«Կանանց դարն է եկել կինո նկարելու». ավարտվեց «Ոսկե ծիրան» 20-րդ կինոփառատոնը

Հուլիսի 9-16-ը Երևանում տեղի ունեցավ քաղաքի մշակութային կյանքի գլխավոր իրադարձություններից մեկը՝ «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնը: Այս տարի ևս այն հանրությանը ներկայացվեց մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 15-ին Կինոյի տանը, որի ընթացքում հայտնի դարձան փառատոնի հաղթողների անունները:

Մինչ այս կինոփառատոնի և հայ կինոյի 100-ամյակի շրջանակում Շառլ Ազնավուրի հրապարակում՝ հայ կինոյի ականավոր երախտավորների աստղերի կողքին, բացվեց hայ կինոյի հիմնադիր Դանիել Դզնունու պատվո աստղը:

Կինոտոնի ավարտին լավագույն ֆիլմերը արժանացան «Ոսկե» և «Արծաթե ծիրանների»: Փառատոնի փակման երեկույթի գործընկեր «Freedom Broker Armenia»-ն «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում հատուկ մրցանակ և դրամական պարգև շնորհեց Տեսիլ Մեղդիկյանի «Սատանայի գործերից» կարճամետրաժ ֆիլմին (Հայաստան, Եգիպտոս, 2022), որի համաշխարհային պրեմիերան կայացել է Կահիրեի 44-րդ միջազգային կինոփառատոնում (CIFF) 2022 թվականին։

Voske ciran pakum 2

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ Սպիրոս Յակովիդեսի «Սև Քարը»։ «Արծաթե ծիրան» ստացավ Սիման Կայատիի «Շրջմոլիկը»։ Հատուկ հիշատակման արժանացավ Զառա Դվինգերի «Փոքրիկը»։  

Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ Աբաս Ամինիի «Անվերջ սահմանները», «Արծաթե ծիրանի»՝ Մարիամ Չաչիայի և Նիք Վոյթի «Կախարդական լեռը»։ Հատուկ հիշատակման արժանացավ Խալեդ Ժարարի «Նոթեր տեղահանման մասին» ֆիլմը։  

«FIPRESCI» մրցանակ ստացավ Մեհրան Թամադոնի «Իմ վատթար թշնամին»։ 

Voske ciran pakum 3

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը»։ Այն արժանացավ նաև Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին։ Մրցութային այս անվանակարգում «Արծաթե ծիրան» ստացավ Արման Այվազյանի «Քարերը»։ Հատուկ հիշատակման արժանացավ Տիգրան Աղաջանյանի «Դատարկությունը»։

 Փակման արարողության ժամանակ լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահ Լավ Դիասը արժանացավ «Փարաջանովյան թալեր» մրցանակին։

Հիշեցնենք, որ փառատոնի լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմը գլխավորում էր Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» դափնեկիր, ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը։ Փառատոնի պատվավոր հյուրերից էին Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղի կրկնակի դափնեկիրներ Դարդեն եղբայրները, ճապոնացի ռեժիսոր, դերասան, կատակերգու, սցենարիստ, հեռուստահաղորդավար, նկարիչ ու բանաստեղծ, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Տակեշի Կիտանոն, օսկարակիր պրոդյուսեր Ջերեմի Թոմասը։ Փառատոնի հատուկ հյուրերից էին Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախստանցի ռեժիսոր Սերգեյ Դվորցևոյը, Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդատու Ժոել Շապրոնը։

Voske ciran pakum 4

Փառատոնի փակմանը ցուցադրվեց կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի նոր գունաշտկված տարբերակը՝ ֆիլմի ստեղծման 30-ամյակի առթիվ։

 «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, ամփոփելով հոբելյանական տարին, նշեց. «Փառատոնային յուրաքանչյուր տարին անկրկնելի է, ցավոք, նաև ոչ փառատոնային, օրացույցային տարին ու հետևաբար այդ ամենի շուրջ կենտրոնացումը, դրա արտացոլմանը նպաստելը, ժամանակի ոգին զգալն ու կինոյի գործիքակազմով այն փոխանցելը յուրաքանչյուր տարվա առաջնահերթությունը, գրավականն ու մարտահրավերն է»:

Անդրադառնալով փառատոնի շրջանակում ցուցադրված ֆիլմերին, որոնք շոշափում են նաև հայաստանյան ու արցախյան այսօրվա ցավոտ թեմաները՝ նա ասաց, որ կինոյի միջոցով փորձել են ինչ-որ չափով  աշխարհին ճանաչելի դարձնել Հայաստանն ու ներկայիս լրջագույն խնդիրները:  «Փառատոնի բացման «Լուկա» ֆիլմը նաև շրջափակված  Ացախում ցուցադրելը  զուտ հուզիչ գործողություն չէր, այլ հենց որոշակի կիրառական նշանակություն, ուղերձ ուներ աշխարհին»,- ասաց նա:

Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ նաև կինոյի միջոցով աշխարհը ճանաչի Հայստանը: Խոսելով  ցուցադրված ֆիլմերի գեղարվեստականությունից  ու կինոարժեքից՝ նկատեց.  «Բոլորն ուզում են ունենալ «Եռանկյունի», «3 +2», բայց ամեն տարի, ամեն իրավիճակ փոխվում է ու այսօր շատ գեղեցիկ ֆիլմեր են նկարվում: Փառք աստծո, կանայք սկսել են նաև ֆիլմեր նկարել, կանանց դարն է եկել կինո նկարելու»:

Փառատոնից հետո «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրվեն  նաև Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլ կինոփառատոնների  ամենահեղինակավոր  ֆիլմերը:

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 1045

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: