«Ազգային սինեմատեք» կինոթանգարանում բացվեց նկարիչ, երգիծանկարիչ Գեորգի Յարալյանի բացառիկ երգիծանկարների ցուցահանդեսը
Հայաստանում ապրիլի 16-ին նշվում է Հայ կինոյի օրը։ Տոնական օրն ամփոփվում են ոլորտի ձեռքբերումները, նորարարությունները, վերհիշում անցյալը։ Հայ կինոյի օրվա առթիվ Հայաստանի կինոգործիչների միության «Ազգային սինեմատեք» կինոթանգարանում բացվեց նշանավոր նկարիչ, երգիծանկարիչ Գեորգի Յարալյանի բացառիկ երգիծանկարների ցուցահանդեսը:
Երգիծանկարիչ Գեորգի Յարալյանն իր ուղին մամուլի էջերում սկսել է 27 տարեկանից։ Հայտնի են նրա բազմաթիվ պաստառներ, երգիծանկարներ, երգիծական ալբոմներ։ Նրա պատկերազարդմամբ լույս են տեսել ժողովրդական սրախոսություններ (1992), «Գյումրվա անեկդոտները» (1993), «Եզոպոսի առակներ» (1994), «Աշնանային քարավան», շուրջ 450 երգիծական գրքեր, որոնք առանձնանում են նրան բնորոշ երգիծանքով, պատկերայնությամբ։
Ծաղրանկարներով Յարալյանը հանդես է եկել Ոզնի, «Ազգ», «Երևան», «9-րդ հրաշալիք» թերթերում, աշխատակցել է «Կրոկոդիլ» (Մոսկվա), «Քաջ Նազար» (Լոս Անջելես) ամսագրերին։ Մասնակիցն է եղել հանրապետական և արտասահմանյան (Ռուսաստան, Բուլղարիա, Իտալիա, Սիրիա, Իրան, Դանիա, ԱՄՆ) հեղինակավոր ցուցահանդեսների, անհատական ցուցադրությամբ էլ հանդես է եկել Երևանում 1978 թվականին և Դանիայում 2004 թվականին։ Իսկ 1969 թվականին Մոսկվայում «Վիետնամից տեղում քայլով մարշ» և «Խաղաղություն» երգիծանկարների համար պարգևատրվել է «Երգիծանք-69» ցուցահանդեսի մեդալով։
Միջոցառմանը մասնակցում էին նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։ Երիտասարդները ևս ծանոթացան արվեստագետի աշխատանքներին, այդ թվում՝ Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանողներ, ստեղծագործողներ, կինոգործիչներ:
Ցուցահանդեսում տեղ են գտել երգիծանկարիչ Գեորգի Յարալյանի բնօրինակ ստեղծագործությունները․ դրանք ներառում են դիմանկարային կինոերգիծանկարներ կինոյի նշանավոր դեմքերի՝ Ֆրունզե Դովլաթյան, Լաերտ Վաղարշյան, Յուրի Երզնկյան, Ալբերտ Մկրտչյան և այլք։ Ցուցադրված են 19 մեծ և 24 փոքր չափի ստեղծագործություններ։ Հետաքրքիր է, որ բացառիկ ցուցանմուշների մի մասը շուրջ մեկ տարի առաջ «Ազգային սինեմատեք» կինոթանգարանին է նվիրաբերել նկարիչ, անիմատոր Վահրամ Բաղդասարյանը:
Պարզվում է, որ Վահրամ Բաղդասարյանը դրանք հայտնաբերել է պատահականորեն, և տարիներ շարունակ պահպանելով դրանք իր արխիվում՝ երազել, որ դրանք ունենան պատշաճ հանգրվան:
19 մեծ չափի ստեղծագործությունները Վահրամ Բաղդասարյանի նվիրատվությունն է եղել, իսկ 24 փոքր չափի գործերը գտնվում էին Կինոյի տանը, և միասին դարձան ցուցադրության հիմքը։
«Շատ կարևոր է, որ հայ կինոյի մեծերի բնօրինակ դիմանկարները հայտնվեցին իրենց տեղում։ Հայ կինոգործիչների դիմանկարներն են այստեղ պատկերված, որոնք վառ անհատականություններ են եղել, և այս աշխատանքները ևս դրա վկայությունն են։ Երբ իմացա կինոտան թանգարանի մասին և ծանոթացա, որոշեցի, որ շատ լավ կլինի, որ այս գործերն ունենան իրենց տեղը այս թանգարանում։ Թող երիտասարդներն իմանան, տեսնեն, ճանաչեն մեր մեծերին»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 670