Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմեկնարկի Մանկապատանեկան գրքի ցուցահանդես-տոնավաճառը
Փետրվարի 19-ը` հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, տարիներ շարունակ նշանավորվում է թումանյանական ժառանգության վերակենդանացմամբ, քննարկումներով, ստեղծագործությունների շնորհանդեսով։ Ականավոր գրողի ծնունդը նշանավորվում է նաև որպես գիրք նվիրելու օր։ Այս տարի գրքի օրվան ընդառաջ մայրաքաղաքում և մարզերում սկսվել են միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։
Խոշոր գրքի տոն է սպասվում նաև Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։ Արդեն 20-րդ տարին անընդմեջ փետրվարի 19-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ ու ջանքերով անցկացվում է Մանկապատանեկան գրքի երևանյան ցուցահանդես-տոնավաճառը։ Այս տարի` հոբելյանական տարում, ընդլայնվել է սպասվող անակնկալների շրջանակը։ Սպասվում են գրքերի շնորհանդեսներ, թատերական ներկայացնումներ։ Կրթական ծրագրեր կներկայացնեն Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Մաշտոցյան Մատենադարանը։ Հայաստանյան ավելի քան մեկ տասնյակ հրատարակիչները ներկայացնում են լավագույն մանկական գրքերը։ Գրքատոնի մասին մանրամասները ներկայացվեցին հրավիրված ասուլիսում։ Ըստ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի՝ գրքատոնը բավական պահանջված մշակութային միջոցառում է դարձել։ Տարիների ընթացքում գրքի ցուցահանդես-տոնավաճառն իր ուրույն տեղն է ունեցել մշակութային միջոցառումների շրջանակում։
«Բազմաթիվ զանգեր ու նամակներ ենք ստանում մասնակցության համար, ինչը շատ ոգևորիչ է։ Այս տարիների ընթացքում հրատարակչական գործը բավական զարգացում է ապրել, ինչն արտացոլվում է ցուցահանդես-տոնավաճառի աշխատանքներում։ Եթե սկզբնական տարիներին հրատարակիչները դժվարություն էին ունենում ամեն անգամ նոր գրքեր ներկայացնելու, ապա այժմ բոլորովին այլ պատկեր է։ Հրատարակված գրքերի բազմազանությունն այնքան շատ է, որ չենք հասցնում ձեռք բերել»,- նշեց Ռուզան Տոնոյանը։
Ինչպես նշում է Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանը, Մանկապատանեկան գրքի երևանյան ցուցահանդես-տոնավաճառն այս տարիների ընթացքում իր մեծ դերն է ունեցել մանկական գրքերի հանրայնացման գործում։
«Այսօր շատ է փոխվել հրատարակվող մանկական գրքերի ցանկը։ Բոլոր հրատարակիչները ձգտում են պարբերաբար նոր գրքեր ներկայացնել ընթերցողներին։ Դրա հետ մեկտեղ հրատարակվող գրքերն առանձնանում են որակական տեսանկյունից։ Այնպես որ` հորդորում ենք մեր քաղաքացիներին ակտիվ լինել, գալ, մասնակցել ցուցահանդես-տոնավաճառին ու ոչ միայն ծանոթանալ վերջին տարիների մանկական գրականության միտումներին, այլև ձեռք բերել հետաքրքիր գրքեր զեղչով։ Սպասվում է մինչև 20 տոկոս զեղչ»,- ասաց Մկրտիչ Կարապետյանը։
Բանախոսի խոսքով՝ ընթերցողներից եկած արձագանքն ու պահանջարկը նպաստել են, որ հրատարակիչներն ընդլայնեն նոր գրքերի ցանկը։
Ցուցահանդես-տոնավաճառը կսկսվի փետրվարի 19-ին և ընթերցասերներին իրական տոն կպարգևի մինչև փետրվարի 21-ը։ Հոբելյանական տարվա միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ունկնդրել Թումանյանի պատմվածքների ընթերցանությունը, մասնակցել խաղ-վիկտորինայի։ Անակնկալներ են սպասվում նաև գրադարանի ակտիվ ընթերցողներին։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 629