Ընթանում է «Արմմոնո» 22-րդ միջազգային թատերական փառատոնը

Այս տարի հերթական անգամ ապրիլը ողողվում է թատերական շնչով։ Ապրիլի 17-ից մայիսի 3-ը կանցկացվի «Արմմոնո» 22-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնի մեկնարկին նախորդած մամուլի ասուլիսում «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը պատմեց, որ այս տարի կցուցադրվեն 20 ներկայացումներ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից։ Իսկ փառատոնն ինքնին լավ հարթակ է դառնում այս ժանրում ստեղծագործողների համար։

«Փառատոնը հատուկ շեշտադրում է երիտասարդ դրամատուրգների, բեմադրիչների, դերասանների գործերը։ Նրանցից ոմանք առաջին քայլերն են կատարում դեպի մեծ բեմեր։ «Արմմոնո»-ն նաև լավ հարթակ է միջազգային ասպարեզ դուրս գալու համար»,- նշեց Մարիաննա Մխիթարյանը։

«Արմմոնո» փառատոնի մեկնարկը տրվելու է ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Սիգրիդ Կարե-Լըկուանդրի «Էդա» մոնոդրամայով։ Ներկայացման բեմադրիչն ու դերասանուհին ֆրանսիացի Լենա Պոգամն է։
«Ներկայացումը ընտանեկան դժվար փուլերի, բռնության մասին է։ Ես ցանկացա պատմել այն մասին, թե ինչպես է երբեմն բռնությունը միախառնվում սիրուն կամ ինչպես է սերն անհետանում՝ տեղը թողնելով բռնությանը։ Ես չէի ցանկանում ներկայացում բեմադրել տղամարդկանց դեմ, բայց ցանկանում էի մատնանշել խնդիրը։ Սա շատ նուրբ թեմա է։ Խնդիրը բարձրաձայնելուց զատ, ներկայացմամբ ուզում եմ լսարանին փոխանցել, որ պետք չէ փակվել, մեկուսանալ։ Այլ անհրաժեշտ է դուռը բացել ու դուրս գալ»,- ասաց Լենա Պոգամը։

Armmono 4

Փառատոնը նաև ֆրանսագիր հեղինակների ստեղծագործությունները ներկայացնելու և արժևորելու հարթակ է։ Օրինակ նախորդ տարի թարգմանված մի շարք գործեր արդեն հայտնի են շատերին և փառատոնի ընթացքում էլ դրանց անդրադարձ կարվի։
«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի ֆրանսիական ծրագրի համակարգող Լուսինե Աբգարյանի խոսքով` «Ավանսեն» ֆրանկոֆոն թատերական ասոցիացիան թարգմանում է ֆրանսագիր հեղինակների, նպատակը թատրոնների խաղացանկը հարստացնելն է։

«Այն հնարավորություն է տալիս, որ մեր դերասանները ծանոթանան ժամանակակից դրամատուրգների հետ, կապեր հաստատեն։ Ուրախ ենք, որ բելգիական պիեսները, որոնք նախորդ տարի թարգմանեցինք, մեծ արձագանք գտան հայ հանդիսատեսի շրջանում։ Եվ ուզում եմ նշել, որ այդ պիեսների հիման վրա արված բեմադրություններ ներկայացվելու են նաև «Արմմոնո» փառատոնի շրջանակում»,- ասաց Լուսինե Աբգարյանը։
Թատերական փառատոնի ներկայացումների մուտքն ազատ է, բեմադրություններ կներկայացվեն Երևանում և Աշտարակում։

Փառատոնին ակտիվ մասնակցում են Հայաստանի բեմադրիչները, դրամատուրգները։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 566

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: