Հայաստանում առաջին անգամ կցուցադրվեն Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլուխը և ձեռքը

Հայոց հեթանոսական դիցարանի Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլուխը և ձեռքը, որը պահվում է Բրիտանական թանգարանում, Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից։ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ միջազգային ցուցադրությանն ընդառաջ՝ Բրիտանական թանգարանը և Հայաստանի պատմության թանգարանը օրեր առաջ ստորագրեցին բացառիկ ցուցանմուշի փոխառության պայմանագիրը: Շուրջ վեց ամիս շարունակ կարող եք հետևել ժամանակավոր ցուցադրությանը։

Anahit ardzan 2

Ցուցադրության կազմակերպման աշխատանքներին ծանոթացնելու համար հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց, որ թանգարանը ներկայացնելու է թանգարանի հարուստ հավաքածուներից նշանակալի ընտրանի՝ ժամանակագրական շրջանակն էլ, իհարկե, ընդարձակ է՝ հնագույն ժամանակներից մինչև Քրիստոնեություն և մեր օրեր։
«Հայաստանի պատմության թանգարանը նախկինում համագործակցել է Բրիտանական թանգարանի հետ և իր հավաքածուները ժամանակավոր փոխառության տրամադրել տարբեր միջազգային ցուցահանդեսների շրջանակներում։ Շատ հետաքրքիր է, որ այդ նմուշներից մեկն էլ համադրվել է   Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի ու ձեռքի հետ, որից անմիջապես հետո էլ ծնվել է այն գաղափարը, որ տեղի ունենա նաև հակառակը, այսինքն` կիսանդրիի գլուխը և ձեռքը ցուցադրվի մեր երկրում: Այս հեղինակավոր թանգարանից Հայաստանում առաջին անգամ են ցուցադրվելու նմուշներ՝ հատկապես նման խորհրդանշական և հայ ժողովրդի համար հատուկ նշանակություն ունեցող թանգարանային առարկաները»,- նշեց թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։

Anahit ardzan 1

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն էլ, կարևորելով ցուցադրությունը, ասաց, որ միջազգային մեծածավալ ցուցադրությունը կհետաքրքրի շատերին, քանի որ դասագրքերից արդեն իսկ ծանոթ ենք այդ նմուշներին, իսկ ցուցադրությունը սեփական աչքերով այն տեսնելու բացառիկ հնարավորություն է: Եվ նաև կարևոր է նախապես մեծ աշխատանքներ տանել իրազեկելու ուղղությամբ, որպեսզի մեր հանրության տարբեր շերտերը ունենան հնարավորություն այդ օրերին այցելելու թանգարան և վայելելու ցուցադրությունը: «Իհարկե, պետք է կարևորեմ մեր թանգարանների միջև այս միջազգային համագործակցությունը,  որը շարունակական բնույթ է կրում և կրելու»,- ասաց նախարարը:

Ցուցադրությունը նաև մշակութային համագործակցության և փոխշփումների վառ օրինակ է դառնալու։ Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը ողջունեց նման համագործակցությունը և ասաց, որ գնահատելի է երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդումը:
«Այս ցուցահանդեսը յուրահատուկ հնարավորություն է տալիս Հայաստանի ժողովրդին ծանոթանալու իր մշակութային ժառանգությանը: Նախատեսվող ցուցադրությունը մեր երկրների միջև մշակութային փոխանակման ծրագրի կարևորագույն մասն է: Այն կառուցված է երկու թանգարանների միջև շատ հզոր համագործակցության վրա, որը սկսվել է անցած տարվանից, երբ Հայաստանի պատմության թանգարանը մի քանի նմուշներ է փոխանցել Բրիտանական թանգարանին»,- շեշտեց դեսպանը:

Դեսպանը վստահեցրեց, որ նման համագործակցությունը կնպաստի երկրների միջև երկխոսության զարգացմանը և սահմաններից դուրս մշակութային փոխներգործությանը:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 585

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: