Դմիտրի Մասլեևը վարպետության դասեր է անցկացնում երիտասարդների համար
Հայաստանում է Պ. Ի. Չայկովսկու անվան միջազգային երաժշտական մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր (2015թ.), դաշնակահար Դմիտրի Մասլեևը։ Այցը կրթամշակութային նշանակություն ունի. հուլիսի 7-12-ին դաշնակահարը վարպետության դասեր է անցկացնում Երևանի և Սյունիքի երիտասարդ երաժիշտների համար։ Երիտասարդ դաշնակահարը Հայաստանում է Primavera Foundation of Armenia-ի հրավերով։ Մասլեևը համառուսական երաժշտական, դաշնակահարների միջազգային (Հռոմ, Իտալիա), մրցույթների դափնեկիր է։ 2015 թվականից Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատարը մենահամերգներ ու ելույթներ է ունենում առաջատար նվագախմբերի հետ։ Երաժիշտը հանդես է գալիս աշխարհի ամենահայտնի դահլիճներում՝ Նյու Յորքի Carnegie Hall-ից մինչև Մյունխենի Gasteig, Տորոնտոյի Koerner Hall-ից մինչև Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճ և Մարիինյան համերգասրահ։ Մասլեևի կարիերայում նոր էջ բացեց Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը, որի կատարմամբ դաշնակահարի միջազգային կարիերան մեծ աճ է գրանցել։
Հայաստանում վարպետաց դասերը չեն սահմանափակվում միայն մայրաքաղաքով. Երևանին միացել են նաև Կապանը, Մեղրին, Ագարակը, Գորիսը։ Մայրաքաղաքում վարպետության դասերն անցկացվում են «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Իսկ Սյունիքում, վարպետության դասերից զատ, կարևոր տեղ են զբաղեցնում նաև հանդիպումները ուսուցիչների հետ:
«Ես շատ լավ եմ հասկանում դաշնակահարների հոգեվիճակն ու ապրումները, քանզի ես նույնպես անցել եմ այդ ճանապարհով։ Մասնագիտական հարցերում երիտասարդներին աջակցելն ու ուղղորդելն անչափ կարևոր է, քանի որ ժամանակին ինձ էլ են օգնություն ցուցաբերել, և հիմա ես պարտավոր եմ նույնն անել գալիք սերնդի համար: Արդեն հասցրել ենք պարապել մի քանի տաղանդավոր երիտասարդների հետ, բոլորը շատ բարդ և ծավալուն ստեղծագործություններ են ներկայացրել։ Իսկզբանե ծրագրած 40-ական րոպեի փոխարեն որոշեցինք ամեն դաշնակահարի հետ պարապել ամենաքիչը մեկ ժամ: Նրանք շատ տաղանդավոր են և արագ են ընկալում ու մեծ եռանդով ջանում են արձագանքել իմ բոլոր նկատողություններին ու ուղղորդումներին»,- ասում է Դմիտրի Մասլեևը։
Տաղանդավոր երիտասարդները մեծ ոգևորությամբ են հաճախում վարպետության դասերին։ Վարպետության դասերի առաջին օրը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից և Երևանի երաժշտական դպրոցներից ընտրված 6 դաշնակահարները, հետևելով վարպետի խորհուրդներին, կատարում են Դեբյուսիի, Ռախմանինովի, Լիստի, Բրամսի ստեղծագործությունները։ Ընտրված մասնակիցներից է նաև երիտասարդ երաժիշտ Շահանե Աղաքարյանը։ Շահանեն այս տարի ավարտել է ԵՊԿ դաշնամուրային բաժնի մագիստրատուրան, աշխատում է Հովեր երգչախմբում։ Ասում է՝ լինելով երաժշտական ասպարեզի ներկայացուցիչ՝ նշանակալի է համարում վարպետության դասերի դերը երաժշտի կյանքում։
«Primavera Foundation-ը օրեր առաջ հնարավորություն ընձեռեց մասնակցել Դմիտրի Մասլեևի կողմից անցկացվող վարպետաց դասին։ Ինքս նախընտրեցի կատարել ռուսական ստեղծագործություն (Ռախմանինով էտյուդ-պատկեր op39, no 9)։
