Նվիրում մեծանուն քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանի ծննդյան 105-ամյակին

Այս տարի լրանում է մեծանուն քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկողայոս Նիկողոսյանի ծննդյան 105-ամյակը։ Այս առիթով սեպտեմբերի 14-ին Առնո Բաբաջանյան համերգասրահի երկու ճեմասրահներում բացվեց Վարպետի քանդակների և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը։

«Այս ցուցադրությունը մեզ համար ունի կարևոր երկու հանգամանք՝ միջթանգարանային և միջիստիտուցիոնալ համագործակցություն»,- նշեց Ն .Նիկողոսյան մշակութային հիմնադրամի տնօրեն Սարգիս Հովհաննիսյանը:

Nikoghayos Nikoghosyan 2Nikoghayos Nikoghosyan 3

Նշենք, որ Նիկողոսյան մշակութային  հիմնադրամը Երևանում գործում է արդեն հինգ տարի և այս ընթացքում այն իրակացրել է բազմատեսակ ցուցադրություններ, համերգային նախագծեր, դասախոսություններ,  արվեստին ուղղված ոչ ֆորմալ կրթական ծրագրեր:

Այս ցուցադրության շրջանակում հիմնադրամը համագործակցել է Առնո Բաբաջանյան համերգասրահի, Մոսկվայում գտնվող Նիկո պատկերասրահի ( տրամադրել է 1970-ական թվականների Վարպետի կողմից արված դիմանկարները) և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ (այստեղից բերվել են կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի և Կոմիտաս Վարդապետի  դիմաքանդակները):

Nikoghayos Nikoghosyan 4Nikoghayos Nikoghosyan 5

Ցուցասրահներում կարելի է տեսնել տարբեր նյութերից արված քանդակներ՝ բրոնզ, փայտ, գրանիտ, մարմար, որոնցում հեղինակը պատկերել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին, Կոմիտաս Վարդապետին, գրողներ Ավետիք Իսահակյանին, Միքայել Նալբանդյանին, գրականագետ, թատերագետ Ռուբեն Զարյանին, նկարչուհի Միրել Շահինյանին, դաշնակահար Անթառամ Ահարոնյանին (Արգետինա) և այլոց:

«Կան քանդակներ, որոնք առաջին անգամ են ցուցադրվում, օրինակ՝  Էմմա Ծատուրյանի դիմաքանդակը, իսկ մնացած քանդակները վերականգնելուց հետո պարբերաբար տարբեր ցուցադրությունների միջոցով ներկայացվում են Նիկողոսյան մշակութային հիմնադրամում»,- հավելեց Սարգիս Հովհաննիսյանը:

Nikoghayos Nikoghosyan 6

Նույն օրը՝ ժամը 19։00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ նաև անվանի արվեստագետին նվիրված համերգ։ Ելույթ ունեցավ Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)։

Երեկոյի ընթացքում հնչեցին՝ Օ․ Մեսիանի, Պ․ Վասկսի, Յ․ Մյանտիյառվիի, Ջ․ Տավեների, Ա․ Պյարտի, Ա․ Ավանեսովի, Կ․ Նյուստեդտի ստեղծագործությունները։

Nikoghayos Nikoghosyan 7Nikoghayos Nikoghosyan 8

Համերգը եզրափակվեց  ժամանակակից կոմպոզիտոր Սերգեյ Ախունովի «Exegi Monumentum» ստեղծագործության հայաստանյան պրեմիերայով։ Երկը հիմնված է Հորացիոսի բանաստեղծությունների վրա և նվիրվում է Նիկողայոս Նիկողոսյանի հիշատակին։

Նիկողայոս Նիկողոսյանի դուստրը՝ Գայանե Նիկողոսյանը, որը ղեկավարում է Մոսկվայում գործող «Նիկո» պատկերասրահը (ամփոփված են Վարպետի ավելի քան 70 տարվա ընթացքում արված քանդակները, գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները), խոսելով համերգի և կոմպոզիտոր Սերգեյ Ախունովի «Exegi Monumentum» ստեղծագործության հայաստանյան պրեմիերայի մասին, նշեց, որ իր քրոջ հետ խնդրել են կոմպոզիտորին իրենց հոր հիշատակին նվիրված երաժշտություն ստեղծել, վերջինս ասել է, որ կամերային փոքրիկ ստեղծագործություն կլինի, մինչդեռ  այն վերածվել է  ծավալուն ստեղծագործության, որն էլ հենց հնչեց համերգին:

Nikoghayos Nikoghosyan 12Nikoghayos Nikoghosyan 13

Հավելենք, որ Նիկողայոս Նիկողոսյանը անհատական ցուցահանդեսներ է ունեցել  Լենինգրադում, Թբիլիսիում, Թարուսայում և այլուր, իսկ 2018 թվականի մարտի 1-ին կյանքի վերջին անհատական «Անցնող դասական» ցուցահանդեսը բացվեց Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահում:

Առնո Բաբաջանյան համերգասրահում բացված  հոբելյանական  այս ցուցադրությունը կգործի մինչև հոկտեմբերի 2-ը:

Մարջան  Չոբանյան

  • Created on .
  • Hits: 1290

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: