 6-ից՝ խորհրդանշելով Հայաստանի և աշխարհի 20-րդ դարի խոշորագույն երաժիշտ, հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 100-ամյակը։ Մրցույթին մասնակցում են դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտությունուններով հմտացած երիտասարդ երաժիշտները։ Այս տարի մրցույթում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը՝ 5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը՝  3 հազար ԱՄՆ դոլարին  համարժեք դրամ, սպասվում են նաև հատուկ մրցանակներ։

Aram Khachatryan mrtsuyt 2

Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի միջոցառումները սկսվել են դեռ տարեսկզբին։ Ահա, օրինակ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Միացյալ Թագավորությունում հանդես եկավ համերգներով՝ ներկայացնելով Խաչատրյանի երաժշտությունը: Խաչատրյանական երաժշտության շուրջ համախմբվել էին հայ և օտարազգի երաժշտասերներ:


«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի ջանքերով էլ ֆրանսիական հեղինակավոր Mezzo Tv-ն պատրաստվում է հաղորդում նկարահանել Խաչատրյանի գործունեության վերաբերյալ: Երաժշտի տուն-թանգարանում կազմակերպված լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը արժևորեց կատարված աշխատանքն այդ ուղղությամբ և շնորհավորեց Սիմֆոնիկ նվագախմբին, շնորհակալություն հայտնեց հիմնադրամին։


«Մենք մեծ թափ ենք հաղորդում Արամ Խաչատրյանի միջազգային դիրքավորմանը և ճանաչելիության բարձրացմանը, սակայն կոմպոզիտորի հանրահռչակումը եղել է Սիմֆոնիկ նվագախմբի ամենամյա նպատակադրումը: Հայ կոմպոզիտորական արվեստը և այդ արվեստում Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությունը թե՛ Խաչատրյանին նվիրված փառատոնով, թե՛ մրցույթով չի պայմանավորվել հոբելյաններով, նշանավոր տարեդարձներով, այլ եղել է նվագախմբի քաղաքականությունը։ Արամ Խաչատրյանի արվեստը շտկում է մեր մեջքը»,- շեշտեց փոխնախարարը։

Aram Khachatryan mrtsuyt 3

Վերջինիս խոսքով՝ Խաչատրյանի երաժշտության մեջ մեր երկիրն ու հայի գաղափարն ավելի մեծ են, քան Հայաստանի աշխարհագրական սահմանները, և հիմա Խաչատրյանն այն անունն է, որով մենք դառնում ենք մեծ մշակութային ընտանիքի ու քաղաքակրթությունների լիիրավ անդամ։


Խաչատրյանի անվան մրցույթի գեղարվեստական մրցույթի բացմանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Ջենիֆեր Փայքը։


«Մրցույթի նվաճումը ոչ միայն 19 տարվա պատմությունն է, այլև այն, որ այսօր աշխարհում բազմաթիվ տաղանդներ, որոնք ելույթ են ունենում լավագույն նվագախմբերի, դիրիժորների հետ, հաղթել են մեր մրցույթում, ինչը խոսում է  մրցույթի՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու մասին»,- նշեց Սմբատյանը։


«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը հայտնեց, որ մրցույթի նախընտրական փուլին մասնակցել են տասնյակ երաժիշտներ։


«Նախընտրական փուլը հաղթահարած դաշնակահարները մասնակցելու են երեք փուլի: Առաջին  և երկրորդ փուլերը տեղի կունենան Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, իսկ երրորդ փուլին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ հանդես կգան «Արամ Խաչատրյան» համերգասրահում»,- հավելեց Թովմասյանը։

Aram Khachatryan mrtsuyt 4

Մրցույթի ժյուրիի կազմում են պրոֆեսոր Պավել Գիրիլովը, որը ներկայացնում է Ավստրիան և Գերմանիան, դաշնակահար Վահագ Պապյանը, որը ներկայացնում է Հայաստանն ու Իսրայելը, Կանադայից Ստեֆան Լեմելինը, Սիաոհան Վանը և Սիաոհան Կոնը՝ Չինաստանից, Օքսանա Յաբլոնսկայան՝ ԱՄՆ-ից։ Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրիի նախագահն է Սերգեյ Սարաջյանը, որը կանգնած է մրցույթի կազմակերպման ակունքներում: 

 

«Ինձ համար բոլոր մրցույթների ժամանակ կարևոր հանգամանք է, երբ մասնակիցների մեջ կա առաջատար: Այդ պարագայում որոշում ես, թե ով է նրան մոտ կանգնած մյուս լիդերը: Երբ բոլորն են հավասար, ավելի դժվար է: Առաջին հերթին հաշվի ենք առնում նրանց ունակությունները, տեխնիկական պատրաստվածությունը և այլն: Ես լսել եմ բոլոր մասնակիցներին ու պետք է ասեմ, որ շատ հզոր մրցույթ է սպասվում: Կարծում եմ՝ մեր երաժշտասերների համար հետաքրքիր կլինի»,- ասաց Սարաջյանը։


Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթը կեզրափակվի մայիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 544

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: