Մեկնարկում է «Newmag summer fest 2024» փառատոնը․ ընթերցասերներին և արվեստասերներին անակնկալներ են սպասվում

Հունիսի 22-ին և 23-ին մեկնարկում է «Newmag summer fest 2024» գրքի  և արվեստի փառատոնը․ այս անգամ գրքասերներն ու արվեստասերները հավաքվելու են Երևանի «Երազ» այգում։

4-րդ անգամ անցկացվող այս միջոցառումը երկու օրերին էլ ընթանալու է ժամը 16։00-ից ու մինչև 23։00-ն: Փառատոնի շրջանակում կազմակերպիչները բավական հագեցած ու բազմաբովանդակ ծրագիր են խոստանում։

Հրատարակչության մուլտիմեդիա բովանդակության ղեկավար Մանու Իրիցյանը հրավիրված մամուլի ասուլիսին մանարամասնում է․ «Ներկայացնելու ենք հրատարակչության գրքերը։ Հատկապես այն գրքերի մեծ մասը, որը մեր ընթերցողների ուշադրության կենտրոնում է եղել։ Շատերը վերահրատարակվել են, և փառատոնի այցելուները հնարավորություն կունենան ձեռք բերել։ Ամբողջ տեսականու համար մինչև 50 տոկոս զեղչ է գործելու»։

Բացի արդեն եղած գրքերից, փառատոնին ընթերցասերներին է ներկայացվելու 4 նոր գիրք․ Հենրի Քիսինջերի «Արհեստական բանականությունը և մարդկության ապագան», Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը հաջորդն է», Քրիստինե Գրիգորյանի «Ավանդական ճաշասեղան. բույրեր, համեր, հուշեր Գավառից» գրքերը։

Միջոցառման կազմակերպիչները չեն անտեսել ֆուտբոլասեր ընթերցողների հետաքրքրությունը, ու նոր գրքերի շարքում ներկայացվելու է նաև Դավիթ Ջիշկարիանի «Կաշվե թիկնոցից մինչև կաշվե գնդակ» գիրքը։

Գրքի շնորհանդեսներից, գրողների հետ հանդիպումներից, պանելային քննարկումներից զատ, փառատոնն անցնելու է համերգով, ներկայացումներով, ցուցահանդեսով, պոեզիայով, ստենդափ շոուներով։ «Newmag»  հրատարակչության ստրատեգիական և հատուկ նախագծերի ղեկավար Գոհար Մանուկյանն էլ ներկայացնում է սպասվող միջոցառումները․ «Այս անգամ ներկայացնելու ենք Վահան Ստեփանյանի Երևանի մասին պատմող արխիվային լուսանկարները։ Ունենալու ենք պանելային քննարկում, որ նվիրված է լինելու «Եվրո 2024»-ին։ Ներկա են լինելու ոչ միայն ֆուտբոլիստներ, այլև ֆուտբոլային մեկնաբաններ, այնպես որ, ֆուտբոլասերները կարող են ամառային այդ հիասքանչ օրը այցելել ու վայելել անակնկալներով լի հանդիպումները»։

Փառատոնի բացումը կատարվելու է Կոմիտասի քառյակի և Ջազ տրիոյի համերգով։

«Newmag»  հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն էլ ասում է, որ փառատոնի շրջանակում ամփոփվելու են նաև Լեռնային Ղարաբաղի գրողների մրցույթի արդյունքները, հայտնի է դառնալու «Newmag Reader’s Prize 2024»-ի մրցանակակիրը։

«Reader’s Prize-ն այս անգամ մրցանակը հանձնելու ենք Ալավերդու քաղաքային գրադարանին, որը տուժել է բնական աղետից։ Այն նոր, թարմ, ընթերցելու համար հարմար գրքերի կարիք ունի։ Եվ ահա մեր գրքերի հավաքածուն հանձնելու ենք դրա կարիքն ունեցող գրադարանին։ Հաջորդն Արցախի գրողների մրցույթի արդյունքների ամփոփումն է։ Հաղթողն արդեն կա, ում անունը կհրապարակվի փառատոնի օրերին։ Արցախցի գրողին հնարավորություն է տրվելու հրատարակել իր ստեղծագործությունների ժողովածուն»։

 Փառատոնի մուտքն ազատ է։

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 329

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: