• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է «Ճանապարհ դեպի մահ. Հայոց ցեղասպանության թեման կերպարվեստում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է «Ճանապարհ դեպի մահ. Հայոց ցեղասպանության թեման կերպարվեստում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը

Ավելի քան մեկ դար է անցել 20-րդ դարասկզբի աշխարհացունց ոճրագործությունից, մինչդեռ պատմական հիշողությունն ու ճանաչման պահանջներն անսասան են և հավերժ արդիական։ Հայոց Ցեղասպանությունը՝ իր թողած պատճառահետևանքային կապերով, քաղաքակրթական ու հոգեբանական պահանջներով կշարունակեն մնալ գեղարվեստի առաջնահերթությունների ու բարձրացված հիմնախնդիրների ծիրում։ Քանզի այստեղ շաղկապված են ազգայինն ու կրոնականը, մարդկայինն ու համամարդկայինը, հոգևորն ու հոգեբանականը, ցավն ու պահանջը, կյանքն ու մահը։ Այսպիսի մի ուղերձ էլ հղում է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացված ցուցադրություններից մեկը։

chanaparh depi mah 9

«Ճանապարհ դեպի մահ. Հայոց ցեղասպանության թեման կերպարվեստում»․ ուրիշ ինչպե՞ս կարելի էր նկարագրել հազարավոր գաղթականների մաքառումներն ու գոյության կռիվը, եթե ոչ մահվան հետ զուգահեռելով։ Սակայն այս ցուցադրության համար ընտրվել է ցեղասպանության միայն մեկ դրվագը՝ հայերի բռնի տեղահանության ընթացքն ու հետևանքները ներկայացնող հայ և օտարազգի գեղանկարիչների գործերը: Ցուցադրված են նաև հունգարացի գեղանկարիչ Գեռո Դադայի, ռուս Կոնստանտին Իստոմինի, ֆրանսիացի Ժան-Լուի Ֆորանի, ֆրանսահայ մեծանուն նկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան), ստամբուլահայ Ասիլվայի (Սիլվա Առաքելյան), լիբանանահայեր Րաֆֆի Թոքատլյանի և Ռաֆֆի Ետալեանի, բելգիահայ Սամվել Ասլանյանի, ֆրանսահայ Ժան-Պիեռ (Հարություն-Պետրոս) Սեֆերյանի, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի և այլ արվեստագետների գործեր։

chanaparh depi mah 4chanaparh depi mah 2

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու Սեդա Պարսամյանն ասում է, որ նպատակն է ներկայացնել ցեղասպանության թանգարանի հավաքածուում տեղ գտած գործերը, ինչպես աշխարհահռչակ, այնպես էլ համեմատաբար քիչ հայտնի նկարիչների մասնակցությամբ։ 25 արվեստագետների 35 ստեղծագործություն է ցուցադրվում, որոնցից 19-ը գեղանկարներ են, մյուսները՝ գրաֆիկական աշխատանքներ։
«Առհասարակ Հայոց Ցեղասպանությունն ապրողների ժառանգներից շատերն աշխարհասփյուռ եղան, նրանցից ոմանք էլ դարձան վրձնի վարպետներ։ Արևմտյան Հայաստանում, Օսմանյան Կայսրության հայաբնակ վայրերում հայերը շարունակական բռնությունների են ենթարկվել, շարունակվել են կոտորածները։ Հայոց ցեղասպանության ծանր հետևանքներն արմատացան հայ գեղանկարիչների գործերում։ Այս թեման տեղ գտավ կերպարվեստում, մոնումենտալ արվեստում, հայ արվեստում ընդհանրապես։ 100-ավոր նկարիչներ համազգային այս թեման ներկայացրին իրենց գործերում։ Այժմ ցուցադրում ենք ժամանակակից նկարիչներ Տիգրան Բարխանաջյանի, Րաֆֆի Ետալեանի, Րաֆֆի Թոքատլյանի, Սամվել Ասլանյանի ստեղծագործությունները, Հովաննես Սեմերճյանի (Ժանսեմ) «Եղեռն» շարքից՝ 3 գործ։ Ներկայացված են նաև 3 այլազգի արվեստագետների գործեր։ Մինչ այս թանգարանում ցուցադրվել են միայն Հովհաննես Սեմերջյանի կտավները, նախորդ տարի էլ ցուցադրվել է ժամանակակից արվեստագետ Ժան-Պիեռ (Հարություն-Պետրոս) Սեֆերյանի «Մահվան քայլերթ» գրաֆիկական աշխատանքների շարքը»,-ասում է Սեդա Պարսամյանը։

chanaparh depi mah 3chanaparh depi mah 4

Ցուցասրահը բացվում է Մեծ Եղեռնի 93-ամյակի հիշատակին նվիրված, արվեստագետ Րաֆֆի Ետալեանի «Վերապրող վկաներ» (2008 թ.) ստեղծագործությամբ։ Այստեղ ահա 301 լիբանանահայեր և համակիր լիբանանցիներ մաս դարձան՝ իրենց դրոշմը դնելով իբրև վկաներ և ժառանգորդներ Մեծ Եղեռնի նահատակների։

Ցուցահանդեսում տեղ է գրավել նաև ռեալիստական ոճի սիրահար և ստեղծագործող Տիգրան Բարխանաջյանի «Փրկվածները» ստեղծագործությունը։ Նկարիչը ևս ազդվել է նախնիների՝ արևմտահայ տատիկի և պապիկի հիշողություններով։ Այս թեմայով ևս մեկ աշխատանք ունի։ Ցեղասպանության 100-ամյակի առթիվ արված կտավը զոհերի սրբադասմանն է նվիրված։ «Սուրբ նահատակների սրբապատկերները» պահպանվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

chanaparh depi mah 5

chanaparh depi mah 6

«Այսօր ցուցադրության ընթացքում իմ աշխատանքը նպատակ ունի փոխանցել վերապրողների տրամադրությունը։ Իմ նախնիները ևս գաղթի ճանապարհն են բռնել և պատմել իրենց հիշողությունները։ Այս առիթով ստեղծված աշխատանքս արվել է Ցեղասպանության 95-ամյակի առթիվ։ Ցուցադրվել է մինչ այս՝ Աշխարհի Հայ Նկարիչների Միություն Կազմակերպության կողմից Ազգային Պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսում»,- ասում է գեղանկարիչը։

chanaparh depi mah 7chanaparh depi mah 8

Հայ ժողովրդի դեմ գործած հալածանքներն ու հոգեկան ծանր բեռը բազմիցս տարբեր գույներով ու ձևերով պատկերվել են մի շարք հեղինակավոր նկարիչների գործերում։ Այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Գևորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը, Եղիշե Թադևոսյանը, Մարտիրոս Սարյանը, Վանո Խոջաբեկյանը, Սարգիս Խաչատուրյանը, Արշակ Ֆեթվաջյանը, Էդգար Շահինը, Երվանդ Քոչարը, Հակոբ Կոջոյանը, Լևոն Թյույունջյանը, Հարություն Կալենցը, Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան), Գառզուն (Գառնիկ Զուլումյան), Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան), Փափազը (Հակոբ Փափազյան), Մինաս Ավետիսյանը, Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Խանջյանը, Սարգիս Մուրադյանը, Սուրեն Սաֆարյանը, Գայանե Խաչատուրյանը և այլք, անմասն չեն մնացել ազգային վշտից և ցավը դարձնելով ուժ՝ արվեստի բացառիկ նմուշներ են ստեղծել։

Ցուցահանդեսն այցելուների համար բաց է մինչև 2024 թվականի ապրիլի 24-ը։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 857

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: