«Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան»՝ նոր հնարավորություն երիտասարդ դիրիժորների համար

Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար (2021-ից), Եվրոպական միության երիտասարդական նվագախմբի (2015-ից), Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկի, Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի (2016–2022), Օսլոյի ֆիլհարմոնիկի, Մեծ Բրիտանիայի ազգային երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր (2013–2020) Վասիլի Պետրենկոն այս օրերին Հայաստանում է։ Դիրիժորը երաժիշտների հետ կիսվում է մասնագիտական փորձով և հմտություններով։ Տարբեր երկրներից ժամանած երիտասարդ դիրիժորները հնարավորություն ունեին մասնակցելու «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիայի» բացառիկ դասընթացներին․ անհատական փորձեր սիմֆոնիկ նվագախմբի հետ, «Դիրիժորական աշխատանքի գաղտնիքները՝ բեմից դուրս» սեմինար, իսկ նվագախմբային փորձերը և սեմինարը վարում է հենց ինքը՝ Վասիլի Պետրենկոն:

Պետրենկոն ելույթներ է ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիկ, Լայպցիգի Գևանդհաուս, Լոնդոնի սիմֆոնիկ, Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Ֆրանսիայի ազգային նվագախմբերի հետ, ԱՄՆ-ում՝ Բոստոնի, Չիկագոյի, Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբերի հետ: Հանդես է եկել BBC Proms, Էդինբուրգի, Գրաֆենեգգի փառատոներում: Շուրջ 30 օպերային ստեղծագործություններ նա ղեկավարել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Փարիզի ազգային, Ցյուրիխի, Բավարիայի և Միխաիլովյան օպերային թատրոններում և Գլայնդեբուրնի փառատոնում: Պետրենկոն դիրիժորական արվեստի գաղտնիքներ է սովորել նշանավոր դիրիժորներից՝ Իլյա Մուսին, Մարիս Յանսոնս, Յուրի Տեմիրկանով։ 

Հայաստանում առանձնահատուկ դիրիժորական ակադեմիան նախաձեռնել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Primavera Foundation of Armenia հիմնադրամը, որը մինչ այս բազմաթիվ վարպետության դասեր, սեմինարներ և քննարկումներ է կազմակերպել երաժիշտների համար։

Երկու տարվա դադարից հետո դիրիժորը նորից վերադառնում է Հայաստան, համերգով հանդես գալիս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և վարպետության դասեր անցկացնում։ Ակադեմիայի համար ստեղծվել է նվագախումբ՝ բաղկացած Ֆիլհարմոնիկ, «Կանդինսկի» նվագախմբերի և ErazArt ծրագրի երաժիշտներից:

«Շատ կարևոր է, որ երիտասարդ դիրիժորներն աշխատեն իրական նվագախմբի հետ, քանի որ ոչինչ չի կարող փոխարինել նման փորձին: Կկայանա համերգ, որի ընթացքում մասնակիցներից յուրաքանչյուրը կղեկավարի որևէ հատված այն ստեղծագործություններից, որոնց վրա աշխատել ենք նախորդող օրերին։ Երևանում կազմակերպված ակադեմիայի մասնակիցները Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից և այլ երկրներից են: Այս պարագայում ազգային յուրահատկություններ չկան: Դիրիժորությունը ազգություն չի ճանաչում, պահանջում է որակներ և հրաշալի է, որ տարբեր երկրներից երիտասարդներ ցանկանում են զբաղվել այդ բարդ մասնագիտությամբ և պատրաստ են ինքնակատարելագործվել, ինչն այս մասնագիտությունը պահանջում է ամբողջ կյանքի ընթացքում»,- ասաց դիրիժորը:
Համերգների ընթացքում երաժիշտների համար շատ կարևոր է հանդիսատեսի հզոր էներգիան։ Իսկ ինչպես դիրիժորն է նշում՝ այդ էներգիան ավելի շատ զգում ես ոչ թե ծափահարությունների, այլ լռության ընթացքում, երբ հանդիսատեսն ուշադիր ունկնդրում է:

«Ես բեմում մտածում եմ այն երաժշտության մասին, որը մեկնաբանում ենք, մտածում եմ՝ ինչպես այդ օրը, այդ պահին ավելի լավ կատարել տվյալ ստեղծագործությունը, մտածում եմ, թե ինչպես կարող եմ օգնել նվագախմբին հանդիսատեսին հասցնել բոլոր նրբությունները: Ե՛վ նվագախումբը, և՛ դիրիժորը, և՛ հանդիսատեսը կարևոր են համերգին, սակայն կա չորրորդ դերակատարը, որն ամենագլխավորն է. խոսքը կոմպոզիտորի մասին է»,- հավելեց Վասիլի Պետրենկոն: 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը կարևորում է Վասիլի Պետրենկոյի երկրորդ այցը Հայաստան, նրա համագործակցությունը Ֆիլհարմոնիկի հետ:

«Նախորդ անգամ  շատ լավ հարաբերություններ են ստեղծվել մեր երաժիշտների ու դիրիժորի միջև, Պետրենկոն սիրել է Հայաստանը, ուստի այս անգամ ցանկացավ իր ակադեմիան կազմակերպել մեր երկրում: Մենք երիտասարդ դիրիժորների խնդիր ունենք, ուստի պետք է փորձենք այնպիսի հնարավորություններ ստեղծել, որ Հայաստանում դիրիժորներ լինեն, երբ լինեն, նրանց շփումը Պետրենկոյի պես մեծ դիրիժորի հետ լուրջ նշանակություն կունենա տվյալ երիտասարդների ապագայի համար: Չկան դիրիժորներ, որովհետև չկա դպրոց, չկան հնարավորություններ, չկան ուսուցիչներ: Դիրիժորությունը երիտասարդների համար գրավիչ կլինի, եթե նրանք իմանան, որ  սովորելու են, աշխատելու են, վաստակելու են: Գիտեն՝ ինքնաարտահայտվելու դաշտ չկա, չեն ընտրում այդ մասնագիտությունը»,- ասաց Է. Թոփչյանը:

Թոփչյանի խոսքով՝ պետք է լինի հարթակ, որտեղ երիտասարդ դիրիժորները կկարողանան զարգանալ: Ահա ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ քննարկում են Հայաստանում երիտասարդ նվագախումբ ստեղծելու հարցը, որի հետ կաշխատեն միայն երիտասարդ դիրիժորներ: Ըստ նրա՝ դա հրաշալի կրթություն կդառնա ինչպես դիրիժորների, այնպես էլ երաժիշտների համար, որոնք հետագայում կհամալրեն Հայաստանի պրոֆեսիոնալ նվագախմբերը:

«Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիայի» դասընթացները կամփոփվեն այսօր երեկոյան սպասվող գալա-համերգով, որը կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 358

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: