Երևանում «Լիոնի փոքրիկ երգիչներ» և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբերը համատեղ համերգով հանդես կգան
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Հայաստան է ժամանում «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախումբը։ Ապրիլի 10-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախմբի (ղեկավար՝ Սայմոն Հեբերլե) և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի (ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան) համատեղ համերգը։
Բացի երևանյան համերգից, «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախումբը ապրիլի 12-ին ելույթ կունենա Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում։
Համերգներն իրականացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի համակազմակերպմամբ:
«Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախումբը Հայաստան է գալիս «Կոմիտաս» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։ «Կոմիտաս» փառատոնը Հայաստան է բերում ամբողջ աշխարհից տարբեր խմբերի, «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախմբի այցը հերթական կարևորագույն ծրագրերից է։
«Մենք առաջին անգամ ենք համագործակցում «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հետ։ Երգչախումբն առաջին անգամ է գալու Հայաստան»,- cultural.am-ի հետ զրույցում ասաց «Կոմիտաս» փառատոնի ծրագրերի համակարգող Արմինե Մարտիրոսյանը։
«Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախումբը Հայաստան է գալու բավականին մեծ կազմով՝ 53 հոգի, մեծ մասը տղաներ են։
Նա տեղեկացրեց, որ «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մեծ ծրագրով է գալիս Հայաստան, բայց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հետ երեք օր են անցկացնելու։ Ապրիլի 10-ին «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի հետ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տեղի կունենա համատեղ համերգ, իսկ ապրիլի 12-ին Վանաձորում արդեն մենահամերգով հանդես կգա Ֆրանսիայում մեծ ճանաչում ունեցող երգչախումբը։
«Մենք երգչախմբի հետ անցկացնելու ենք երեք օր՝ համերգի նախապատրաստական աշխատանքներ, կազմակերպելու ենք այցելություն Ծիծեռնակաբերդ, թանգարաններ, առավոտյան տարբեր ծրագրերում հյուր են լինելու»,- ասաց Ա. Մարտիրոսյանը։
Ապրիլի 10-ի համերգը բաղկացած է երկու բաժնից՝ հոգևոր և աշխարհիկ։ Ծրագրում՝ ֆրանսիական, իտալական, անգլիական, սկանդինավյան, գերմանական, իսպանական և այլ ժողովուրդների խմբերգեր։
«Ծրագիրը կազմվել է համատեղ։ Մի բաժնում ելույթ կունենա «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, մյուս բաժնում՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը, իսկ վերջում համատեղ են հանդես գալու»,- ասաց Ա. Մարտիրոսյանը։
Հարցին՝ արդյոք «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը Լիոնում ելույթ ունենալու առաջարկ ստացել է, նա պատասխանեց, որ քննարկման փուլում է, որևէ հստակ բան դեռ չկա։
Միջազգային մրցույթների դափնեկիր, «Եվրոպայի մշակույթի դեսպան» տիտղոսակիր «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը հիմնադրվել է 1992 թվականին։ Երգչախումբն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում։ Մասնակցում է միջազգային փառատոների, մեծ նշանակություն ունեցող պետական ծրագրերի և բարեգործական համերգների։ Երգչախմբային Արվեստի Համաշխարհային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն երգչախմբերից մեկը։ Երգչախմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է խմբավար Տիգրան Հեքեքյանը։
«Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (ղեկավար` Սայմոն Հեբերլե) հանդես է գալիս բավականին հարուստ երգացանկով՝ հնարավորություն տալով ունկնդրին ճանապարհորդել եվրոպական տարբեր երկրների հոգևոր և աշխարհիկ երգերի աշխարհով։
Նաիրա Տիգրանյան
- Created on .
- Hits: 612