Երաժիշտը շատ մեծ տեղ էր տալիս ստեղծագործության մեջ ժամանակի տիրապետմանն ու հավասարակշռվածությանը, ինչպես նաև ռուսական «հարթավայրային» մտածելակերպին բնորոշ լայնաշունչ ֆրազավորմանը։ Բացի Ռախմանինովի ստեղծագործությունից՝ հավելյալ ժամակ ունենալով՝ կատարեցի Մորիս Ռավելի «Ondine»-ը։ Այստեղ խորհուրդ տվեց շատ ավելի մանրազնին մոտենալ դինամիկային, տեմբրալ երանգավորումներին»,- ասաց Շահանե Աղաքարյանը։
Ծրագրի ավարտից հետո սեպտեմբերին Մասլեևը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագագախմբի հետ առաջին անգամ համերգով հանդես կգա Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:
Primavera Foundation of Armenia-ի համահիմնադիր Ելենա Յակովլևայի խոսքով՝ Դմիտրի Մասլեևը հանդիսանում է հիմնադրամի կրթական ակադեմիայի դաշնամուրի բաժնի ղեկավարը և պարբերաբար այցելելու է Հայաստան՝ հետևելու տաղանդավոր երիտասարդների աճին։ Նախագծի շրջանակում հիմնադրամը, վարպետության դասեր անցկացնելու համար, կազմակերպելու է անվանի դաշնակահարների այցը Հայաստան, որոնց կհրավիրի Մասլեևը:
«Հիմանադրամի նպատակն է, որ երիտասարդ սերունդը ոչ միայն հնարավորություն ունենա ստանալ ակադեմիական կրթություն կոնսերվատորիայում և այլ ուսումնական հաստատություններում, այլ նաև պրակտիկ գործող ու հաջողությունների հասած պրոֆեսիոնալներից, որոնք խորհուրդներ կտան ոչ միայն մասնագիտական հարցերում, այլ նաև կուղղորդեն կարիերայի ճիշտ կառուցման գործում: Հայաստանն աշխարհում հայտնի է ողբերգական իրադարձություններով ու դժվար պատմական անցյալով: Մենք ցանկանում ենք նպաստել, որ Հայաստանը ճանաչեն իր հարուստ մշակույթով ու տաղանդավոր հայորդիներով: Այս ուղղությամբ հիմանդրամի կողմից ծավալուն աշխատանքներ են իրականացվելու, որոնց մասին դեռ առիթ կունենանք խոսել»,- ասում է Ելենա Յակովլևան:
2021 թվականից գործող Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամը կարևորում է մշակույթ-կրթություն կապը և տարբեր նախագծերով խթանում է հայ մշակույթի ու արտիստների ճանաչմանը միջազգային հարթակներում, նպաստում հայ երիտասարդ երաժիշտների բացահայտմանն ու զարգացմանը։ Դրանց են ուղղված հիմնադրամի բազմաբնույթ կրթական ծրագրերը կատարողական արվեստի և արվեստի կառավարման բնագավառում։ Հիմնադրամի աջակցությամբ կազմակերպվել են կիթառի դասեր ու համերգներ մայրաքաղաքում, Տավուշի մարզում՝ Նոյեմբերյանում, Իջևանում և Կողբում։ Բարեգործական հիմնադրամը համագործակցում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որի արդյունքում մի շարք ծրագրեր են կյանքի կոչվել։ Մինչ այս երիտասարդների հետ իրենց փորձով են կիսվել դասական «կիթառի արքա» Արտյոմ Դերվոյեդը և դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան։ Վերջինս առաջին անգամ մենահամերգով հանդես եկավ Երևանում, որի տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվելու է Հայաստանի մարզերում դասական երաժշտության բնագավառում երիտասարդ երաժիշտների համար կրթական ծրագրերին աջակցելուն։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 1136